Tert.am-ը գրում է.

Պատերազմը հանկարծահաս աղետ կամ առավել ևս ճակատագիր չէ, այլ՝ ընտրություն։ Դժբախտների ընտրությունը։ Թե չէ, բոլորս էլ հակառակորդներ ունենք՝ լինես մոծակ, աղվես, մարդ կամ առավել ևս՝ պետություն։ Տեսակի կամ արեալի պաշտպանությունն անշուշտ կռիվ է ուզում, բայց ողնաշարավոր, թե անողնաշարավոր գիտեն ռազմավարական ոսկե կանոնը՝ թշնամուն հնազանդեցնել առանց ճակատամարտի. քաղաքի պարարտ կատուն վաղուց ալարում է հալածել մկներին, բայց վերջիններս քաջատեղյակ են, որ «շեֆը» ամեն պահ կարող է կատաղել, հեռվից էլ սարսափում են նրա ճանկերից և անգամ մկնային ենթագիտակցությունը պահում է գենետիկ վախերի ժառանգական կոդերը։ Ես չեմ ուզում վիրավորել ադրբեջանցիներին, փշալարերից այն կողմ ընկած նրանց 18 տարեկան տղային էլ է մայր բերել, բանակ ճանապարհելիս այդ մոր սիրտը խոսել է կրծքի տակ, բան է ասել նրան՝ մոր կանխազգացման դեմ խաղ չկա։ Բայց ես ձեռքով շոշափել եմ ախր նրանց պաշտպանական գերատեսչության ղեկավար Աբիևի թախանձագին նամականին՝ ուղղված մեր հրամանատարությանը, որտեղ սա մեզնից հրադադար էր պաղատում 5, 10, 20... օրով, այդպես էլ գրում էր՝ խնդրում եմ։ Իսկ հիմա, զարթնել են՝ բարև ձեզ, ու ետին թվով ուզում են «կատու ճղել»՝ նավթից մետաղ են ձուլել, զենքերի փողերն ուղղել մեր սահմանների վրա։ Պարտությունը մտքի եզրահանգումն է, որը որպես ցավի հիշողություն ապրում է պարտվածի երակներում։ Ընդ որում՝ նրանք պարտվել են ոչ թե 94-ին, այլ ավելի շուտ՝ երբ օրը ցերեկով Սումգայիթում արյամբ ներկեցին իրենց արմունկները։ Հետո միայն պարզվեց, որ այդ տխրահռչակ քաղաքը Սովետի ետնապահն էր կրթական բոլոր ցուցանիշներով, անգամ 10-ամյա միջնակարգը շռայլություն էր համարել սովորողների 30-տոկոսը, իսկ դպրոցների ուսուցիչների կեսը չէր ստացել ստացիոնար կրթություն։ Այսպես ավարտեմ՝ ինձ պետք չի ցուցադրել ձեր ահարկու զենքերը, որպեսզի ես հասկանամ, թե որքան եք ուժեղ դուք, ուղեկցեք, խնդրեմ, ձեր դպրոցները և թույլ տվեք լսել այնտեղից հնչող ձայները...

Եռաձայն զրույց Այգեպարի դպրոցի պաշտոնաթող տնօրենի հետ։

Օր առաջին

- Ընկեր Ադամյան, բարի լույս Ձեզ։ Գիտեմ, որ այսօր այգեպարցիք նկուղում են արթնացել, բայց դե հարևանին, առավել ևս՝ հայրենիքը չեն ընտրում, չէ՞, ճակատագրով է տրվում։

- Հայրենիքը մերն է, դժգոհություն չկա, իսկ հարևանը չափուսահմանն անցել է. այսօր Այգեպարի վիճակն ամենածանրն է։ Բնությունը մի կողմից խփեց, ծառերին մի բան չթողեց, հիմա էլ սրանք են սկսել. ես չգիտեմ, չգիտեմ՝ ինչ է լինելու։

- Ընկեր Ադամյան, բայց դե գյուղն էլ Ձեզ է նայում՝ որպես իր դպրոցի երկար տարիների տնօրեն, ուսուցիչ։ Այն, որ Ձեր ընտանիքն այսօր էլ արթնացավ Այգեպարում, հույս է տալու գյուղացիներին, որ տեղում մնան, մտքներով չանցկացնեն տունուտեղը լքելը։ Չասեք, թե ձայնս տաք տեղից է գալիս, գիշերը Երևանում մուշ-մուշ քնել եմ ու հիմա դուրս եկել ռազմահայրենասիրական պրոպագանդայի. ցնցվող սահմանն ամբողջ երկիրն է հետը ցնցում. նրա վրա բոլորիս երեխաներն են, մեր վերջին հայրենիքն է...

- Ես պատերազմի ժամանակ եկա Այգեպար, ուրիշ ծննդավայր չկա, ծննդավայրը մեկն է. մեր ընտանիքը դեռ այստեղ է, դիմակայում ենք, բայց դե մեզ էլ ճիշտ հասկացեք, եթե այս օրերին էլ պետությունը մեր կողքին չկանգնի, մեզ չաջակցի, մենք կկարողանա՞նք դիմակայել։ Հակառակորդն ուզում է մեր աչքը վախեցնել, այս գյուղը հայաթափել, բայց մենք պիտի այստեղ գոնե տնտեսապես ուժեղ լինենք, որ չթողնենք գյուղի մեջքը ջարդվի, մարդիկ մնան, ապրեն այս հրաշալի գյուղում։

- Ընկեր Ադամյան, դե հիմա այսպես անենք. եկեք մեկառմեկ թվարկեք ամենահրատապ խնդիրները և միասին դիմենք կառավարությանը, ասենք՝ այ կառավարություն, ահա, այս խնդիրներն անհետաձգելի լուծում են պահանջում։ Խոսքն էլ, կարծեմ, միլիոնավոր դոլարների մասին չէ, ինչո՞ւ չեք լուծում։ Իսկ կառավարության պաշտոնական հաղորդագրությունները, որ կարդում ես, թվում է, թե մեղուները պիտի մեր ժրաջան կառավարությունից ամաչեն իրենց ցածր աշխատունակության համար։

- Նրանք լավ էլ գիտեն այդ խնդիրները. այդ հարցերն այսօր չառաջացան, եթե նրանք ժամանակին դրանք լուծեին, հակառակորդն այսօր իր չափը կիմանար։ Սահմանամերձ գյուղերին պիտի հատուկ կարգավիճակ տալ, հատուկ վերաբերմունքի արժանացնել, որ այդ գյուղերն ամրանան, չդատարկվեն... Էհ, ես չգիտեմ, էլ չեմ էլ ուզում խոսել։ Սրանով արի սահմանափակվենք. ես սարսափելի վիրավորված եմ. ինձ օր առաջ թոշակի ուղարկելն Այգեպարի ամենահրատապ հարցը չէր, կարող էին թողնել, որ ես շարունակեի դպրոցը ղեկավարել, ես այնտեղ ամբողջ կյանքս դրեցի, այստեղի աշակերտներն առանց կրկնուսույցի գնում ընդունվում էին բուհ, բայց դե մի գրչի հարվածով ամեն ինչի ճակատագիրը որոշողներ կան, որ իսկի մի անգամ էլ չեն եղել այստեղ, չեն մտել դպրոց, տեսնեն՝ ինչ է կատարվում այդ դպրոցում։ Սա բնավ էլ անձնական հարց չէ, դպրոցից շատ բան է կախված, էլ չասեմ, որ ամբողջն է դպրոցից կախված։ Չեմ ուզում շարունակենք...

- Հասկանում եմ... Հուզված եք, կներեք, գիշերն էլ անքուն եք եղել... Հետո կխոսենք։

- Խոսելու բան չկա, պիտի գործ արվի։Ամբողջ գյուղն ուրախանում է, երբ մերոնք կարողանում են լռեցնել հակառակորդի կրակակետերը, վերջ դնել նրանց լկտիությանը։ Այ, դա գործ է, մենք դա ուրանալ չենք կարող, երևում է, որ մերոնք շատ խելոք են գործում, բայց զինվորի թիկունքը գյուղն է, երկիրն է, աշխատանքն է։ Հաջողություն Ձեզ։

-Խաղաղություն մեզ։

Օր երկրորդ

- Ընկեր Ադամյան, այս պահին ի՞նչ եք մտածում։

- Այս պահին լույս եմ քաշում դպրոցի սպորտդահլիճում... Հիմա դպրոցում էլեկտրիկի գործերն եմ ես անում։ Կարևորը դպրոցում եմ, չեմ հեռացել...

- Դե, դա համարյա նույն գործն է, էլի, լույս քաշելը, լուսավորությունը... Իհարկե, կներեք սև հումորիս համար, բայց այսօր ուզում եմ մեր զրույցն ավելի կենսախինդ, ավելի օգտակար լինի։ Մի պահ ենթադրենք, թե Դուք եք կառավարության ղեկավարը, նախագահը, Այգեպարում Դուք ո՞ր խնդիրներն առաջնային կլուծեիք՝ իհարկե, հաշվի առնելով մեր բյուջեի այսօրվա սղությունը։

- Դե հիմա էլ ես եմ Ձեզ հարց տալիս. ի՞նչ է, դժվա՞ր է այստեղ փոքրիկ արտադրություններ ստեղծելը։ Թող գոնե մի 20 տեղանոց արտադրություն բերեն դնեն. Երևանի ինչ-որ ձեռնարկության կցորդ, որի արտադրանքը մենք կարող ենք այստեղ էլ կազմակերպել։ Բայց մեզ մոտ ինքնարժեքն ավելի քիչ կլինի։ Ասենք, Երևանում 50 հազար դրամ կտան, թող այստեղ այդ աշխատանքի դիմաց տան 30, 20 հազար դրամ, որ մարդիկ մնան, տեղում աշխատեն։ Թող հարկային արտոնություններ տան ձեռներեցներին, նրանք էլ շահագրգռվեն ու այստեղ իրենց բիզնեսը ծավալեն։ Ի՞նչ է, բա՞րդ բան է սա։

- Ոչ, բնավ էլ բարդ չէ իմ համեստ կարծիքով, եթե ձեռներեցին հարկերից ազատես, պիտի որ նրա շահագրգռությունը մեծանա։ էլ չենք խոսում այն մասին, որ բացի փող աշխատելուց էլ մի մեծ գործ արած կլինի իր երկրի համար. զինվորը երկրի ծայրը, սահմանն է պահում, մենք՝ ամբողջ երկիրը, եթե մենք երկիրը վատ ենք պահում, սահմանին կանգնած մեր երեխաների կյանքն ենք վտանգում, սա՝ հաստատ։ Այս օրերին, երբ հազարավոր մարդիկ՝ որպես կամավորական, օր առաջ ուզում են գնալ և կանգնել մեր զինվորացած տղաների կողքին, մենք, անշուշտ, ոգևորվում ենք, բայց եթե մենք սահմանամերձ գոտու աշխատանքային խրամատներն ավելի խորը փորենք, դրա կարիքը չի էլ լինի։

- Իհարկե։ Հակառակորդն իր սահմանը կճանաչի, երբ հաստատ իմանա, որ մեր զինվորի թիկունքին կանգնած է ոչ թե անգործ ու աղքատ մի բնակավայր, այլ աշխատող, ստեղծող, աշխույժ համայնքը։ Մեր զինվորն էլ դրանից ավելի կուժեղանա, ավելի ինքնավստահ կլինի։ Հա, մեր բանակը, մեր զինվորը դեռ կարողանում է մեզ պաշտպանել. մենք ուրախանում ենք, որ հակառակորդի կրակոցներին մերոնք միշտ կարողանում են անվրեպ հակահարված տալ և լռեցնել, երբ նրանք լկտիանում են, բայց զինվորի թիկունքը մենք պիտի պահենք մեր խաղաղ աշխատանքով, ուժեղ դպրոցով, չէ՞։

Բա նրանք լկտիանում են հենց դրանից, երբ տեսնում են, թե երեկոյան քանի լույս է վառվում Այգեպարում, քանի երեխա է պայուսակն ուսին գցած դպրոց գնում։ Ու դպրոցը, դպրոցն է ամենակարևորը, բայց աշխատող մարդն է դպրոց ստեղծում, մարդը, որ այստեղ աշխատանք չունի, ի՞նչ դպրոցի մասին է խոսքը։ Կամ էլ մի ուրիշ հարց եմ տալիս Ձեզ. այսօր Խորհրդային միության կոլեկտիվ տնտեսությունները քանդուքարափ արեցինք։ Բայց եթե մարդկանց համոզենք, պայմաններ ստեղծենք, որ գյուղատնտեսական կոոպերատիվ տնտեսությունների սկզբունքով կարողանան միավորվել, աշխատել, ամեն ինչը կարգավորվելու է։ Բա սա ինչո՞ւ չի արվում։

- Վայ, ընկեր Ադամյան, կեցցեք։ Դուք բարձրացրիք գոնե ինձ համար ամենացավոտ խնդիրը։ Ժամանակին, երբ ես աշխատում էի Գյուղնախարարությունում, մի քանի անգամ այս խնդրով հրավիրել եմ այս ոլորտի գիտնականներին, մասնագետներին, ովքեր միահամուռ պնդում էին, որ այլ լուծում ուղղակի չկա, այսօր ամբողջ աշխարհն է այս ճանապարհով գնում. սա մի հարց է, որ անգամ մեր ընդդիմությունը տարաձայնություն չունի իշխանության հետ։ Բայց արի ու տես, որ մինչ օրս եզակի տնտեսություններ են ստեղծվել, ասում են՝ մարդիկ չեն ուզում կոոպերատիվներում ներգրավվել։ Բայց, մարդիկ իրենց գյուղերում հոգսերի տակ կքած չեն կարող համաշխարհային փորձն ուսումնասիրել ու իմանալ, թե քանի երկիր է այս ճանապարհով դուրս եկել աղքատության ճիրաններից և, միգուցե հարկ է, որ նախարարություններում աթոռ մաշող պաշտոնյաներից յուրաքանչյուրին կցել մի գյուղի, որ գոնե գործը տեղից շարժվի։

- Սա շատ կարևոր հարց է և կարող է իրավիճակ փոխել ողջ երկրում։ Պետությունը պետք է գա օգնի, որ այդ կոոպերատիվները շարժման մեջ դրվեն։ Անհատ մարդը չի ուզում աշխատել, ասում է՝ օգնություն բերեք՝ ուտեմ։ Փոխվել է մեր հոգեբանությունը։ Մի օր մեկը կանգնած ասում է՝ «Մեզ ինչո՞ւ օգնություն չեն բերում»: Չի ասում՝ ինչու՞ աշխատատեղեր չեն բացվում։ Մենք մեր ժողովրդին սովորեցրել ենք դրան։ Հիմա դա մենք մեր միջից պիտի հանենք։ Բերենք, սկսենք աշխատելը, փորձենք այդ մեխանիզմը, աշխատեցնենք։ Թե չէ՝ բոլորը պարտքերի, վարկերի տակ կքած են, այսպես ապրել չի լինի։

- Օրինակ, Այգեպարը ժամանակին պահածոների շատ ներկայանալի գործարան ուներ, որը գյուղը հավաքեց իր շուրջը։ Այսօր հենց մի արտադրության անուն ես տալիս, ասում են՝ իրացման շուկա չկա։ Բայց հենց այս պահին Ռուսաստանը Եվրոպայի և Ամերիկայի շուրջ 40 տոկոս պարենամթերքի շուկան կորցրել է, և մենք կարող ենք անսահմանափակ քանակությամբ պահածոներ արտահանել Ռուսաստան։ Օրինակ, ի՞նչն է խանգարում, որ մի հզոր կոոպերատիվ ստեղծվի մթերքի արտադրությունից մինչև վերջնական վերամշակում հենց Այգեպարում։ Մանավանդ, որ մասնագետներն էլ կան, գործարանն էլ կվերազինվի ժամանակակից հոսքագծերով և կաշխատի։

- Գիտե՞ս ինչն է խանգարում. իշխանությունը պիտի կարողանա այդ ամենը շարժման մեջ դնել։ Գալիս են այստեղ, 5 րոպե մնում ու վազում այստեղից։ Թող գան, ինձ հետ 5 օր մնան այստեղ՝ գնդակոծության տակ, որ իմանան ինչ պետք է անել։ Նա լուծումը կգտնի, երբ մի քանի օր ապրի մեզ հետ։ Գրասենյակում՝ Երևանում նստած, նա ոչինչ չի պատկերացնում։ Ձեր ասածը հենց այսօր էլ կարող են անել, մի երկու հոսքագիծն ի՞նչ է, որ չկարողանան գործի դնեն։ Այստեղ երեք աշխատող գործարան կար։

Մեր ծնողների ստեղծածը մենք անպատվեցինք, շատ վատ բան արեցինք, քանդեցինք ու թափեցինք։ Ես իմ ծնողին անպատվեցի: Նա կոմունիստական հասարակարգում էր աշխատել, բարիք ստեղծել ինձ համար, բայց ես ի՜նչ ասես ասացի նրան՝ իր կառուցածը փլուզեցի։ Դա մարդկային քա՞յլ էր, որ մենք կատարեցինք։ Վերականգնելը հեշտ չի։ Բայց մենք գոնե հիմա պիտի ուղղենք մեր սխալները։ Եվ ամենամեծ սեփականատերը հենց պետությունն է, պետությունը միայն նրա համար չէ, որ սահմանը, զորքը պահի։ Դա կարևոր է շատ, բայց միայն դրանով չի լինի, չէ՞։

 Ի՞նչ եք կարծում, եթե գյուղում աշխատատեղ չկա, դրան դպրոց կդիմանա՞։ Ամենամեծ անվտանգությունը հենց դպրոցն է։

 - Ընկեր Ադամյան, ասացեք խնդրեմ, Այգեպարի դպրոցն, օրինակ, որպես սահմանամերձ դպրոց՝ ի՞նչ արտոնություններ ունի, որ տրված չեն սահմանից հեռու դպրոցներին։

 - Ոչ մի արտոնություն։ Պետականորեն նախատեսված է, որ դրույքի դեպքում կես դրույք էլ պիտի ավելացվի սահմանամերձ դպրոցներին, դա էլ չի արվում։ Ուսուցիչը հավաքարարից քիչ է ստանում։ Հավաքարարը 50 հազար դրամ է ստանում կամ 50-ից ավելի, իսկ ուսուցիչը 40 հազար էլ չի ստանում։

 - Ապշելու բան եք ասում։ Բա չեք դիմե՞լ, չեք ասե՞լ, որ օրենք է խախտվել։

- Կրթության նախարարությունում նստածները թող գան, ինձ հետ զրույց անեն, ես իրենց բացատրեմ, որ իրենց կատարած քայլը սահմանամերձ գյուղերի նկատմամբ հանցագործություն է ուղղակի։ Այստեղ փոխվարչապետ Արմեն Գևորգյանն էր եկել։ Ես այդ հարցը բարձրացրի։ Ասացի՝ «մեր ուսուցիչը, մեկ հաստիքի վրա նստած, երկու դասարան միացրած՝ պարապում է»։ Ասում է՝ «բա աշակերտների թիվը չի ապահովվում»։ Բայց այդ ուսուցիչն ի՞նչ անի, որ աշխատատեղ չկա գյուղում, ու դրա համար էլ աշակերտների թիվը չի ապահովվում։

- Քանի՞ աշակերտ կա դպրոցում։

- 51-ով փակել ենք, բայց սեպտեմբերին քանի՞սը կվերադառնան, չգիտենք։ Բայց կարո՞ղ եք ինձ բացատրել՝ ուսուցի՞չն է մեղավոր, որ աշակերտ չկա։ Իսկ կոմպլեկտավորված դասարաններում բավականին ծանր է դասավանդելը։ Իրենք փորձե՞լ են մեկ ժամվա ընթացքում երկու դասարանի մաթեմատիկա դասավանդել։ Արդյունքի չենք հասնում, ախր։ Տեսականորեն նախատեսված է տվյալ առարկայի համար 45 րոպե։

Անահիտ Թոփուզյանին կհիշեք՝ նախկին փոխնախարարը. ես շնորհակալ եմ նրան։ Իջևանում կոնֆերանսի ժամանակ ելույթ ունեցավ և ասաց. «Մեկ աշակերտի դեպքում էլ դասարանը պետք է պահել»։ Դա է պետական քաղաքականությունը, ոչ թե չորս դասարան կպցնել իրար մեկ սենյակի մեջ, ասել՝ քառակոմպլեկտ դասարաններ սարքեք։ Դա պետության համար ամոթ է, դպրոցն է պետության դեմքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել