Tert.am-ը գրում է.

Արցախյան ազատամարտի ժամանակ Շուշիի ազատագրման օպերացիայի շտաբի պետ, գեներալ-մայոր Ռաֆայել (Ֆելիքս) Գզողյանը Tert.am-ին տված հարցազրույցում իր տեսակետը հայտնեց Ադրբեջանի հետ շփման գծում վերջին շրջանում տիրող իրավիճակի մասին, ներկայացրեց Ղարաբաղյան հակամարտության լուծման իր պատկերացումները, ինչպես նաև անդրադարձավ երկրի ներկայիս իրավիճակին, ռազմական ներուժին և հայրենիքի համար պայքարելու ժողովրդի պատրաստակամությանը: «Եթե պատերազմ լինի, բոլորն էլ գնալու են: Ես կտանեմ բոլորին: Եթե ես գնամ պատերազմ ու իմ կողքին նրանք չլինեն, ես անգամ ստիպելով նրանց կտանեմ, ու բոլորն էլ մասնակցելու են, կապ չունի, թե ում տղաներն են»,- ասաց նա:

-Որպես ազատամարտի բովով անցած մարդ, ի՞նչ է հուշում ձեր փորձը վերջին շրջանում սահմանային լարվածությամբ պայմանավորված ներկայիս իրավիճակի մասին:

-Բոլոր քաղաքական միջոցառումներից, հանդիպումներից առաջ տիրող լարվածության ընթացքում Ադրբեջանն ուզում էր այնպես անել, որ Հայաստանում քաղաքացիական լարվածությունն ավելի զարգանա, բացի այդ, ուզում էր ազդեցություն ունենալ ոչ միայն Հայաստանի վրա, այլև՝ միջազգային հանրության, բարձրացնել իր ստորաբաժանումների մարտական ոգին, բայց ապարդյուն են դրանք, քանի որ մեր Զինված ուժերի մարտական պատրաստվածությունն ավելի բարձր է, կարողանում է կանխել Ադրբեջանի բոլոր դիվերսիաները: Եվ այդ դիվերսիոն հարձակումների ժամանակ իրենց կորուստները 6-7 անգամ ավել շատ էին, քան մեր կորուստը: Իսկ դա ապացույցն է այն բանի, որ մեր հրամանատարները, մեր զինվորները պատրաստ են ցանկացած մարտական գործողության ժամանակ հաղթանակ տանել: Դա փոքր հաղթանակ է, բայց ոգևորում է ոչ միայն զինվորներին կամ հրամանատարներին, այլ մեր բոլոր ազատամարտիկներին, երիտասարդներին:

Եվ հացը, թե երբ պատերազմ լինի, մեր ազատամարտիկները, մեր երիտասարդները կգնան և կպաշտպանեն հայրենիքը, ես ոչ թե 100, այլ 120 տոկոսով պատրաստ եմ ասել, որ այո՛, պատրաստ են: Վերջին օրերի լարվածության ժամանակը այնքան մարդիկ են եկել ինձ մոտ ու ասել, թե երբ պիտի իրենց աշխարհազորայինների ցուցակում ընդգրկեն: Եթե հանկարծ վաղն Ադրբեջանը ավելի լայնածավալ գործողություններ սկսի, իհարկե, մեր բոլոր զորահավաքային ռեսուսները մեր կողքին են լինելու:

-Վերջին օրերին հանրությունը ևս տեսավ, որ նրանց մարտական ոգին դեռ չի մարել, վառ օրինակ՝ կամավորների ճակատ մեկնելը: Արդյոք այդ ոգու հետ հավասար գծի վրա է նաև նրանց ֆիզիկական պատրաստվածությունը և, առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում ֆիզիկական ներուժը:

-Պատերազմից անցել է արդեն 20 տարի, այն ժամանակ մեծամասնությունը եղել է 20-25 տարեկան, նրանք չեն ծերացել: Ես ում հետ խոսել եմ, համոզվել եմ, որ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես նրանք պատրաստ են: Օրինակ՝ ես արդեն քանի տարեկան եմ, բայց ինձ ի՞նչ է եղել. ձեռքերս սաղ, ոտքերս սաղ, գլուխս աշխատում է, ու ես ոչ մի դեպքում էլ տեղս չեմ նստի: Այնպես որ մենք պատրաստ ենք և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, մեր հայրենիքն է և պետք է հույսներս մեզ վրա դնենք: Այսօր այնպիսի գեներալներ կան, այնպիսի ղեկավարություն կա մեր բանակում, որ կարող ենք հանգիստ լինել: Բոլորն էլ պատրաստ են, իսկ զինվորը գեներալից է օրինակ վերցնում, և եթե զինվորի մարտական ոգին բարձր է, ուրեմն իր հրամանատարի ոգին ևս բարձր է:

-Պարո´ն գեներալ, ներկայիս իրավիճակը թո՞ւյլ է տալիս ասել, որ հրադադարի ընթացքում այսօր ավելի քան երբևէ մոտ ենք պատերազմին:

-Ես Սոչիում կայացած երեք նախագահների հանդիպումից հետո դեռ չեմ կարծում, որ վերջնական խաղաղություն կլինի կամ վերջնական զինադադար, դրա համար մենք պետք է պատրաստ լինենք, որ կարողանանք պատասխանել թշնամում: Չեմ կարող ասել, թե այդ զինադադարն ինչքան կտևի, բայց մենք պետք է միշտ պատրաստ լինենք, դրա համար հարկավոր է ամեն օր բարձրացնել մեր Զինված ուժերի մարտական պատրաստվածությունն ու ոգին, դա է այսօր մեր գլխավոր խնդիրը:

-Շփման գծում ՀԱՊԿ-ի միջամտության մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ կարիքը չկա, մյուս կողմից՝ Ադրբեջանը շարունակում է զինամթերք կուտակել: Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ հարցի շուրջ:

-Եթե արդեն նախագահն է դրա մասին ասել, ավելորդ կլինի, որ ես ավելացնեմ ինչ-որ բան: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը ճիշտ է ասել, դրա կարիքը չկա, եթե լայնածավալ մարտական գործողություններ լինեն, այդ ժամանակ կարող են միջամտել, որ պատերազմը դադարեցվի: Ինչ վերաբերում է զինամթերքին, մենք ոչնչով պակաս չենք Ադրբեջանից, ունենք և՛ բարձր մակարդակի, և՛ հավասար սպառազինություն:

-Նաև տեղեկություններ են տարածվում, որ ադրբեջանական բանակում կան թուրքական և իսրայելական զենքեր: Ինչպե՞ս են կարողանում ձեռք բերել:

-Դեռ Արցախյան ազատամարտի տարիներին նրանք ունեցել են թուրքական զենքեր: Գնում են տարբեր երկրներից, բոլորն էլ գիտեն, որ նրանք տարբեր տեղերից տարբեր հզորությունների զենքեր են գնում, բայց օգտագործում են ինչ-որ փոքր գործողությունների ժամանակ: Իսկ դա արդեն արդյունավետության մասին չի խոսում:

-Սերժ Սարգսյանը Սոչիում կայացած հանդիպմանը փոխզիջումների մասին խոսեց: Ըստ Ձեզ՝ ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը:

-Ես չեմ կարծում, որ դա տարածքների մասին է: Փոխզիջումներ կարող է քաղաքական լինել և այլն: Բայց տարածքային փոխզիջում չի լինի: Ինձ դուր եկավ Սերժ Սարգսյանի խոսքն այդ հանդիպմանը:

-Ի վերջո, Դուք ինչպե՞ս եք տեսնում Արցախյան հակամարտության վերջնական հանգուցալուծումը:

-Ես պատերազմ չեմ ուզում, պատերազմի տարիներին էլ երազում էի խաղաղության մասին: Պատերազմի ժամանակ միայն հասարակ ժողովուրդն է տուժվում: Ես կարծում եմ, որ ինչ գնով էլ լինի, մեր ղեկավարությունն անելու է ամեն ինչ, որ խաղաղություն լինի: Ես հույսս չեմ կորցնում, այդ հակամարտությունը խաղաղ ճանապարհով պետք է լուծվի: Եվ ես կցանկանայի, որ այդ բանակցություններին մասնակցի նաև Ղարաբաղը, որովհետև մենք խոսում են Ղարաբաղյան հակամարտության մասին:

-Այդ հարցում Ռուսաստանի գործոնի շուրջ տեսակետներ են հնչում, թե հենց Ռուսաստանն է մեր տարածաշրջանում լարվածություն հրահրում: Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետները:

-Ո՛չ, նաև չեմ հասկանում, թե ինչու են Ռուսաստանի մասին նման խոսակցություններ տարածվում: Այսօր Ռուսաստանը միակ պետությունն է, որը խաղաղություն է ցանկանում: Ռուսաստանը Հայաստանի հանդեպ նման խաղեր չի անի:

-Իսկ ի՞նչ կասեք Ադրբեջանին զենք վաճառելու մասին:

-Մենք էլ ենք զենք գնում Ռուսաստանից, դա առևտուր է, բիզնես: Ի՞նչ է տվել ինձ Արևմուտքը, Եվրոպական միությունը: Տեսեք, թե ինչ է մնացել ԵՄ անդամ Բուլղարիայից: Ես հինգ տարի Գերմանիայում ծառայել եմ և գիտեմ, թե ով ով է: 2-3 տոկոս ժողովրդի մասին խոսելը ես համարում եմ ավելորդ: Թող գան ինձ ապացուցեն, որ մենք պետք է գնանք դեպի Արևմուտք: Նորից եմ ասում, մեր հույսը մենք ենք, ո՛չ Գերմանիան, ո՛չ մեկ այլ երկիր չի գալու մեզ օգնելու: Պատերազմի ժամանակ շա՞տ են օգնել, ո՞վ չգիտեր, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է: Էդ ԵՄ-ի անդամ ո՞ր երկիրը ճանաչեց Ղարաբաղի ինքնավարությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել