Սովետական Միության և Արևմուտքի միջև երկարատև «սառը խաղաղության» երաշխիքը միջուկային զենքն էր, որի միջոցով նրանք կարող էին «տասնյակ» անգամ միմյանց ոչնչացնել: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության երաշխիքը նույնպես կարող է լինել ռազմական հավասարակշռությունը: Խոսքն այն հավասարակշռության մասին է, երբ կողմերից յուրաքանչյուրը կարող է մյուսին «միքանի անգամ» ոչնչացնել: Այդ դեպքում պատերազմը անիմաստ է դառնում:
-
Սակայն այստեղ մի «փոքր» խնդիր կա: Ադրբեջանում համոզված են (նշենք, որ դրա համար լուրջ հիմքեր ունեն), որ Հայաստանը պարտվում է տնտեսապես և Հայաստանում առկա դեմոգրաֆիական աղետի պատճառով, որոշ ժամանակ անց Ղարաբաղի խնդիրն ինքնիստինքյան կլուծվի: Դրա համար պետք է սահմանում իրավիճակը միշտ լարված պահել և հոգեբանական ճնշման միջոցով նպաստել արտագաղթին, մյուս կողմից Հայաստանին ստիպել ռազմական մրցավազքի միջոցով ավելի շատ միջոցներ ծախսել պաշտպանության վրա: Դրան զուգահեռ նպաստել նրան, որ Հայաստանում կառավարման համակարգում որևէ փոփոխություն չիրականացվի: Հայաստանում հաստատված ռեժիմի իրական հենարանը հենց Ադրբեջանն է: Ադրբեջանի ղեկավարությունն բազմիցս անգամ ուղղակիորեն հայտարարել է, որ իրենց ձեռնտու է Սերժ Սարգսյանի իշխանության մնալը: 
-
Պետք է անկեղծ նշել, որ Ադրբեջանի այս ռազմավարությունը արդարացված է և ժամանակի ընթացքում նրանք կարող են հաջողության հասնել: Այս ամենի եզրակացությունը մեկն է, Հայաստանի հնարավոր տնտեսական զարգացման և արտագաղթի կանգնեցման դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի Հայաստանի հետ որոնել փոխզիջումային լուծումներ, իսկ մինչ այդ որևէ փոփոխության սպասելը անիմաստ է: Ադրբեջանը շարունակելու է իր ներկայիս քաղաքականությունը` բոլոր միջոցներով «արյունաքամ» անել Հայաստանը և հնարավոր միջոցներով թույլ չտալ, որ Հայաստանում քաղաքական փոփոխություններ կատարվեն:
-
Եզրակացությունը մեկն է, Ղարաբաղի խնդրի լուծումը գտնվում է հենց Հայաստանում: Այսօրվա վիճակով Ադրբեջանի Հայաստանի հանդեպ տարվող քաղաքականության հիմնական հենքը Հայաստանի ներկայիս ռեժիմն է: Ղարաբաղի խնդիրը կլուծվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանում հաստատվի էֆելտիվ կառավարման համակարգ, որը կունենա հանրության աջակցությունը: Այդ ժամանակ արդեն ռազմական հավասարակշռությունը կստիպի Ադրբեջանին հաշտվել ստեղծված իրականության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել