Արձակուրդային օրագիր. օր 8–րդ։ Նա Մուխան է, սահմանամերձ Այգեձորի թագն ու պսակը, ամենատարեց բնակիչն է, վաստակաշատ կենսագրությամբ, հումորով ու գյուղի քաղաքագետը։

Ինչ է ասում Երևանը, թուրքի տեսել ես քեզանից մեկ դյուժին հեռավորության վրա։

Այս երկու հարցի շուրջ երևի թե մի քանի ժամ խոսեցինք, հարցրեց իր պատմելու համար, ընթացքում նայում էր սարերին, ծիծաղում ու շարունակում քաղաքականությունը։ Լռում էի, երբ վերջացրեց, մոլորված դեմքով հարցրի, ինչու է լեռներին նայում ու ծիծաղում։

Խորհրդային տարիներին ամբողջ լեռնաշղթայի անտառապահն է եղել ու ստեղծել անտառները, այնպես արել, որ անգամ ցուրտ ու մութ տարիներին անտառը պահպանվել է ու ավելի։

Միխայիլ Օրդյանի հետ զրույցը տպավորիչ է, միմիկան անմոռանալի, բայց վերջին պահին, ամեն ինչ մի պահ կանգ առավ, երբ ասաց, տղաս, երբ է այս լեռներից սոխակի ձայն գալու, կրակոցից, պայթյունից ու ցավի ոռնոցից բեզարել ենք։

Արտասվեց, ես լռեցի, խորը շունչ քաշեց, երկուսս նայեցինք լեռներին, տներին ու վերջ։ Պատասխանը ցավեցնող է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել