Tert.am-ը գրում է.

Մերձմոսկովյան Ալաբինոյում անցկացված տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի թիմային մրցումներում երկրորդ տեղը զբաղեցրած Հայաստանի 12 անդամից բաղկացած հավաքականի անդամներ Սանասար Ծառուկյանը, Գոռ Կարապետյանը և Գևորգ Պալոյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրին իրենց տպավորությունները մրցույթից, սպասելիքներն ու գրանցած արդյունքի շուրջ հայության արձագանքը:

«Չնայած նրան, որ Ադրբեջանը շատ վաղուց է տեսել մեր հնարավորությունները, բայց մենք հնարավորություն տվեցինք թշնամուն մեզ ավելի լավ ճանաչելու և իմանալու, որ գործ ունի մասնագետների հետ»,-ասաց մեխանիկ-վարորդ, շարքային Գոռ Կարապետյանը:

Վերջինիս խոսքով՝ իրենք շատ լավ են վերապատրաստվել են Հայաստանում, բայց ի սկզբանե տեսնելով հակառակորդին՝ մտածել են, որ նրանք ավելի հզոր են: Գոռ Կարապետյանը նաև նշեց, որ առաջին հորիզոնականը զբաղեցրած Ռուսաստանը մրցույթին մասնակցել է ավելի նոր մոդելի տանկով, քան Հայաստանի հավաքականի տանկն էր. «Եվ մեր անձնակազմի շնորհիվ գրավեցինք երկրորդ հորիզոնականը, բայց կարող էինք գրավել նաև առաջին հորիզոնականը»:

Հանգամանքը, որ մրցույթին զուգահեռ իրավիճակը լարված էր հայ-ադրբեջանական սահմանին, Գոռի խոսքով, էլ ավելի պարտավորեցնող էր. «Այս իրավիճակում մեզ համար հաղթանակը շատ ավելի մեծ դեր էր խաղում: Գիտակցում էինք, որ մեզ հետևում է նաև մեր հակառակորդը, չնայած նրան, որ Ադրբեջանը շատ վաղուց է տեսել մեր հնարավորությունները: Պատասխանատվությունն ավելի մեծ էր, քան երբևէ»:

Ցուցաբերած արդյունքների մասին էլ հավաքականի անդամն ասաց, որ բավարար է գնահատում և համոզմունք հայտնեց, որ եթե մրցող տեխնիկաները հավասար հնարավորությունների լինեին, ապա Հայաստանն առաջին հորիզոնականը կգրավեր:

Հավաքականի մեկ այլ անդամ, Երրորդ անձնակազմի նշանառու-օպերատոր, շարքային Սանասար Ծառուկյանն էլ նշեց՝ արդյունքները սպասելի էին, բայց այդ աստիճանի չէ, որովհետև մրցակիցները շատ ուժեղ էին: «Նրանք ևս շատ պատրաստված էին, մեզնից ավելի փորձառու: Բայց ստացվեց հակառակը, մենք սովորական զինվորներով սկսեցինք իրենցից ավելի շատ բան իմանալ: Այնպես ստացվեց, որ առաջին տեղը ևս կարող էինք զբաղեցնել, բայց մրցակցությունը դժվար էր, հետո մեր տանկն ավելի հին մոդելի էր»,-ասաց նա:

Իսկ մրցույթի ընթացքում ունեցած ապրումների մասին Սանասարն ավելացրեց. «Երբ տեղի էին ունենում մրցումները, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը բավականին լարված էր, մենք երբ տեղեկացանք, որ Հայաստանում նման մթնոլորտ է, սկզբում նեղսրտեցինք, որ մենք այդ պահին Հայաստանում չենք։ Հետո մեր մեջ հասկացանք, որ եթե մենք արդյունքի հասնենք, ամբողջ աշխարհը կիմանա, ու եթե ամբողջ աշխարհն իմանա, Ադրբեջանն էլ կիմանա, որ եթե 12 հոգին 12 պետության դեմ լավ արդյունք է ցույց տալիս, ուրեմն ամբողջ Հայաստանը կարող է մի Ադրբեջանի դեմ ավելի մեծ արդյունք ցույց տալ: Եվ այդ ոգևորությամբ մենք անցանք եզրափակիչ: Հետո մեզ ասացին, որ Ադրբեջանից գեներալներ են գալու և դիտեն մեր ելույթը: Դա մեզ ոչ թե ոգևորեց, այլ ցանկացանք ցույց տալ, թե սովորական հայ զինվորն ինչ կարող է անել: Ու ավելի շահագրգռված այդ ամենն արեցինք: Վերջում էլ մի ադրբեջանցի գեներալ մեզ կանգնեց և ասաց՝ «молодцы армяне»»:

Սանասարը նաև ներկայացրեց տպավորություններն արդեն Զվարթնոց օդանավակայանում, երբ իրենց դիմավորելու էին եկել պաշտոնյաներ և այլ քաղաքացիներ. «Հեռուստացույցով շատ եմ տեսել, երբ մարզիկները գալիս են ու նրանց ինչպես են դիմավորում, երբ ինչ-որ հաջողությունների են հասնում: Միշտ այդ պահն ինձ ոգևորել է, ու երեկ եկել էր այդ պահը, և կարող եմ ասել, որ մեզ երևի ավելի լավ են դիմավորել, ինչի համար շատ ուրախ եմ։ Այդպիսի զգացողություններ իմ կյանքում երբեք չէի ապրել»:

«Պատրաստ եմ և շատ եմ ուզում շարունակել իմ գործը: Սա ոչ թե միայն մեր հաղթանակն է, այլ մեր ամբողջ ազգի հաղթանակը, և թող մեր ամբողջ ազգն իմանա, որ մեզ նման շատ զինվորներ կան, որոնք մեր ժողովրդի խաղաղությունն են պահում: Իրենք թող համոզված լինեն, մինչև վերջին կաթիլը մենք իրենց կողքին ենք ու նման բազում հաղթանակներ դեռ կունենանք»,-ասաց անձնակազմի նշանառու–օպերատորը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել