Մինչ Համշենի լուսանկարների խմբաքանակն եմ պատրաստում վերբեռնելու համար, մի քիչ պատմեմ Խոպա/Հոփա քաղաքի մասին: Քաղաքը շատ մոտ է թուրք-վրացական սահմանին, Սև ծովի ափին է: Մեծամբ բնակեցված է համշենցիներով, այստեղ կարելի է ասել` համշենահայերենով: Հյուրանոցում կարելի է հայերենով սենյակ պատվիրել, փողոցում հայերենով հաղորդակցվել և այլն: Շատ աշխույժ, կենդանի քաղաք է, բանուկ ավտոճանապարհի վրա, գեղեցիկ տեղադրությամբ (մի կողմից ծով, մյուս կողմից` կանաչով պատված լեռներ), կոկիկ շինություններով: Քեզ օտար չես զգում: Խոպայի համշենահայերը խոսում եմ հայերենի Համշենի խոսվածքով, ինչը, օրինակ, չես կարող ասել Չամլըհամշենի մասին, որտեղ մայրենի լեզուն բնակիչների զգալի մասը կորցրել է: Բացի այդ, Խոպայում համշենահայերը չեն խուսափում ասել, որ հայ են, իսկ ահա Չամլըհամշենում, որն ավելի խորքում է` սարսափելի գեղեցիկ անտառների մեջ, ինձ հանդիպած համշենցիները չէին խոսում իրենց բարբառով և չէին նշում, որ հայ են` սահմանափակվելով իրենց որպես համշենցի ներկայացնելով: Հայ լինելու համար թուրքական պետությունից ունեցած վախն այս վայրերում դեռ ավելի շատ իներցիայով շարունակվում է, ինչը Խոպայում կարծես թե ազդեցություն չունի: Սա զուտ իմ անձնական դիտարկումն է` հիմնված մասնագիտական որոշ գիտելիքների և առավել շատ` անձնական փորձի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել