Սկսեմ համշենյան պատմությունների շարքն ինձ ամենաշատը ցնցած դեպքից: Ուրեմն վերակառուցվող ճանապարհով, փոշու մեջ գնում ենք Մենչունայի ջրվեժ: Ավտոճանապարհին հանդիպակած հատվածով մի ամենագնաց է գալիս, որը տեղի էլեկտրացանցերին է պատկանում: Մեզ հասնելով` մեքենան կանգնում է, և ավտոմեքենայից մեկը հայերեն գոռում է «Ախպե~րս»: Իհարկե, շփոթվում ենք, թուրքական ընկերության ավտոմեքենա, ոչ այնքան աշխույժ ճանապարհ ու հայերեն բացականչություն: Մինչ կհասկանայինք, թե ինչ է կատարվում, մեկ էլ ամենագնացից մի հաղթանդամ երիտասարդ է դուրս գալիս ու սկսում հայերենով ներկայանալ: Բռունցքը հպարտորեն կրծքին է հարվածում ու ասում, որ հայ է, համշենցի է: Հետո հայերենով շարունակում է, որ եղբայրը հաճախ է Երևանում լինում, բեռնատարի վարորդ է, հարցնում է մեր որպիսություն և այլն, և այլն: Այդ պահին ամեն ինչ այնքան ջերմ էր, որ ակամայից գրկում ենք իրար, ասես` հարյուր տարվա ծանոթ լինենք: Նույն կերպ հրաժեշտ ենք տալիս` ահավոր հզոր զգացումներով, որ հուզմունքի էր հասնում: Երբեք չեմ մոռանա: Հուսով եմ` նորից կհանդիպենք Համշեն աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել