Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանը Վրաստանի՝ ԵՄ-ի հետ ասոցացումից օգտվելու անհրաժեշտություն չունի, ինչպես դա արվել է Ադրբեջանի դեպքում, երբ Վրաստանն առաջարկել է Ադրբեջանին օգտվել այդ հնարավորությունից։ Խոսրով Հարությունյանի համոզմամբ՝ Հայաստանը ԵՄ հնարավորություններից օգտվելու ավելի լուրջ գործիք ունի, դա GSP+ համակարգն է, որից օգտվելու հնարավորություն չունի ո՛չ Ադրբեջանը և ո՛չ նույնիսկ Վրաստանը։ Ըստ Հարությունյանի՝ Հայաստանն ինքնուրույն կարող է ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունները խորացնել. «Արդեն իսկ Եվրոպական հանձնաժողովի շրջանակներում խոսում են Հայաստանի հետ և ոչ միայն ադապտացված ասոցացման համաձայնագրի մասին, և այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են»։

-Պարո՛ն Հարությունյան, հավանաբար տեղյակ եք, որ Վրաստանն Ադրբեջանին առաջարկել է օգտվել ԵՄ-ի հետ իր ասոցացումից։ Ըստ Ձեզ, ինչո՞ւ նման համագործակցության առաջարկ չկա նաև Հայաստանի համար՝ հաշվի առնելով Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցության դեպքում երկու խոշոր շուկաների հնարավոր հեռանկարը։ Դեռ մի բան էլ սեպտեմբերի 1-ից վիզային ռեժիմ է գործելու Հայաստանի ու Վրաստանի միջև:

- Ես չեմ կարծում, որ միգրացիոն քաղաքականության վերաբերյալ մոտեցումները կտարբերակեն Ադրբեջանի և Հայաստանի համար, կարծում եմ միատեսակ մոտեցում կլինի։ Բայց ինչ վերաբերում է տնտեսական քաղաքականությանը՝ Եվրոպական միության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրին, ապա պետք է արձանագրել, որ Վրաստանը շատ զգայուն է ու ուշադիր Ադրբեջանի նկատմամբ, այսինքն՝ Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունները տարբերվում են, և մենք դա պետք է փաստենք, որ տարբերվում է Վրաստան-Հայաստան հարաբերություններից։ Այնտեղ և՛ էներգակիրներով պայմանավորված խնդիրներ կան, և՛ անվտանգության ու ընդհանրապես տարածաշրջանային ազգային կոմունիկացիաներով պայմանավորված խնդիրներ կան, այդ իսկ պատճառով Վրաստանն անկասկած փորձում է լոյալ և երկուստեք ավելի շահեկան հարաբերություններ ձևավորել Ադրբեջանի հետ՝ կրկնում եմ, որովհետև նա Ադրբեջանից կախված է, և Վրաստանն էլ իր հերթին Ադրբեջանին առաջարկում է օգտվել նոր ձևավորվող տնտեսական կապերից։ Ինչու նույն բանը չի առաջարկում Հայաստանին, ես կդժվարանամ միանշանակ պատասխանել, բայց կարող եմ փաստել հետևյալը, որ Հայաստանը ԵՄ հնարավորություններից օգտվելու ավելի լուրջ գործիք ունի, դա GSP+ համակարգն է, այսինքն՝ օգտվել ԵՄ արտոնությունների ընդհանուր համակարգի (GSP) դրույթներից, որոնք ապահովում են եթե իմ հիշողությունը չի դավաճանում, 7000 ապրանքատեսակների ԵՄ շուկայի արտոնյալ հասանելիությունը։ Համակարգը թույլ է տալիս բավականին տպավորիչ քանակի հայկական ծագումով ապրանքատեսակներ հայտնվել եվրոպական շուկայում, առանց ավելորդ մաքսային քաշքշուկների, որից օգտվելու հնարավորություն չունի ո՛չ Ադրբեջանը և ո՛չ նույնիսկ Վրաստանը, որը թեև ստորագրել է Ասոցացման համաձայնագիրը։ Իհարկե, Վրաստանի համար Ասոցացման համաձայնագիրը նոր հորիզոններ կբացի, բայց այս տեսակետից կարծում եմ, որ Վրաստանը չէր կարող մեզ մի բան առաջարկել, որից հավելյալ հնարավորություն կարող էր մեզ մոտ ձևավորվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել