ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը այսօր հայտարարել է, որ իրենց ուժերի ներածի չափով պատրաստ են օգնել եղբայրական եզդի ժողովրդին, որն այս օրերին ցեղասպանության է ենթարկվում Իրաքի հյուսիսում իսլամիստների կողմից: Նա նաև նշել է, որ եթե եզդիները Արցախ տեղափոխվելու խնդրանքով դիմեն իրենց, ապա իրենք պատրաստակամ են օգնել նրանց, քանզի եզդի ժողովուրդը դարձել է մեր պատմության ու ճակատագրի մի մասնիկը: Ինչ խոսք, ողջունելի քայլ է: Այն, որ եզդիները դարեր շարունակ մեզ հետ ապրել են մեր տարածաշրջանում և մեր ծանր պահերին մեր կողքին կանգնած են եղել, դրանում կասկած չկա: Եվ մենք պարտավոր ենք մեր ուժերի ու ներկայիս հնարավորությունների ներածի չափով օգնել եղբայր եզդիներին:
Արցախում եզդի փախստականներին բնակեցնելու ու ապաստան տալու հնարավորությունը խնդրահարույց հարց է: ԼՂՀ-ն, լինելով միջազգայնորեն չճանաչված պետություն, եզդիներին սեփական տարածքում բնակեցնելու ու ապաստան տալու շնորհիվ կարող է բարձրացնել սեփական հեղինակությունը միջազգային ասպարեզում, և այդ քայլը իր հերթին կարող է բուռն քննարկման առարկա դառնալ: Չի կարելի բացառել նաև հենց Ադրբեջանի հետ այս հարցում առճակատման հեռանկարը: Այն, թե արդյոք եզդիներին ապաստան տալը ու բնակեցնելը Արցախում, թե Հայաստանի Հանրապետությունում է նպատակահարմար սոցիալ-տնտեսական տեսանկյունից ելնելով, այլ հարց է: Սակայն այստեղ այլ բան կա: Հարցն այն է, որ ԼՂՀ-ն, իրեն համարելով անկախ ու ինքնիշխան պետություն, փորձում է ինքը իր անունից գործել ու յուրովի, որպես առանձին սուբյեկտ, օգնություն ցույց տալ եզդիներին: Եվ սա տրամաբանական ու ստրատեգիական ճիշտ քայլ է Արցախի կողմից:
Ինչևէ, հուսանք, որ եզդիների հանդեպ իրականացվող կոտորածները կկանխվեն ու մեծ չափերի չեն հասնի: Իսկ մենք հնարավորինս աշխատենք օգնել ծանր դրության մեջ հայտնված մեր եղբայր եզդի ժողովրդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել