Tert.am-ը գրում է.

«Մանկական նոր ալիք»-ում այս տարի Հայաստանը ներկայացնող 12-ամյա Դավիթ Վարդանյանը հեղինակավոր մրցույթում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Պրոֆեսիոնալ ժյուրիի անդամները Դավթի երկու ելույթները 110 հնարավորից 104 միավոր են գնահատել: Ղրիմից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դավթի երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանն ընդգծել է, որ կազմակերպիչները որոշիչ չեն համարել «Մանկական նոր ալիք»-ի երկրորդ մրցութային օրվա ընթացքում ծնողների կատարած քվեարկությունը: 

«Մրցույթում հաղթող ճանաչվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Բոյկոն, ով շատ լավ հանդես եկավ մրցութային երկու օրերին, և իսկապես լավագույնն էր: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում, ի վերջո, երեքական հաղթող եղավ: Իսկ Դավիթը զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը: «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին էլ արժանացավ Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Մանեշինան»,-նշել է Կյոկչյանը: 

Նրա համոզմամբ՝ Դավիթը շատ լավ է հանդես եկել, և կատարել է իր առջև դրված խնդիրը: «Հպարտ եմ նրա կատարած աշխատանքով, և շատ ուրախ եմ, որ աշխատել եմ նրա հետ: Կարևորում եմ այն հանգամանքը որ Իգոր Կրուտոյի ակադեմիան պայմանագիր է կնքել Դավթի հետ, և նա այսուհետև մասնակցելու է տարբեր վարպետության դասերի: Սա շատ լուրջ առաջարկ է, որը ոչ բոլորին է արվում»,-նշեց Գրիգոր Կյոկչյանը: 

Կյոկչյանն հավելեց, որ թե՛ ինքը, թե՛ Դավիթը շատ բան են սովորել մրցույթի արդյունքում, ինչը շատ կարևոր փորձ էր նրանց երկուսի համար: 

Դավիթ Վարդանյանը դեռևս Հայաստան չի վերադառնա: Նրա ծնողներն «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ այս օրերին նա հանդես կգա Ռուսաստանի Տուապսե քաղաքում՝ տեղի հայկական համայնքի հրավերով: Պատանի երգիչը շարունակելու է զարմացնել և ուրախացնել իր հայրենակիցներին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել