Երկու օր առաջ Էդիկ Անդրեասյանը «Հրապարակ» օրաթերթում հոդված էր տպել «Ամեն սապոգով բան զինվորական» չէ վերնագրով: Հեչ եչմ ցանկանա քննարկել հոդվածն ամբողջությամբ, որովհետև էդ գործով, երևի, ավելի շատ պիտի զբաղվեն ՊՆ մամլո խոսնակ Արծուն Հովհաննիսյանը և նրա «արբանյակները» (բնորոշումը «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանինն է): Միաժամանակ, կցանկանայի ուշադրություն հրավիրել երկու «մանրուքի» վրա, որոնցով Էդիկ Անդրեասյանը փորձում է արդարացնել նախորդ օրը նշված թերթում լույս տեսած այն տեղեկատվությունը, համաձայն որի Վայոց Ձոր Սերս գյուղի տարածք ադրբեջանական դիվերսանտներ են ներթափանցել:
«Մանրուք» առաջին. «Հայաստանի վերանկախացումից այսկողմ մենք չենք հիշում մի դեպք, երբ մամուլը այս կամ այն կերպ պետական գաղտնիք հրապարակած լինի, այն էլ` միտումնավոր: Ավելին, պատերազմի ժամանակ հայ լրագրողներն էին առաջին գծում, սրտատրոփ, ազտամարտիկներին ու բանակի զինվորներին կրնկակոխ հայտնվում էին ազատագրված գյուղերում ու քաղաքներում` բաղձալի լուրերը վայրկյան առաջ հաղորդելու անզուսպ ցանկությամբ" (մեջբերում հոդվածից): 1992 թվականի սկզբում Վազգեն Սարգսյանը հայտարարեց, թե արգելվում է հայաստանյան լրատվամիջոցներով ռազմաճակատին վերաբերող օպերատիվ տեղեկությունների հրապարակումը, քանի որ լրագրողները ակամայից (անփորձությունից, քանի որ ռազմական թղթակից չեն ծնվում՝ դառնում են) հանրայնացնում են ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ (ասենք՝ Խնձորեսկ գյուղի պաշտպանական դիրքերում կա 15 կամավորական, ովքեր իրենց տրամադրության տակ ունեն 6 ավտոմատ, 42 փամփուշտ և մեկ հեծանիվ): 1999 թվականին "Լրագիր-օր" (հետագայում "Հայկական ժամանակ") օրաթերթը նույն Վազգեն Սարգսյանին անվանարկելու և գործող իշխանությունների "խաղաղասիրությունը դիմակազերծելու" անվան տակ հրապարակեց տեղեկություն, որով հայտնի դարձավ, որ Հայաստանը Չինաստանից ձեռք է բերել "Թայֆուն" համակարգեր: Եվ նման օրինակներն, ի դեպ, բազմաթիվ են: Այնպես որ, եթե պնդում ես, թե նման բան չի եղել, ուրեմն կա՛մ անտեղյակ ես (լրագրողին չսազող հատկություն), կա՛մ միտումնավոր խեղաթյուրում ես փաստերը (նույնպես բնավորության ոչ այնքան գովելի գիծ)
"Մանրուք" երկրորդ. "Ի՞նչ կարող է մտածել ՀՀ խաղաղ քաղաքացին, երբ մեկ ամիս շարունակ նրան դիվերսանտ են ցույց տալիս, իսկ մի գեղեցիկ օր տեսնում է, որ իր գյուղի հարևան զորամասը, զինված, գյուղի շուրջը բան է փնտրում: Պարզ չի՞, որ այդ մարդու լեղին կճաքի": (մեջբերում հոդվածից): ՀՀ շարքային քաղաքացիները շատ բան կարող են մտածել, բայց ոչ միշտ է, որ մտածածն իրականության հետ որևէ աղերս ունի: Լրագրողի պարտականությունը ոչ թե մտավարժանքներով զբաղվելն է (Իսկ մինչ ՊՆ-ն կորոշի՝ հրապարակե՞լ, ճշգրիտ տեղեկատվություն հաղորդե՞լ, թե՞ ոչ, հայ զինվորները կշարունակեն իրենց կյանքը վտանգելով ադրբեջանցի դիվերսանտների փնտրել http://hraparak.am/?p=60516&l=am/) ՀԱՎԱՍՏԻ տեղեկատվության տրամադրումը: Մեկ այլ օրինակ: Դիտումների հետևից ընկած մեր կայքերից մեկը մոտ մեկ ամիս առաջ "Օպերայում հրդեհ" է վերնագրով լուր էր տարածել: Թերևս, չարժե ասել, որ լուրը ռեկորդային քանակով դիտումներ ունեցավ: Խնդիրը, սակայն, այն էր, որ ԱԻՆ-ը օպերայի և բալետի թատրոնում վարժանքներ էր իրականացնում և վարժանքների առասպելը հրդեհն էր: Նույն կերպ, փաստորեն, վարվել էր նաև "Հրապարակի" լրագրողը, որը զորավարժությունների "պոնտը" օգտագործելով "վրա է քշել" Պաշտպանության նախարարությանը՝ թքած ունենալով, որ միայն այդ տեղեկատվության ու նման կերպ հրապարակումից "մարդկանց լեղին կճաքի": Փոխարենը մարդը 7000-ից ավել դիտում է ապահովել, չէ՞: Այնպես որ, ոչ միայն ամեն սապոգով բան զինվորական չէ, այլև գրիչ ունեցող ամեն բան չէ, որ լրագրող է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել