Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը, որ Ղարաբաղյան հակամարտությունն այլևս սառեցված չէ, դիվանագիտական լեզվով նշանակում է, որ ոչ թե նա ասում է, որ պատերազմ է սկսվելու, այլ այն, որ Ուորլիքին մի քիչ անհանգստացնում է, որ մի քանի ամիս առաջ ներկայացրել էր տարբերակ, որը լուրջ չէր ընկալվել, և, Ռուսաստանն է ակտիվացել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: 

Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը:

«Կարծում եմ, որ դեսպան Ուորլիքի հայտարարությունը կապված է այն հանգամանքի հետ, որ Ռուսաստանը փորձում է ակտիվանալ՝ օգտագործելով այս՝ վերջին ժամանակների լարվածությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ, և ըստ էության, Ռուսաստանը փորձում է Հայաստանին ու Ադրբեջանին տանել ոչ թե Մինսկի խմբի այդ գործընթացի տրամաբանական ճանապարհով, այլ ուղղակի փորձել ցույց տալ, որ ինքը միայնակ կարող է ինչ-որ հարցեր լուծել այդտեղ»,– ասաց նա:

«Պարզ է, որ դա անընդունելի է ոչ միայն Ուորլիքի կամ Ֆրանսիայի համանախագահի համար, այլև մեր կողմից: Ինչ վերաբերում է հարցին, թե ասում է, որ պատերազմ է, չի ասում, որ պատերազմ է, ասում է, որ գործողություններ կատարենք, որ այս հակամարտությունն անցնի խաղաղ փուլ: Եվ պարզ է, որ Ուորլիքին մի քիչ անհանգստացնում է, որ մի քանի ամիս առաջ ներկայացրել էր տարբերակ, որը լուրջ չէր ընկալվել կողմերի կողմից, և նորից, կրկնվում, Ռուսաստանն է ակտիվացել:

Հիշեցնենք, որ «Ամերիկայի Ձայն»–ին դեսպան Ուորլիքը բառացի ասել էր.«Իհարկե, մենք անհանգստացած ենք շփման գծում առկա իրավիճակով, և ինչպես տեսնում եք՝ այն ընդհանրապես սառեցված չէ: Փորձեք ասել ասել սպանված կամ վիրավորված զինվորի մորը, որ սա սառեցված հակամարտություն է: Սա երբեք էլ սառեցված հակամարտություն չի եղել: Մենք շատ անհանգստացած ենք զարգացումներով: Պետք է քայլեր ձեռնարկել իրավիճակի հետ կապված: Առաջին բանը, որ ես ուրախ եմ նկատել, այն է, որ նախագահները (Հայաստանի և Ադրբեջանի-Tert.am) հնարավոր է այսօր կամ վաղը հանդիպեն Սոչիում, և մենք հուսով ենք, որ նրանք կարող են խնդրի շուրջ առաջընթաց արձանագրել»,- ասել է նա:

Հարցին, որ նույն այդ հարցազրույցում, սակայն, ի պատասխան հարցի, որ Ռուսաստանը Ադրբեջանին 2010 թվականից մինչև այս տարեվերջ 5 միլիարդի զենք կվաճառի, Հովհաննես Իգիթյանը ասաց.«Ռուսաստանն այժմ արդեն իսկ ունի մեծ խնդիրներ իր երկրի սահմաններում և բնավ շահագրգռված չէ նոր բախումներ հրահրել։ Պատկերացրեք, որ Ուորլիքը հակառակն ասի, որ Ռուսաստանին ձեռնտու է լարվածությունը զարգացնելը: Ի վերջո, պետք է հասկանանք, որ դիվանագետ է խոսում, որը կարող է որոշ դեպքերում այլ խոսքերով այլ բան ասել»:

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների» կենտրոնի փոխտնօրեն Ռուբեն Մեհրաբյանը համամիտ էր Հովհաննես Իգիթյանի հետ, քանի որ ասաց, որ հայտարարությունը ցույց է տալիս ամերիկյան կողմի մտահոգությունը, առ այն, որ փաստորեն վերջին 20 տարվա ընթացքում կատարվածն իրավիճակի աննախադեպ սրացում է հայ-ադրբեջանական դիմակայության գծում: Ըստ ամենայնի՝ դրանով ամերիկյան կողմը ցույց է տալիս, որ եկել է ժամանակն ուղղակի գնալու գործնական քայլերի՝ ուղղված կոնֆլիկտի կարգավորմանը:

«Փաստորեն, որ սահմանի զոհերը չլուծված հակամարտության արդյունք են, դրանում կասկած չկա, եթե կարգավորված լիներ կոնֆլիկտը, այդ զոհերը չէին լինի, ինչի մասին էլ խոսում էր Ուորլիքը: Սա «Կարնեգի» կենտրոնում արված առաջարկություններն են, որոնք ինքնին նոր չեն, բայց նորովի են հրապարակվում: Եվ դրանց հիման վրա պրոցեսն առաջ տանելու միտում եմ տեսնում ես այս հայտարարության մեջ, և կարծում եմ, որ սրան պետք է լուրջ վերաբերվել»,– ասաց նա: 

«Այստեղ կարևորն այն է, որ Ռուսաստանն իր մոնոպոլ միջնորդությամբ ցանկանում է փոխարինել Մինսկի խմբի ֆունկցիաները, դրանով իսկ տարածաշրջանում հաստատել և վերահաստատել իր գերակայությունը, դրանով նաև մարտահրավեր է ուղղում Մինսկի խմբի մնացած անդամներին: Ուորլիքի հայտարարությունը նաև արևմտյան հանրության արձագանքն է այդ ամենին»,- ավելացրեց Ռուբեն Մեհրաբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել