Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնախնդրի շուրջ առաջացած վերջին զարգացումներին, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի ու Իտալիայի վարչապետի կողմից ստորագրված՝ ռազմավարական համագործակցության մասին համատեղ հռչակագրի մասին իրարամերժ հայտարարություններին, որով, իբրև թե, միանշանակ աջակցություն էր հայտնվում Ադրբեջանին՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։ ՀՀԿ պատգամավորը չբացառեց, որ Ալիև կրտսերը կարող է մի ինչ-որ պահի արդեն կորցնել դեպքերի զարգացման ընթացքի վրա վերահսկողությունը և ըստ այդմ էլ ընդգծեց, որ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն պետք է է՛լ ավելի ակտիվացնեն աշխատանքը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և ընդհանրապես միջազգային հանրության հետ՝ ներկայացնելով իրերի իրական դասավորությունը մեր տարածաշրջանում և խաղաղության հեռանկարները: Ըստ նրա՝ Ալիևի հետ բանակցել պետք է, ինչպես սեփական տուն մտած ավազակի հետ՝ ճանապարհելիս ապահովության համար զննելով նրա գրպանները:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին զարգացումները Լեռնային Ղարաբաղի շուրջ: Ինչպե՞ս եք գնահատում պատերազմի ու խաղաղության հնարավոր հեռանկարները:

- Վերջին շրջանի զարգացումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանը՝ որպես պետություն, իր ներկա բռնատիրական վարչակարգով դարձել է լուրջ մարտահրավեր տարածաշրջանային կայունության և խաղաղության համար: Խնդիրն այն չէ, որ Ադրբեջանն այսօր իրականում պատրաստ չէ պատերազմի, ինչքան էլ դրա մասին տարբեր ամբիոններից բարձրաձայնեն Իլհամ Ալիևը և այդ երկրի ոտքից գլուխ կոռումպացված ռազմական իշխանությունները, ու այս մասին ամենալավը գիտի անձամբ Ալիև կրտսերը: Ով ով, բայց նա շատ լավ է հիշում Ալիև ավագի՝ իշխանության հետ միասին փոխանցված ամենակարևոր խորհուրդը՝ ընտանեկան բռնատիրությունը միջնադարյան այդ հասարակությունում հավերժ է և միայն երկու դեպքում կարող է կործանվել. 1) երբ կավարտվեն Ադրբեջանի նավթային պաշարները և, արդեն զրկված լինելով Արևմուտքի քաղաքական աջակցությունից, անհնար կդառնա զսպել նավթային ասեղի վրա տասնամյակներով նստած զինվորականության իշխանական ձգտումները, ու 2) երբ նույն զինվորականությունը լայնածավալ պատերազմական գործողություններ սկսելու պարագայում կսկսի Ալիև կրտսերին մեղադրել ռազմական գործողություններում կրած խիստ կանխատեսելի անհաջողությունների ու տարածքային նոր կորուստների համար: Իլհամ Ալիևն այս ամենը գիտի ընտանեկան փորձից և զգում է բնազդաբար: Իսկ հայկական զինված ուժերի վերջին շրջանի պատժիչ գործողությունները պետք է որ է՛լ ավելի սրած լինեն նրա այդ բնազդը: Բայց մեզ Ադրբեջան անվանումով պատմական նորագոյացության տարածքային ամբողջականությունը կամ նրա խանական վարչակարգի ճակատագիրը չէ, որ հետաքրքրում է, այլ այն, որ ալիևյան վարչակարգը, նրա անհեռատես քաղաքականությունը կարող է օգտագործվել տարբեր նպատակներ հետապնդող ներքին ու արտաքին ուժերի կողմից՝ սպառնալու տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը, ու արդյունքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Ալիև կրտսերը կարող է մի ինչ-որ պահի արդեն կորցնել դեպքերի զարգացման ընթացքի վրա վերահսկողությունը: Այս համատեքստում է, որ Հայաստանն ու Արցախը պետք է է՛լ ավելի ակտիվացնեն աշխատանքը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և ընդհանրապես միջազգային հանրության հետ՝ ներկայացնելով իրերի իրական դասավորությունը մեր տարածաշրջանում և խաղաղության հեռանկարները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել