Արդեն մեկ տարուց ավելի ա եկեղեցի մտնելուց չեմ խաչակնքվում, մոմ չեմ վառում... Ոմանք դա կբնութագրեն որպես աթեիզմ, ոմանք` ձևականություն, ոմանք` ապազգայնություն, ոմանք` անարգանք եկեղեցու հանդեպ... Ընդամենը եկավ մի պահ, երբ հասկացա, որ ակամայից ոչ միայն շոուի եմ մասնակից լինում, այլև "պարտադրված" ինքնախաբեության բաժակս ա լցվում:

Ինչո՞վ ա արտահայտվում մեր հասարակության մեծամասնության հավատացյալ ու քրիստոնյա լինելը: Եկեղեցի գնալո՞վ, մոմ վառելո՞վ, աղոթելո՞վ, կնքված լինելո՞վ, թե՞ Աստծու անունով երդվելով: Իսկ միգուցե "ոչ մեկս անմեղ չենք"-ո՞վ: Այսինքն` եկեղեցուց դուրս կարելի ա ցուցաբերել ցանկացած վարք, եկեղեցում վառել մոմ, իսկ դուրս գալուց` ազատված լինել մեղքերի՞ց: Իսկ այդ պրոցեսը քանի՞ անգամ ա կարելի կրկնել կյանքի ընթացքում: Լավ, իսկ 10 պատվիրաններն ու մյուս բարոյախրատական ճառերը ո՞ւմ համար են, երբ նրանց մեծագույն մասը ամենօրյա պարբերականությամբ անարգվում են գրեթե բոլորիս կողմից... կամ "կիրառվում" ըստ նպատակահարմարության: Քանի՞ աղանդավոր կա Հայաստանում: 100.000՞, 200.000՞, 300.000՞... Իսկ քանի՞սն են ռեալ կլորիկ գումարի դիմաց պատրաստ աղանդավոր դառնալ: Ու սա Վարդանանց պետերազմով հպարտացող հայ ժողովուրդն ա:

Գումարներ են հատկացնում, նոր եկեղեցիներ են կառուցում... Ո՞ւմ համար եք կառուցում: Որքան մեծ, որքան ճոխ, այնքան ավելի շատ հավատացյալ ու հավա՞տ: Դուք այդ նորակառույց ու կառուցվող եկեղեցիների ճարտարապետությունը տեսե՞լ եք: Վերցնում բետոնե ֆորմա են ստեղծում, ներսից ներկում են, դրսից` սալիկապատում, գագաթին` խաչ դնում, անունն էլ դնում` եկեղեցի: Ախր միջնադարյան ցանկացած «ամենաանշուք» կիսաքանդ մատուռի դիմաց ձեր կառուցած «դղյակները» բացարձակապես ոչինչ են: Այդ գումարներով քանի կիսաքանդ ու վերանորոգման կարիք ունեցող կոթողներ կվերականգնվեին: Վերականգնվո՞ւմ են: Նրանք, որոնք շահութաբե՞ր են: Ճիշտ ա, ինչների՞դ ա պետք էն «սարերի վրայի վանքերը»...

Հերիք չի եկեղեցուց դուրս են բիզնեսով զբաղվում, դեռ մի բան էլ եկեղեցին են բիզնեսի վերածել: Ոչ միայն քաղաքական հնազանդ գործիքի են վերածել, այլև փայատիրության բաշխումներ են կատարում... Ու էս իրավիճակում որոշ հոգևորականներ իրենց թույլ են տալիս հասարակությանը դասեր տալ, հայ լինելու ու բարոյականության ցուցանիշներ ընդգծել... Միգուցե առաջնահերթը ինքնամաքրվե՞լն ա...

Հ.Գ. Թող եկեղեցին որոշում ընդունի, որով կարգելվի եկեղեցում բազմատեսակ մոմերի վաճառքը: Հնարավորինս էժան գնով կվաճառվի կոնկրետ մի տեսակի մոմ: Թե չէ այնպիսի տպավորություն ա մարդկանց մոտ ստեղծվել, որ որքան ավելի հաստ ու շատ մոմ վառեն, այնքան իրենց իղձերը, կամ, լավագույն դեպքում, աղոթքները ավելի արագ լսելի կդառնան երկնքում:

Հ.Գ.Գ. Կանխավ ներողամտություն եմ հայցում մոմ արտադրողներից ու սպառողներից:

Հ.Գ.Գ.Գ. «Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով եկեղեցին վերածել բրածո իրականության մը:», - Վազգեն Ա Վեհափառ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել