Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի նավթ-գազա-էներգետիկ նախագծերում բրիտանական կապիտալի գործոնը, որպես տարածաշրջանում պատերազմի զսպման հզոր գործիք, երբևէ չէր նվազել, պարզապես մի պահ, գերտերությունները, ներքաշված լինելով ուկրաինական ու մերձավորարևելյան դեպքերով, դա մոռացել էին ու մղել հետին պլան, ինչի պատճառով այստեղ քիչ էր մնում պատերազմ սկսվեր:

Հենց այս պատճառով, ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի Արևմուտքն ամեն ինչ արեց, անգամ ՝ աջակցեց Ռուսաստանի «նախագահությամբ» երկու երկրների նախագահների հանդիպումը Սոչիում կազմակերպելու համար:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ վերջին շրջանում մի տեսակ հետին պլան էր մղվել Ադրբեջանին էներգետիկ-նավթային նախագծերում բրիտանական կապիտալի միլիարդավոր ներդրումների փաստը՝ որպես տարածաշրջանում պատերազմի վերսկսման բացառման կարևորագույն գործոն:


«Կարծում եմ, որ տարածաշրջանային նավթա-գազային ռեսուրսները և դրանց տարանցիկության հնարավորությունները վաղուց որպես պատերազմ կանխելու գործոն առկա են և երբևէ իրենց նշանակությունն ու կարևորությունը չեն զիջել այլ գործոնների: Հսկայական արտաքին և ներքին ներդրումներ են արված և բնական է, որ Արևմուտքը ամեն ինչ անելու է, որ պաշտպանի այդ կապիտալը, պահի այն հնարավորինս անվտանգ և դրանց դիվիդենտները քաղի: Եվ արևմտյան պետությունները և՛ առանձին-առանձին, և՛ որպես բլոկ միշտ աշխատել են Ադրբեջանի հետ և փորձել են հեռու պահել այդ երկիրը հնարավոր ցնցումներից ու պատերազմներից»,-ասաց քաղաքագետը:

Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի` հենց այդ պատճառով է, որ նրանք աչք են փակում ոչ միայն Ալիևի ներքին քաղաքականության, մեղմ ասած, ոչ ժողովրդավարական մեթոդների վրա, այլև ցանկացած գործողությունների, որոնք շրջանցում են անվտանգության խնդիրները և շատ ուշադիր են լինում այդ անվտանգությունը խաթարող բոլոր հարցերի նկատմամբ:

«Ինքս երկու տարի առաջ Լոնդոնում հանդիպում եմ ունեցել British Petrolium-ի քաղաքագիտական հետազոտություններ իրականացնող վերլուծական խմբի հետ և ապշել էի, թե ինչ քանակի աշխատակազմ ունեն և նրանք, կրկնում եմ, զբաղվում են մեր տարածաշրջանում անվտանգության հիմնախնդիրներով: Եվ պարզ է, որ այդ բոլոր ռեսուրսները շարունակում են հնարավորինս վերամշակվել Ադրբեջանը պատերազմից հեռու պահելու համար»,-ասաց վերլուծաբանն ու ավելացրեց. «Այլ հարց է, որ վերջին շրջանում տարածաշրջանում այլ խնդիրներ էին ի հայտ եկել՝ աշխարհաքաղաքական մրցակցության այս պայմաններում, որի արդյունքում տարածաշրջանի անվտանգությունը կարծես երկրորդ պլան էր մղվել մի պահ»:

Նա մասնավորեցրեց, որ խոսքը Ուկրաինա, Մերձավոր Արևելք տարածաշրջաններին է վերաբերում:

Հենց այս պատճառով, ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի Արևմուտքն ամեն արեց, անգամ ՝ աջակցեց Ռուսաստանի «նախագահությամբ» երկու երկրների հանդիպումը Սոչիում կազմակերպելու համար:

Ըստ նրա՝ փորձագիտական և քաղաքական շրջանակների գնահատականները նույնպես աջակցող էին, ինչը վկայում է այն մասին, որ մոտ ապագայում հնարավոր է վերանայվի Հարավային Կովկասում քաղաքականությունը և գոնե անվտանգությունը պահպանելու տեսակետից Ռուսաստանի և Արևմուտքի միջև դարձյալ կոնսենսուս ձեռք կբերվի:

Այնուամենայնիվ, քաղաքագետը նշեց, որ որևէ նավթամուղ կամ գազամուղ չի կարող դառնալ պատերազմը բացառող ոչ 100, 90, ո՛չ անգամ 80 տոկոսանոց երաշխիք հանդիսանալ: Դա կարող է անել գործոնների համալիրը: Եվ պատերազմը զսպող գործոնների թվում են նաև Իրանի շահագրգռվածությունը՝ ունենալ կայուն սահմաններ և առանց խաղաղապահների տարածաշրջան, Ռուսաստանի ցանկությունը՝ շարունակել լինել աշխարհաքաղաքական հեգեմոն տարածաշրջանում և, վերջապես, հայկական բանակի հզորությունը՝ որպես անվտանգության խափանման գործոն:

Ավելին, ըստ նրա, սրանք շատ ավելի ազդեցիկ զսպող գործոններ են, քան նավթային գործոնը:

Ինչ վերաբերում է հարցին, թե բրիտանական կապիտալի ներկայությունը Կասպյան ավազանում ինչ թվային ցուցանիշներով է արտահայտվում, ապա Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ հիմա արդեն չի կարող ասել, քանի որ բաժնետոմսերն անընդհատ վաճառվում ու վերավաճառվում են տարբեր չափաբաժիններով, ըստ որում բրիտանական կապիտալի ներկայությունը ոչ միայն «Բրիթիշ Պետրոլիումով» է, այլ բազմաթիվ, այդ թվում նաև՝ գնահատող, տնտեսական ռիսկեր գնահատող ու մենեջմենթ իրականացնող ընկերությունների:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն էլ գտնում է, որ Մեծ Բրիտանիան ամեն ինչ արել է, որպեսզի Ադրբեջանը ուժեղանա, հարստանա և այսօր էլ բավական ագրեսիվ մտադրություններ ունենա այլ երկրների նկատմամբ։

«Մեծ Բրիտանիան իր բիզնես շահերն է հետապնդում և այդ առումով նրան ձեռնտու չէ, որովհետև եթե լուրջ ռազմական հակամարտություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին հերթին պայթելու են այդ նավթուղիները, ես հուսով եմ, համենայնդեպս»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել