Տո՛ւր ինձ ձեռքդ, ու ես կձգեմ այն ներքև: Մի՞թե ուզածդ փրկություն չէր: Հիմա եմ պատրաստ, հիմա ես խորտակվում, հիմա ենք հասնում...
Պարան կվերցնեմ, չէ՛, երեքը, որ հյուսեմ դրանք այնքան պինդ կապերով, ինչքան որ կուզեիր մեր ձեռքերը հյուսված մնային մի ողջ հավերժություն: Ընտրելիս պիտի ուշադիր լինեմ, որ ամուր պարաններ ընկնեն ձեռքիս տակ, որ նման լինեն քո պիրկ նյարդերին, ձեռքերին, մատներին: Դրանցով էիր դիմանում, գրկում ու սիրում...
Հիմա արդեն ուժ հավաքած քեզ պիտի ներքև քաշեմ, ձգեմ գետնին: Չկարծես, թե սա անդունդ է. մութ է, հա՛, բայց լամպը ամուր պտտելուց հետո է լույս տալիս: Իսկ ես ուզում եմ, որ իմ եռահյուս պինդ պարանով պտտվես վերևներում ու լույսը աչքերումդ իջնես իմ խորությունները: Հիմա է, որ կարող եմ...
Ես չկարողացա հասնել քո բարձրները, վայրէջքը շատ էր ցավոտ: Իսկ դու դեմքի նույն գծերով վերևներում գծել ես քո ուղիղները, շեղվելիս էլ վիժել ես իմ խորքերը, ու առանց ավելորդ վախի նորից ու նորից բարձրացել... գծել:
Ե՞ս էի վախկոտ, թե դու մնացիր առանց ուժ, առանց իմ հյուսած գոնե մի բարակ, թեկուզ մազի չափ բարակ պարանի: Բայց ես միշտ էլ սիրուն եմ հյուսել: Դե եթե ուժն ես սիրում, կհավաքեմ բոլոր պարանները ու մի հաստը կհյուսեմ: Թող տգեղ լինի, կարևորը գիտեմ, որ այս անգամ կբռնես այն քո ուժեղ ձեռքով ու կձգվես ներքև, ինձ մոտ:
Դե՛, բռնի՛ր պարանս, որ քաշեմ քեզ իմ խորքերը, ես ինքս եմ ցույց տալու քեզ դրանք: Բայց նույն պարանով էլ ամուր կապելու եմ, որ օդապարիկի պես չձգտես քո վերևները: Դա չէ քոնը,ՔՈՆԸ խորքերն են ԻՄ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել