Անցած մեկ տարում ՀՀ-ում մոտ 8000 ձեռնարկություն է փակվել (Հայաստանում գրանցված ձեռնարկությունների 10 տոկոսը): Իսկապես ազդեցիկ ու ցավալի ցուցանիշ է: Սա նշանակում է, որ 8000 ընտանիք զրկվել է իր եկամտի աղբյուրից: Սա նշանակում է, որ ուղիղ 8000 ընտանիք հավակնում է համալրել տարեկան այն 40,000 անձանց ցուցակը, որոնք լքում են Հայաստանը հավերժ: Իսկ ինչո՞ւ են Հայաստանում բիզնեսներ փակվում, ինչո՞ւ են ձեռնարկատիրական ջիղով օժտված երիտասարդները, որոնք վաղը արտերկրում հանրաճանաչ են դառնալու ու իրենց բիզնես հաջողությունների գաղտնիքներն են կիսելու իրենց շրջապատի ու հանրության հետ, կատարյալ ֆիասկո ապրում այս երկրում, որն իր տնտեսության մասին խոսելիս հաճախ է կրկնում «ազատ շուկայական» տերմինը: 
Մեր հարկային մարմինների գործելաոճի նույնիսկ ամենամակերեսային ուսումանասիրությունից ակնհայտ է դառնում, որ վերջիններս աշխատում եմ ոչ թե հանուն պետական բյուջեն լցնելու, այլ ի վնաս տնտեսվարողների ու հատկապես միջին խավի: Բոլոր զարգացած տնտեսություններում ու հատկապես Արևմտյան Եվրոպայում, բարեկեցությունը հիմնված է հենց միջին խավի վրա, որն իր վրա է կրում հարկային ու սոցիալական բազմաթիվ պարտավորություններ, բայց միևնույն ժամանակ, տարբեր ձևերով խրախուսվում է պետության կողմից: Արդյունքում և գայլերն են կուշտ, և գառները՝ ողջ, որովհետև բարեկեցիկ միջին խավը, վճարելով հարկերն ու տուրքերը, կայուն եկամուտ է ապահովում բյուջեին, նաև առողջ տնտեսական միջավայր է գոյացնում, հանդիսանում է խոշոր ընկերությունների ապրանքների ու ծառայությունների հիմնական սպառողը: Բայց քանի որ մենք ապրում ենք աննորմալ պետությունում, որտեղ կարծես թե պետական քաղաքականության մաս է միջին խավ չունենալը, այս ամենը մեզ հասու չէ: Ու տարօրինակ չէ, որ մեզանում հարկային մարմնի աշխատակցի իմիջը քո բիզնեսին փայ մտնողի, քո հետ ախպերավարի մի ձև պայմանավորվողի, «բռատ, արի ինձ սիրուն ձևերով ճանապարհի, իրարից չնեղանանք» տեքստը սիրողի, «ախպերս վրես պլան ա դրած, պետք ա տուգանք գրեմ վրեդ» խոսքն ասողի իմիջ է: 
Եթե ավելի անկեղծ, ապա մեր հարկային համակարգն է միջին խավի գլխավոր թշնամին, ու իր գործունեությամբ միտված է ամբողջությամբ այն լիկվիդացնելուն ու էլ ավելի խորացնելուն իր ակտիվ ջանքերով ստեղծված սոցիալական բևեռացումը: Ինչո՞ւ, որովհետև միջին խավը ձևավորողները որպես կանոն միջին և փոքր ձեռնարկություններ ղեկավարող ընտանիքներն են, որոնք միջին խավ են հենց այն պատճառով, որ մետրոյի տակ փոքրիկ կրպակ ունեն, կամ փոքրիկ խանութ ունեն բազմաբնակարանային շենքի հարևանությամբ: Բայց նրանք փակվում են: Ու փակվում են հենց ու միայն նրանք: Ինչ որ մի մոգական հրաշքով մեր հարկային մարմիններն այդպես էլ ման են գալիս ու ոչ մի չարաշահում չեն գտնում իրենց տռզած կադրերին ու նրանց մերձավոր շրջապատին պատկանող օբյեկտներում: Արդյունքում խոշորներն էլ ավելի են խոշորանում մանրերի դիակներն ուտելու հաշվին: 
Ստացվում է մի իրավիճակ, որը ելք չունի: Մի կողմից փակվում են հարկ վճարող փոքր ու միջին ձեռնարկությունները, մյուս կողմից խոշորանում են նրանք, որոնք հարկ չեն մուծում: Իսկ հարկայինի վրա բյուջեն լցնելու բեռ է դրված: ՊԵԿ-ին ուշքի գալը ու 90-ականների ռեկետային ռամզմավարությունը վերանայելը հաստատ չէր խանգարի: Այսպես 5 տարի էլ չենք ձգի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել