Մոսկվայում հայը կրակել է Թուրքիայի դեսպանատան վրա Գուցե շատերն ինձ մեղադրեն այս գրառման համար, որովհետև պսևդո հայրենասիրությունը, բաժակաճառային ազգայնականությունը մեզանում պոպուլյար են դարձել:
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կրակողը հայ ներգաղթյալ է եղել: 43-ամյա Արթուր Միրզոյանի թիրախում եղել է Թուրքիայի Հանրապետության զինանշանը, տեղեկացնում է Московский комсомолец-ը:
«МК» -ին հայտնի է դարձել, որ գիշերը «Добрый лес» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Միրզոյանը որսորդական զենքով կրակել է թուրքական հանրապետության զինանշանի ուղղությամբ:
Ես չգիտեմ՝ ինչ խնդիր է իր առջև դրել Միրզոյանը:
Հստակ գիտեմ միայն, որ նրա «ազգային պոռթկումը» կարող է միայն մի քանի տաքգլուխ մարդկանց բաժակաճառային «ստեղծագործության» առիթ դառնալ:
Արթուրի «ցավը տանողներ» կգտնվեն, բայց՝ սեղանի շուրջ ու կարճ ժամանակով:
Արթուրի արարքն արդեն իսկ նույն Московский комсомолец-ը մոտիվացնում է հայ-թուրքական թշնամության հանգամանքով:
Անկարան ու Բաքուն հրաշալի առիթ են ստանում՝ վայնասուն բարձարացնելու համար, թե տեսեք՝ մենք մեր համար խաղաղ ապրում ենք, ու ինչ են անում հայ «վրիժառուները»:
Եթե մեր ազգային ինքնահաստատման ճանապարհը թուրքական դրոշ այրելն ու զինանշան վնասելն է, ուրեմն՝ ցեղասպանվածի բարդույթը չենք հաղթահարել ու մեր հերոսկան բանակն էլ ոչ թե մեր հասարակության տոկունության դրսևորումն է, այլ միակ ինստիտուտն, որը գիտակցում է պետության գոյությունը:
Արթուր Միրզոյանի արածը քաջնազարություն է, որը գուցե գրավիչ պատմություն դառնա նրա երեխաների, թոռների, մեր հասարակության հեքիաթասեր հատվածի համար, բայց հաստատ խոսում է ազգային բարդույթավորված ինքնադրսևորման մասին: Այդպիսի բարդույթները բնորոշ են պետություն չունեցող հասրակություններին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել