Այս ֆլեշ-մոբի մեջ եմ արդեն 7 տարի: Երբ առաջին անգամ մի կին հարցրեց երեխայի սեռի մասին, զարմացա, թե ինչին է պետք, ասաց, որ արդեն երկու աղջիկ ունի, եթե սա էլ տղա չլինի` որոշել են չունենալ: Այդ պահին ես ինձ ապագա սպանության մասնակից զգացի: Սարսռացի ու երդվեցի, որ երբեք ու ոչ մեկին երեխայի սեռի մասին տեղեկություն չեմ տա: Գոնե այդ եղանակով հեռու կմնամ անբարեխիղճ էգերից, որ երեխածնության ունակ տարիքի են հասնում, տարրական սեռական դաստիարակություն չունեն և զուրկ են բարոյականությունից այնքան, որ պատրաստ են իրենց նման մեկին, իրենց իսկ ներսում կտրատելուն:
Աբորտն աշխարհում ամենավատ բանն է: Աշխարհում ամենադաժան, ամենասադիստական սպանությունն է: Արդեն ծնված երեխան, որքան էլ փոքր լինի` կարող է բողոքել, լացել, փորձել խուսափել, փախչել: Իսկ այս դեպքում` բանտված, անուժ, թույլ էակին կտրատում են կենդանի-կենդանի… Ի՞նչ անուն տաս Հիպոկրատի երդում տված սպիտակ խալաթավորին, որ կոտլետի պես կտրատում է մի չսկսված կյանք: Ի՞նչ անուն տաս մեկին, ով իր մի քանի րոպեանոց հաճույքից հետո ուզում է ուրիշին` իր ներսում ձևավորվող անպետքին սպանել:
Հ.Գ. Ֆլեշ-մոբի մասնակիցներով լրահոսս այսօր ինձ շատ հուզեց: Միշտ կհիշեմ, թե լուսահոգի ամուսինս ոնց հուզվեց, երբ իմացավ, որ տեստը դրական է և ես երեխայի եմ սպասում: Ոնց էր ինձ գրկած ուրախությունից լալիս, որ այդ տարիքում մեզ նման երջանկություն է սպասվում: Ճիշտ է, ես մի երկու ամիս անց զրկվեցի երկու երջանկություններիցս էլ, բայց անհնարին է մոռանալ այն զգացումը, երբ գիտես, որ քո ներսում էակ կա…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել