Հյուսիսային Իրաքի Շանգալ շրջանի եզդի բնակչությունը կանգնած է հումանիտար աղետի շեմին: Իրեն «Իրաքի ու Լեվանտի իսլամական պետություն» (ISIS) հորջորջող իսլամ ահաբեկչական կազմակերպությունը անցել է եզդի բնակչության զանգվածային տեղահանության եւ փաստացի բնաջնջման: Քրդական ինքնավարության զինված ուժերը՝ Փեշմերգեն կամ չեն կարող կամ չեն ցանկանում պաշտպանել եզդի բնակչությանը: Նոր խոսեցի մեր լավ համաքաղաքացի եւ ընկեր Բորիս Մուրազիի հետ, ով մշտական կապի մեջ է Հս. Իրաքի հետ: Նա պատմում է, որ հարյուր հազարավոր եզդիներ լքել են իրենց բնակավայրերը, իսկ 70.000-ը բարձրացել են Շենգալի սարերը, որտեղ տառապում են ջրի եւ սննդի պակասից: Արդեն հարյուրավոր եզդիներ, այդ թվում կանայք եւ երեխաներ մահանում են սովից եւ ծարավից: Երեկ նաեւ իմացանք, որ շուրջ 500 եզդի կանանց իսլամիստները առեւանգել են: Այս ամենը մեզ ոչինչ չի հիշեցնում? 
Այս խնդիրը ուղղակի առնչություն ունի Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր եզդի քաղաքացիներին, ովքեր չեն կարող անտարբեր դիտել, թե ինչ են անում ահաբեկիչները իրենց հայրենակիցների հետ: Հայաստանի համապատասխան պետական կառույցները պարտավոր են ինչ-որ կերպ արձագանքել այս խնդրին եւ առնվազն դիվանագիտական խողովակներով ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կառույցների ուշադրությունը հրավիրել Հս. Իրաքի եզդի բնակչության օրհասական վիճակի վրա: Էլ չեմ խոսում, որ անհրաժեշտ է ինչ-որ եղանակով մարդասիրական օգնություն ուղարկել այնտեղի եզդիներին: 
Եզդիները Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներն են, հարկատուներ, հարյուրավոր եզդիներ այսօր ծառայում են ՀՀ ազգային բանակում, այդ թվում հայ տղաների կողքին պաշտպանում են մեր պետական սահմանները: Եւ մեր եզդի համաքաղաքացիները իրավունք ունեն ակնկալել մեզնից՝ պետությունից, քաղհասարակությունից, որ գոնե անտարբեր չլինենք իրենց դժբախտության հանդեպ: Կարծում եմ մենք պետք է ցույց տանք, որ եզդի ժողովրդի համար այս ծանր պահին մենք մեր եզդի եղբայրների կողքին ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել