Tert.am-ը գրում է.

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը Tert.am-ի հետ զրույցում ի պատասխան հարցի, թե այս պայմաններում, երբ առաջին գծում ծայրահեղ լարված է, որը պետք է լինի ընդդիմության «օրինակելի մոդելը» և որն է այն սահմանը, որ իշխանությունների կողմից միասնական լինելու առաջարկը չվերածվի շանտաժի, ասաց. «Աստված մի արասցե, եթե զարգացումներն ավելի խորանան, մենք բոլորս պետք է պատրաստ լինենք զենքը ձեռքներիս մեր հայրենիքը պաշտպանելու։ Բայց մնացած բոլոր երևույթների մասով կասեմ, որ այստեղ կա նաև որոշակի շանտաժի էլեմենտ, որովհետև իշխանությունն էլ պետք է զերծ մնա այնպիսի քայլերից, ինչպիսիք են օրինակ՝ տրանսպորտի, էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը, կենսաթոշակայինի էս ձևով կիրառումը և այլն։ Այսինքն՝ իշխանությունն էլ իր քայլերով չպետք է հրահրի որոշակի գործողություններ, որոնք կարող են իրավիճակ փոխել։ Կարծում եմ, որ ցանկացած քաղաքականությամբ զբաղվող մարդ այնքան ողջախոհություն կունենա, որ կգիտակցի, թե որտեղ է սահմանը»:


-Ի՞նչ բնորոշում կտաք ներկա իրավիճակին, արդյոք պատերազմի նախերգա՞նք է, թե՞ ինչ-որ լարված իրավիճակ, որն ինչ-ինչ նկատառումներով է՛լ ավելի է լարվում։


-Մի բան ակնհայտ է, որ ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ իրավիճակը երկար շարունակվել չի կարող։ Բնականաբար, ինչ-որ մի օր զարգացումներ լինելու են։ Շատ ցավալի է, որ այս իրավիճակն է, որ մարդիկ են զոհվում, երիտասարդ մարդիկ՝ թե՛ այս և թե՛ այն կողմից: Վերջին մասն ասում եմ՝ վստահ լինելով, որ ոչ ոք իմ հայրենասիրության վրա չի կասկածի:


Բնականաբար, իրավիճակը խորքային պատճառներ ունի, և այսօր չէ, որ պրոբլեմն առկա է։ Ակնհայտ է, որ պատճառներից մեկն այն է, որ մեր իշխանությունները մշտապես զբաղված են եղել միմիայն մեկ նպատակով՝ պահպանել իշխանությունը, իսկ մնացած բոլոր խնդիրները ստորադասվել են։ Բայց Ղարաբաղի հարցը ստորադասել չի կարելի, և հիմա տեղի են ունենում գործողություններ, որոնք շատ մոտ են պատերազմականին: Իսկ երբ ծանր զինատեսակներից գնում է հրթիռակոծություն այս կամ այն կողմ, սա շատ վտանգավոր է և ցանկացած պահի կարող է վերածվել պատերազմի։


-Այսինքն՝ արձանագրենք, որ Դուք ստատուս քվոյի փոփոխությո՞ւն եք սպասում:


-Ընդհանրապես այդ ստատուս քվոն չի կարող անվերջ պահպանվել։ Հիմա, մի բան ևս ակնհայտ է, որ համաշխարհային քաղաքակրթական զարգացումները մեզ համար շատ անբարենպաստ դիրք են ընդունել, քանի այսօր մենք գտնվում ենք մի դաշտում, որտեղ մեր դաշնակից Ռուսաստանի նկատմամբ ողջ քաղաքակիրթ աշխարհը սանկցիաներ է կիրառում։ Սեպտեմբերի 3-ից հետո մենք շատ ծանր վիճակում ենք գտնվում՝ ձգտելով մի միության, որը գոյություն չունի, բայց որի մասին խոսվել է շատ։


Հրաժարվեցինք քաղաքակրթական լուրջ ընտրությունից, և հիմա, երբ սանկցիաներ են կիրառվում Ռուսաստանի նկատմամբ, նաև արդեն ամերիկյան դեսպանատունը պաշտոնապես դիմելով հայկական կողմին՝ իր մոտեցումներն է արտահայտում և փորձում է զերծ պահել այդ մարդկանց՝ Հայաստանի իշխանությունների, ռուսական կապիտալի, ռուսական տնտեսության հետ համագործակցությունից, սա, իրոք, շատ վտանգավոր վիճակ է մեզ համար: Դրան գումարենք այս ռազմական գործողությունները։ Չմոռանանք նաև, որ Ռուսաստանի թեթև ձեռքով Ադրբեջանն է՛լ ավելի է ռազմականորեն հզորացել, որովհետև միայն վերջերս 4 մլրդ դոլարի զենք և զինամթերք ստացավ։ Դա նաև որոշակի թողտվություն է իր մեջ պարունակում, այսինքն՝ եթե զենքը տալիս ես, նաև մի քիչ մատների արանքով ես նայում դրա կիրառմանը։


-Իրենք հակառակն են ասում՝ հայտարարելով, թե զենքը տալիս են, բայց «կնոպկաներն» իրենց ձեռքում են , ինչպես Մինսկի խմբի նախկին համանախագահ Կազիմիրովն ակնարկեց:


-Ցանկացած պարագայում կարող է նման թվացյալ պատկեր լինել, բայց որևէ մեկը չի կարող 100 տոկոսով վստահ լինել, որ կարող է կանխարգելել որևէ երևույթ. ռազմական գործողությունները այս կամ այն զարգացման ընթացքում կարող են խորանալ։ Առաջին հերթին քաղաքակրթական մի կանոն կա, որ կոնֆլիկտի կողմերին չեն զինում: Բայց մեր ռազմավարական դաշնակիցն է զբաղվում նրանով, որ, փաստորեն, զինում են մեր հակառակորդին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել