Վերջերս հաճախ ենք տեղեկանում վիրտուալ հանցագործությունների մասին, որոնց զոհերը մեծամասամբ անչափահասներն են, իսկ վերջին մանկապղծության մասին լուրը շոկի ենթարկեց, կարծում եմ, բազմաթիվ մարդկանց, երբ զոհը ութամյա աղջիկն էր…
Բնականաբար նման հրեշներից հասրակությունը պետք է մաքրել, ու որքան արագ ու դաժան՝ այնքան ավելի լավ…
Բայց այժմ խոսելու եմ դրամի հակառակ կողմի մասին՝ ցեխ շպրտելով բոլոր անտարբեր, “անգյալ” ու անտեղյակ ծնողների երեսներին…
Հատկանշական է, որ յուրաքանչյուր ոք սոցցանցերը յուրովի է ընկալում՝ ծառայեցնելով դրանք որոշակի նպատակների. ոմանց համար այն աղջիկ կամ, ինչու չէ՝ տղա “կպցնելու” վայր է, ոմանց համար՝ ազատ ժամանց, ընկերների հետ շփում… իսկ ինձ համար, սա մի հարթակ է՝ ձայնս հարյուրավոր օգտատերերի հասցնելու, նրանց ուշադրությունը տարբեր թեմաների վրա հրավիրելու և կառուցողական քննարկումների համար, ինչու չէ, երբեմն էլ հեռվում գտնվող ընկերներիս հետ շփվելու համար: Բայց այն, ինչ տեղի ունեցավ ինձ հետ օրեր առաջ՝ ինձ ստիպեց ավելի լուրջ և կոպիտ վերաբերվել ծանոթության նոր առաջարկներին ու անծանոթ օգտատերերի հետ շփմանը… Դա տխրահռչակ одноклассники կայքն էր, երբ ինձ գրեց 25-ամյա կեղծ պրոֆիլով աղջիկ, բնականաբար պատասխանեցի՝ չցանկանալով նեղացնել նրան, քանի որ նա ներկայացավ որպես ռադիոլսող: Այնուհետև սկսվեց մեր շփումը՝ հիմնականում գիշերային ժամերին, սակայն մեկ-երկու նամակից հետո, նա սկսեց այլ թեմաներ շոշափել ու այնքան մակերեսորեն ու երբեմն պրիմիտիվ էին նրա նամակները, որ կասկածելու տեղիք տվեց… ես անմիջապես պահանջեցի նրան ասել իր իրական տարիքը՝ վստահեցնելով, որ դրանից ոչինչ չի փոխվի… ու ասեց… 13… կարծում եմ յուրաքանչյուր բանական մարդ կվարվեր այնպես, ինչպես ես վարվեցի. անմիջապես հեռացրեցի նրան ընկերներիս ցուցակից ու ավելացրեցի իմ սև ցուցակում:
Այժմ հարց. ի՞նչ են մտածում ծնողները, երբ զինում են իրենց երեխաներին նորաձև սմարթֆոններով, համակարգիչներով ու նրանց հանձնում անկառավարելի ու անհատակ համացանցի դատին: Ի՞նչ իրավունք ունի 8, 9, 12 տարեկան երեխան գրանցված լինել սոցցանցում ու մի բան էլ հազարից ավել ընկեր ունենալ… ու ինչպե՞ս են կարողանում այդ, այսպես կոչված ծնողները հանգիստ գլուխը դնել բարձին, երբ կողքի սենյակում իրենց հոգեպես խոցելի երեխան համացանցում անհասկանալի մարդկանց հետ ա “լկստվում”: Լավ, դուք ընդհանրապե՞ս չեք մտածում ձեր երեխաների հոգեկան ու ֆիզիկական առողջության մասին: Արժի՞ արդյոք հարևանից, կամ տեքրակնոջից հետ չմնալու համար երեխային նման փորձության ենթարկել… 
Ուշքի՛ եկեք, ժողովո՛ւրդ, ավելի հեշտ է կանխել, քան հետևանքները վերացնել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել