Քանի որ Ադրբեջանի ներկա ու նախկին բնակիչները հնարավություն չունեին դեմ առ դեմ արտահայտելու իրենց տեսակետը մեզ՝ հայերիս, միակ տարբերակը սոցցանցերում արձագանքելն էլ։ Փորձենք դասակարգել նրանց արձագանքները.
1. Անզեն աչքով էլ ու առանց հատուկ տևական մշտադիտարկումների էլ ակնհայտ էր՝ Ադրբեջանի բնակիչների զգալի մասը, անգամ նրանք, ովքեր ունեն օրինակ մի քանի բարձրագույն կրթություն, խիստ ագրեսիվ ու զգացմունքային էին արձագանքում, ինչը դրսևորվում էր հիմնականում հայկական տարբեր սոցցանցային էջեր մուտք գործելով և հայհոյանքներ գրելով՝ անգամ եթե այս կամ էջը բացարձակ Ադրբեջանի ու ռազմական բովանդակության թեմաների հետ առնչություն չուներ։ Այս խումբը մոլեռանդորեն պահանջում էր ոչ միայն Ղարաբաղը, այլև Զանգեզուրը, Սևանը, Երևանը, ինչպես նաև հայ էթնոսի իսպառ ոչնչացում երկրի երեսից։
2. Կային այնպիսի օգտատերեր, որոնք բացեիբաց արտահայտում էին իրենց դժգոհությունը Ադրբեջանի ՊՆ-ից, պահանջում ներկայիս նախարար Զաքիր Հասանովի հրաժարականը, նույնիսկ խոսում սեփական զինված ուժերի արատների և թույլ կողմերի մասին, սակայն նույնիսկ այս խմբին ոչինչ չէր խամգարում մուտք գործել հայկական էջեր և արտահայտել իրենց տեսակետը կրկին հայհոյանքների, Պուշկինի խոսքերի, հայկական բանակի հետ առնչություն չունեցող սպանված զինվորների լուսանկարների ու «մենք հիմա ձեզ կսպանենք, Ղարաբաղը մերն է» սպառնալիքների տեսքով։
3. Օգտատերերի մի խումբ էլ արտահայտում էր իր վախը հայկական բանակի նկատմամբ՝ «մեր զինվորներից միանգամից 8-10 հոգու մի օրում ջարդեցին, բա մեր վերջը ոնց ա լինելու» մեսիջի տեսքով, որն ուղեկցվում էր ադրբեջանական ԶԼՄ-ներին ուղղված «իսկ դուք մեզ ասում էիք հայերը նորմալ բանակ չունեն» հարցադրումով, որն իհարկե անպատասխան է մնալու, քանի որ վերևներիս ուղղորդվող հակահայ քարոզչական թեզերից է։
4. Օգտատերերի մի խումբ տեղադրել էր վերջին օրերին սպանված ադրբեջանցի զինծառայողների լուսանկարները՝ որպես գլխավոր նկար, ռազմահայրենասիրական նյութերով ողողել էր սեփական էջերն ու խմբերը, սակայն դրանք հենց «ֆեյսբուքում պատերազմ գնացողների» խումբն է, որը, ցավոք, մեզ մոտ էլ կա։ Հարկ եղած դեպքում այս ադրբեջանցիներն առնվազն փախչելու են երկրից։ 
5. Օգտատերերի մյուս խումբը՝ հիմնական դրսերում բնակվող ադրբեջանցիներ, խաղաղության ու «պատերազմը փիս բան է» կոչեր էր անում՝ կատարվածում տեսնելով կամ Ռուսաստանի կամ Արևմուտքի անտեսանելի ձեռքը։ Այսպիսի խումբ մեզ մոտ էլ կա։
6. Առանձին խմբով հանդես են գալիս Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդները` հիմնականում թալիշները, լեզգիները, թաթերը, որոնք մյուսների համեմատ առավել ակտիվ են համացանցում։ Նրանք գերազանցապես չեզոքություն էին պահպանում՝ չսատարելով հակամարտության այս կամ այն կողմին։ Իհարկե եղան որոշ բացառություններ, երբ թալիշ օգտատերը հիշեց Արցախյան պատերազմում հայերի դեմ կռված Լենքորանի բրիգադին, բայց դրանք խիստ սակավ էին։ Թալիշների տեսակետն ամբողջացնող ու համեմատաբար ավելի համարձակ իր տեսակետն արտահայտող Աբոսզոդան ադրբեջանական բանակի ու ՊՆ-ի անզորության մասին հոդվածներով հանդես եկավ, որոնք քննարկման թեմա դարձան։
7. Մի խումբ էլ «Ալիևը հեռանա, մենք կռիվ գնանք, Արցախը հետ բերենք» մեսիջն էր առաջ տանում, սակայն այս խումբը ևս գերակա չէր։
8. Մի խումբ էլ հանկարծ հիշել էր, որ իրենք սահմանամերձ գյուղեր ունեն, որ վույ աման գնդակոծվում են հայերի կողմից, իսկ քիչ լարված պայմաններում այդ գյուղերի անունն անգամ չեն հիշի։
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ առաջնագծում լարվածության հետևանքով Ադրբեջանի նախկին ու ներկա բնակիչների մոտ հայատյացությունն իր հերթական դրսևորումներն ունեցավ, երբ ադրբեջանցիները, առանց տրամաբանության ու բանական մոտեցումների, իրենց ատելության քաղցը հագեցնում էին հայհոյանքների ու սպառնալիքների տարափով։ Դա հերթական անգամ, ցավոք, ապացուցում է, որ հարևան երկրի ոչ միայն պետական համակարգի, այլև հասարակության մյուս շերտերի ներկայացուցիչները մեծամասամբ պատրաստ չեն խաղաղ պայմաններում քննարկումների, երկխոսության։ Վերջին հաշվով իրենք էլ չգիտեն ինչ են ուզում, երևի հենց սա է ադրբեջանական հասարակության դժբախտությունը։ Մի կողմից պատերազմ են ուզում, մյուս կողմից զգում են՝ պատրաստ չեն, մի կողմից Ղարաբաղն են ուզում, մյուս կողմից մտածում են ախր ինչի միայն Ղարաբաղը, բա Երևանը, մի կողմից ուզում են Ալիևը գնա, մյուս կողմից՝ իսկ ով գա, որ իրենք վերջապես Ղարաբաղը հետ ստանան։ Մի կողմից չեն վստահում իրենց ՊՆ-ին ու լրատվամիջոցներին, մյուս կողմից՝ չգիտեն այդ դեպքում ում վստահել տեղեկություն ստանալու տեսանկյունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել