Tert.am-ը գրում է.

Tert.am-ը Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանի հետ զրուցել է Ջավախքի հիմնահարցերի, հայերի նկատմամբ Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ։ Մեր զրուցակիցն ասում է, որ թեև Վրաստանում կան հակահայկական տրամադրություններ, սակայն դա չի կարող ասել ամբողջ վրացական հասարակության մասին։ «Հակահայկական տրամադրություններ ստեղծելու հարցում հենց մեծ դերակատարություն ունի թուրք-ադրբեջանական գործոնը»,-նշեց նա։ Ըստ նրա՝ այս ուղղությամբ միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում թուրք-ադրբեջանական հիմնադրամները։

-Վրաստանի նախկին իշխանության ժամանակ Ջավախքում շատ էր բարձրաձայնվում, որ բացի սոցիալական խնդիրներից, առկա են նաև ազգային հիմնահարցեր։ Ինչո՞վ է պայմանավորված, որ հիմա ավելի քիչ է այդ մասին խոսվում։

-Դա ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառաբանությունները։ Ջավախքի ժողովուրդը, «Վրացական երազանք» քաղաքական ուժի նախընտրական խոստումներից ելնելով, լիահույս էր նոր ձևավորվող իշխանությունների հարցում՝ նախքան իշխանափոխությունը։ Սակայն, ցավոք սրտի, արդեն երկու տարի է, ինչ ժողովրդի այդ հույսերը կամաց-կամաց մարեցին։ Համեմատության մեջ գրեթե նույնն են՝ ինչ նախորդ իշխանությունները։ Այստեղ սուբյեկտիվ հանգամանքներ էլ կան՝ պայմանավորված ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ։ Մենք չցանկացանք այս ընթացքում բարձրաձայնել մեր հիմնախնդիրների մասին, որպեսզի չխանգարենք այդ գործընթացին։ Բացի այդ, մենք հաշվի առանք աշխարհաքաղաքական իրավիճակը՝ կապված Ուկրաինայի դեպքերի հետ, առավել ևս, որ այդ դեպքերի սկսման փուլում վրացի քաղաքական գործիչներից մի քանիսը բարձրաձայնեցին, թե Ջավախքում էլ ինչ-որ անջատողական շարժումներ կան, շուտով Ջավախքն էլ կանջատվի և ջավախցիներին արդեն ռուսական անձնագրեր են տրամադրում։ Այդ բոլորը ապատեղեկատվություն էր՝ վրաց հասարակության ուշադրությունը հիմնականում կենտրոնացնելու ջավախահայության վրա։ Մեծ հաշվով տարբերություն դեռևս չենք տեսնում նախորդ և ներկա իշխանությունների մեջ, թեև 2012 թվականի իշխանափոխությունից հետո բազմիցս հայտարարել ենք, որ հույսեր կապում ենք ներկա իշխանությունների հետ։ Հիմա Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, վավերացումը որոշակի հույսեր ներշնչում է, տեսնենք ապագայում ինչպես կլինի։

-Ի՞նչ գնահատական կարող եք տալ վերջերս մեր եկեղեցում տեղի ունեցած վիճաբանությանը։

-Վիրահայոց թեմից հակասական հայտարարություններ եղան։ Սկզբից հայտարարեցին, թե կրոնական, ազգային փոքրամասնությունների հանդեպ խտրական վերաբերմունք է դրսևորվում, իսկ հետո, երբ Սրբազանը այցելեց Վրաստանի պատրիարքարան, այնտեղից հայտարարեց, որ զուտ կենցաղային հողի վրա խուլիգանություն է եղել, հիմա գործը քննում են իրավապահ մարմինները։ Իմ կարծիքով, և ընդհանրապես Ջավախքի հայկական ՀԿ-ների խորհրդի կարծիքով, վեճը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա։

-Ամեն դեպքում հայերի նկատմամբ բացասական վերաբերմունքի միտում տեսնո՞ւմ եք։

-Իհարկե այո, հատկապես Սահակաշվիլու իշխանության տարիներին մեծածավալ քարոզչական աշխատանք տարվեց՝ ի վնաս հայության։ Բացի այն, որ որոշ քաղաքական գործիչներ հայտարարում էին, թե Ջավախքում անջատողական շարժումներ կան, վրաց եկեղեցին ևս անմասն չմնաց այդ հակահայկական քարոզչությունից։ Իհարկե, վրաց հասարակության որոշակի հատվածի մոտ նստվածք առաջացել է։ Վրաստանում կան հակահայկական տրամադրություններ, սակայն դա չենք կարող ասել ամբողջ վրացական հասարակության մասին։

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել