Լուսինը նորից թափառում է տանիքներին ու հիշեցնում է, որ օրն ավարտվեց: Այն շղարշի պես սահում է  դեմքիդ վրայով ու քեզ հարց տալիս. իսկ քեզ մոտ այսօր ինչ-որ բան փոխվե՞ց, թե այսօրվա շղարշն էլ ոչինչ չփոխեց դեմքիդ վրա, կյանքումդ, հոգումդ…

Շատ գեղեցիկ մի ստեղծագործության մեջ մի փոքրիկ իշխան ասում էր, որ արթնանալուց ու քեզ կարգի բերելուց առաջ պիտի կարգի բերես քո աշխարհը, քո մոլորակը: Ցավոք, երբեմն մենք մոռանում ենք այս մասին ու ոչ միայն կարգի չենք բերում  մեր աշխարհը, այլև թողնում ենք, որ փոշով պատվեն նրա փողոցները: Այդ փոշին երբեմն կուտակվում է ու չի թողնում շնչել, չի թողնում նորանալ, փոխվել ու առաջ գնալ, ու այսպես հաճախ հերթական օրը գիշեր է դառնում, որ նորից սահի դեմքիդ վրայով, իսկ այնտեղ գուցե կրկին ոչինչ փոխված չլինի, բացի ավելացած փոշուց:
Ու մարդիկ հաճախ բանտում են իրենց՝ վախենալով նորանալ ու փոխվել, նախընտրում են սպասել ճիշտ ժամանակին, դե իսկ ժամանակն էլ ծիծաղելով առաջ է շարժվում, քանզի չկա ճիշտ ժամանակ, այլ կա շարժում ու ժամանակն էլ հոսում է՝ անցյալում թողնելով իրեն այնքան հավատով սպասողներին: Ժամանակը անընդհատ պիտի շարժման մեջ լինի, քանզի եթե կանգ առնի, կանգ կառնի և կյանքը, ու ոչինչ չի ապրի այլևս: Գիտե՞ս, ժամանակը ճիշտ է, քանզի շարժումն է կյանքը, իսկ սպասելը ու կանգառը կյանք չէ երբեք, այլ ավարտ, գուցե ավարտն է դեռ չսկսված կյանքի :
 Իսկ ես չեմ սիրում այն բանտարկյալներին,ովքեր ազատություն են հորինել իրենց համար ու ապրում են հորինված ազատության մեջ, բայց սիրում եմ այն մուրճը, որ չի վախենում կոտրել բանտի ճաղերը ու շարժվել: Բայց ես չեմ սիրում նաև այն ազատին, ով փակել է իրեն՝ իր  իսկ ստեղծած բանտում ու օրեր է գլորում իր ստեղծած ճաղերից այն կողմ:Ու սպաասում է, նորից սպասում անհայտ լուսավոր օրերին…
Մի բան եմ ուզում, ու վստահ եմ, որ այդ դեպքում կդադարեն դոփյունները նույն տեղում: Ուզում եմ, որ արտաքին աշխարհի աղմուկի մեջ չմոռանանք լսել մեր ներքին աշխարհի ձայնը, չմոռանանք մաքրել այն կեղտից, փոշուց, թունավոր խոսքերից, անիրական ժպիտներից ու կեղծիքի քամիներից, և հավատում եմ, որ կյանքը ավելի գեղեցիկ ու շքեղ կդառնա: Ուզում եմ,որ ամեն առավոտ շնորհակալ լինենք նոր օրվա համար ու չարհամարհենք կյանքը, որ մեզ է տրված, չանտեսենք լույսն ու նոր օրը, որ երբ նորից գիշերը գա, միայն ժպիտ լինի մեր դեմքին, մեր աշխարհում, մեր՝ արդեն կարգի բերված մոլորակում:
Լուսնից հարբած աչքերս շատ հեռու տարան մտքերս ու ինձ, բայց այդ հեռուներն ինձ հիշեցրին, որ վաղը թափառական լուսինը նորից հյուր կգա ինձ, ու սահելով քաղաքի տանիքներով, կգա դեպի իմ պատուհանը ու օրվա վերջում կհիշեցնի ինձ այն պարզ հարցը.

Իսկ քեզ մոտ այսօր ինչ-որ բան փոխվե՞ց…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել