Միամտություն է կարծել,որ Մերձավոր Արևելքում ապրող հայերը առավել անվտանգ վիճկում են,քան իրաքաբնակ եզդիները: Եթե հիմա Իրաքի և Սիրիայի տարածքի մի մասում հռչակված խալիֆաթը պաշտոնապես հայտարարում է, որ քրիստոնյաները և հրեաները կարող են համապատասխան հարկատեսակ վճարել և շարունակել ապրել իրենց տարածքում՝ մնալով իրենց կրոնին, այդ թվում և հայերը, ապա չի կարելի կարծել, որ դա հավերժ այդպես կլինի. վաղը կարող է մի շեյխ որոշում հրապարակել, որ այժմ նրանք էլ պետք է կամ կրոնափոխ լինեն, կամ՝ ոչնչանան: Չի կարելի ծայրահեղականներին հավատալ, առավել ևս հայերը իրավունք չունեն. թուրքերի ազդեցությունը նրանց վրա մեծ է: Եզդի ազգի համար այս ողբերգական օրերին մի բնական հարց է ծագում թե ինչու քրիստոնյաները և հրեաները ունեն ընտրության մի քանի տարբերակ՝ ընդունել իսլամ, հեռանալ, վճարել համապատասխան հարկ կամ սպանվել, իսկ եզդիները, չգիտես ինչու, ունեն երկու տարբերակ՝ իսլամ ընդունել, կամ սպանվել: Իսլամագետ չեմ, բայց իմ տարրական գիտեիքները այս կրոնի մասին ինձ մի հասարակ պատասխան են հուշում: Իսլամում այսպես է. դու կամ մուսուլման ես, կամ անհավատ, այլ կերպ ասած՝ քաֆիր: Քաֆիրները նրանց համար երկու խմբի են բաժանվում՝ գրքի անհավատներ և մնացյալը, որոնց անվանումը իսլամում չեմ հիշում, բայց իմաստով գալիս է, որ հեթանոսները: Գրքի քաֆիրները քրիստոնյաներն ու հրեաներն են, իսկ անունը գալիս է նրանից, որ իսլամը համարում է այս կրոնների սուրբ գրքերը Ղուրանից առաջ եղած, ոչ լիարժեք աստվածհայտնության վկայություններ, հետևաբար իրենց առավել մոտ: Իսկ հեթանոսները համարվում են իրենց ոխերիմ թշնամիներ, որոնք ոչնչով իսլամին մոտ չեն, հետևաբար կամ իսլամ պետք է ընդունեն, կամ  մեռնեն: Հիմա պարզ է դառնում թե սրանք ինչու են այդպես վայրագ կերպով վարվում եզդիների հետ, որոնք չեն ցանկանում ուրանալ նախնիների հավատը: Վստահություն չկա, որ ներքին կարգով, կամ մի մոլեռանդ կրոնավորի կոչով նաև քրիստոնյաները և հրեաները չեն դառնա թիրախ: Գլուխս ջայլամի պես չեմ պահի և կհայտնեմ մտավախությանս մասին: Մերձավոր Արևելքի հայերը վտանգի տակ են.չգիտենք Սիրիայի, Իրաքի մյուս տարածքները վաղը ում վերահսկողության տակ կլինեն,կամ Լիբանանը վաղը ում իշխանության տակ կլինի: Մի քանի հարյուր հազար հայ Դամոկլյան սուրը գլխին այժմ ապրում է այս տարածաշրջանում: Նրանց տուն՝ Հայաստան բերել է պետք. տեղում, եթե դառնան թիրախ ոչնչով չենք կարողանա օգնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել