Tert.am-ը գրում է.

Նախիջևանում տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի, Իրակլի Ալասանիայի և Իսմեթ Յըլմազի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում այս երեք երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները որոշել են հավաքները պարբերական դարձնել՝ կես տարին մեկ անգամ: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ 3 երկրները համատեղ ռազմական ուսումնավարժանքներ կանցկացնեն: Ադրբեջանական փորձագիտական շրջանակներում արդեն իսկ կարծիքներ են հնչել, որ այդ երկրները ցանկանում են ռազմական միասնություն ստեղծել, որը ժամանակի ընթացքում կգրավի ՀԱՊԿ-ի մի շարք անդամների: Այս կապակցությամբ Tert.am-ին քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն ասաց, թե դրանում վտանգ չի տեսնում. ըստ նրա՝ սա այն դեպքն է, որ անկյունում մկներ են հայտնվում ու սկսում են ցույց տալ իրենց ներկայությունը։

-Ի՞նչ է այս ամենը նշանակում:


-Այն, որ Վրաստանի պաշտպանության նախարարն ասում է, թե դա իրենց՝ Վրաստանի նախաձեռնությունն է, իրականություն չէ, քանի որ սա Թուրքիայի նախաձեռնությունն է. սա այն ծրագիրն է, որը 2008 թվականի օգոստոսից հետո առաջարկեց Թուրքիան: Բայց անպայման պետք է հիշել, որ մինչ այդ երեք պետությունների միջև քաղաքական դաշինք էր ստեղծվել, որին ռուսները հեգնանքով ГАТ էին կոչում՝ Грузия, Азербайджан, Турция: Իրականում Թուրքիան փորձում է ոչ թե այդտեղ դաշինք ստեղծել, որովհետև Վրաստանը, որպես ռազմական գործընկեր, թույլ է, այլ փորձում է իր բանակը մտցնել այդ տարածքներ։ Որովհետև այն հարցը, որի շուրջ իբրև հանդիպել են, իրականում այդպես չէ, իրականում իսկապես ուզում են ստեղծել ինչ-որ, եթե չասենք ՀԱՊԿ-ի նման, ապա մի ռազմական կազմակերպություն, որը Թուրքիային թույլ կտա այդ պետություններում պահել իր ասկյարներին: Այսինքն՝ այստեղ ամեն ինչ Թուրքիայի թելադրմամբ է տեղի ունենում, ոչ թե մյուս երկու երկրների: Պատահական չէր ընտրված նաև հանդիպման տեղը, որովհետև հայկական Նախիջևանում են հավաքվել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները, որովհետև Թուրքիան ևս մեկ անգամ ուզում է ցույց տալ, որ Նախիջևանը թուրքական տարածք է, կամ Թուրքիայի պատասխանատվության տակ գտնվող տարածք է, որն իրականում ոչ մի փաստաթղթում չկա՝ ո՛չ Կարսի պայմանագրում, ո՛չ էլ մեկ ուրիշ տեղ: Սակայն, այդ գաղափարն առաջ է տարվում Թուրքիայի կողմից, և որ այդ հանդիպումը տեղի է ունեցել Նախիջևանում, դա արդեն ցույց է տալիս, որ եթե չասեմ Հայաստանի դեմ, ապա Հայաստանի հետ ոչ բարեկամական կապեր ունեցող պետություններ են հավաքվել այդտեղ:

-Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ սա Թուրքիա-Ադրբեջան հերթական տանդե՞մն է:

-Հերթական՝ չէ: Եթե ճիշտը խոսենք, այդ տանդեմը երբեք չի էլ քանդվել. հերթական անգամ ցուցադրվում է այդ տանդեմի գոյությունը: Դա միշտ եղել է: Երբ Ադրբեջանը ստեղծվել է, այդ ժամանակ նրանց մեջ ստեղծվել է մի ռազմական պայմանագիր, որը պատմության մեջ ընդհանրապես գոյություն չունի, և հետագայում արդեն, սկսած 1992 թվականից, երբ իշխանության եկավ Էլչիբեյը, անընդհատ նման պայմանագրեր ստորագրվեցին, որոնց մասին իմաստ էլ չկա խոսելու: Քչերը գիտեն, որ 2011թվականին, երբ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվեց ռազմական պայմանագիրը, դրանից մի քանի օր առաջ Ադրբեջանն ու Թուրքիան պայմանագիր ստորագրեցին, որը լրացրած չէր, դա պետք է լրացվեր ըստ այն կետերի, որը պետք է տեղի ունենար Հայաստանի և Ռուսաստանի միջև: Դա էլ շատ հետաքրքիր փաստ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել