Սոցիալական ցանցերում և տարբեր կայքերում սկսել են բազմաթիվ հոդվածներ և տեսանյութեր տարածվել, որտեղ տարբեր ազգերի ու պետությունների ներկայացուցիչներ խոսում են հայերի մասին՝ որպես քաջ, երբեմն՝ անպարտելի մարտիկների:
Ինչ խոսք, նման նյութերը, անխոս, աչքի և ականջի համար հաճելի են: Բացի դա՝ իրականությանը շատ մոտ:
Հասկանում եմ այդ նյութերը տարածողներին.
1. Հպարտության զգացում են առաջացնում:
2. Դարերով այնքան արհավիրք ենք ազգովի տեսել, որ անդադար ուզում ենք միայն ու միայն մեզ մեծարելու, մեր ուժեղ, մարտունակ ու հաղթական լինելու մասին լսենք:
Բայց մի թերություն ունենք. արագ ենք կորցնում զգոնությունը, երբեմն չափից ավելի ենք ոգևորվում ու կարծում ենք, որ հասել ենք գագաթնակետին, որով էլ՝ դադարում մտածել հաջորդական քայլերի մասին: Ասածիս վառ օրինակներից մեկը՝ Շուշիի, Բերդաձորի ազատագրումից ու Քաշաթաղի (Լաչինի)՝ դեպի ՀՀ միջանցքի բացումից հետո մեր կողմի պարապուրդն էր: Հայոց բանակը այդ ժամանակ նոր-նոր էր ձևավորվում ու կայանում: Այդ ժամանակ ձևավորվող բանակի հիմքը կազմում էին կամավորական ջոկատները: Եվ շատերը կարծեցին, որ վերոնշյալ ազատագրական գործողություններով կարևոր ու վերջնական խնդիրը լուծվեց, որից հետո կամավորական ջոկատների մեծ մասը վերադարձավ տուն: Բայց չանցած մեկ ամիս՝ մեր կողմից վախկոտ ու պարտված անվանվող թշնամին կազմակերպվեց, օգտագործեց տարբեր քաղաքական և այլ բնույթի մանիպուլյացիաներ և հանկարծակի վերսկսեց իր նվաճողական գործողությունները, որի արդյունքում՝ հանկարծակիի գալով՝ շատ արագ կորցրեցինք բազում տարածքներ, հատկապես ողջ Շահումյանի շրջանը և Մարտակերտի շրջանի մեծագույն մասը (բացառությամբ Խաչենի ձորակի հայկական 7 գյուղերի):
Ի հարկե, արդեն հաջորդ իսկ կես տարվա ընթացքում, մեծագույն ջանքերով վերակազմակերպվեցինք, կասեցրեցինք ու անցանք հակագրոհի՝ ազատագրելով Հայրենիքի բազում նոր տարածքներ, բայց սկզբնական մեր զգոնության թուլացման արդյունքում ունեցանք մեծագույն կորուստներ, որոնցից շատերից կարող էինք խուսափել:
1994 թվականի արդեն, երբ 1993թ.-ի դեկտեմբերից նախաձեռնած վերջին 100 միլիոն դոլարանոց նոր ռազմարշավն էլ թշնամին տանուլ տվեց, սկսեց խոսել զինադադարի, հնարավոր հաշտության և խաղաղության մասին, որի արդյունքն էլ բոլորիս հայտնի է՝ 1994թ.-ի մայիսյան՝ առ այսօր ձգվող հայտնի «զինադադարը»:
Հունական ասացվածքն ասում է. «Եթե թուրքը խոսում է խաղաղության մասին՝ նշանակում է պատերազմ է լինելու»:
Եվ նախորդ 20 տարիները ցույց տվեցին, որ գործնականում ադրբեջանական իշխանությունները իրական ոչ մի քայլ չարեցին խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Նրանք այս ընթացքում միայն ավելի մեծացրեցին սուտն ու կեղծիքը հայության մասին, որի արդյունքում իրենց մոտ արդեն հայտնվել է հոգեկան անհավասարակշիռ էությամբ նոր սերունդ, հայի հանդեպ անասելի չարությամբ ու ատելությամբ լցված: Բացի դա՝ վերջին 2 տասնամյակներում նա միայն ու միայն սպառազինվում էր: Թե ինչ որակի բանակ հիմա ունեն՝ դա հարցի այլ կողմն է, հիմա դրան չեմ անդրադառնա:
Ինչու՞ այս ամենը հիշեցի ու հիշեցնում եմ բոլորին: 
Վերջին օրերի մեր փայլուն ռազմական հաջողությունները ու նրանով պայմանավորված մեր ոգևորությունն ինձ մի փոքր հիշեցրեց 1992թ.-ի մայիսի վերջն ու հունիսի սկիզբը ...
Թշնամին լռել է, իսկ մենք՝ ոգևորվել ...
Թշնամին հոգով անասնագող է, մութ ու ծածուկ տեղում մի նոր ու նենգ բան մտմտացող ... Նա ձախողվեց, բայց չդաստիարակվեց: Նա փորձելու է դասեր քաղել ու նոր քայլեր ձեռնարկել:
Հավանաբար մենք այս հարցում էլ ենք աշխարհում առաջին տեղը՝ ունենալով նման «հարևան» - թշնամի:
Բայց ասածս հիմք չի տալիս, որ տագնապենք: Ուղղակի, չմոռանալով մեր ձեռքբերումներն ու փայլուն հաջողությունները՝ էլ ավելի զգոն լինենք ու նախապատրաստվենք: Ռազմական և պետականաշինության գործում որքան առաջընթաց գրանցենք՝ էլ ավելի կհեռացնենք պատերազմի հավանականությունը, իսկ լինելու դեպքում՝ դուրս կգանք հնարավոր նվազագույն կորուստներով ու նորանոր հաղթանակներով:
Մենք գիտենք, որ ունենք այդ ներքին ուժը, տեսել ենք, որ այն ճիշտ ուղղորդելու դեպքում ինչպիսի հրաշալի արդյունք է տալիս:
Նժդեհը մի լավ վճռակ ուներ. «Ուզում ե՞ս լինել ուժեղ. Եղի՛ր»:
Մենք դատապարտված ենք լինել համախումբ, զգոն և ուժեղ:
Եվ Հայրենիքը միակ տարածքն է, որտեղ հնարավոր է ապահովել մեր հարատև ֆիզիկական գոյությունը: Վկան՝ աշխարհի տարբեր գոտիներում ընթացող ցեղասպանությունները: Իսկ աշխարհը էլի նույնն է՝ իր անձնական շահերով ու անտարբերությամբ ...
Միայն մեր՝ Վճռական Մենակի հոգեբանությամբ կկարողանաք ապահովել Հայ Ազգի տեղն այս արևի տակ:
Կյանքն արդեն սա ապացուցել է:
Ուրեմն՝ ի գործ: Ամեն մեկս սկսենք մեզանից, սեփական ուժերի գնահատումից ու աշխարհայացքի վերանայումից:
Ոգեշնչվենք ու Զգոն լինենք: Ողջ լերուք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել