Օգոստոսի 10-ին Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներն արդեն հայտնի են. երկրում նախագահ է ընտրվել վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը: Արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ԱԿՊ կուսակցության ներսում պայքար է սկսվում վարչապետի թափուր մնացած պաշտոնի համար:

Էրդողանը նախագահի լիազորություններին կանցնի օգոստոսի 28-ին, իսկ գործող նախագահ, նախկին արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը ընտրություններից անմիջապես հետո հայտարարեց, որ, անկասկած, իր լիազորությունների ավարտից հետո կուսակցություն է վերադառնալու:

Այս արված հայտարարությունից պարզ է դառնում, որ Գյուլի հիմնական նպատակը վարչապետ դառնալն է, սակայն կուսակցության ներսում այդքան էլ կողմնակից չեն ներկայիս նախագահի թեկնածությանը: Դրա վառ ապացույցն այսօր ԱԿՊ ժողովից հետո հնչեցրել է Թուրքիայի կրթության նախարար Հուսեյին Չելիքը՝ ասելով, որ կուսակցության արտակարգ ժողովը, որի ժամանակ հայտնի է դառնալու նոր վարչապետի անունը, տեղի է ունենալու օգոստոսի 27-ին, և Գյուլը չի կարող մասնակցել, քանի որ նրա լիազորություններն ավարտվում են հաջորդ օրը` 28ին:

Գյուլի հասցեին մեղադրանքներ են հնչել նաև կուսակցության լրատվական բաժնից. մանսավորապես հեռուստամեկնաբան Ֆաթիհ Թեզջանը նրան մեղադրել Գեզի զբոսայգում տեղի ունեցած դեպքերի ժամանակ անգործություն ցուցաբերելու և մեղքը դրսի ուժերի վրա բարդելու մեջ:

Կարծիքներ են հնչում, որ Գյուլի թեկնածությանը դեմ է հենց ինքը՝ վարչապետ Էրդողանը, որը ցանկանում է երկրի իշխանությունը ամբողջապես կենտրոնացնել իր ձեռքում, և: ի դեմս Աբդուլլահ Գյուլի, նա իրեն հակառակորդ է համարում: Քննարկվում է ներկայիս ԱԳնախարար Ահմեդ Դավութօղլուի անունը, որն Էրդողանի ամենահավատարիմ մարդկանցից մեկն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել