Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նամակ է հղել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարներին, որում նշել է, որ դաշինքը պետք է վերանայի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ և ուժեղացնի ցանկացած հնարավոր սպառնալիքներին արձագանքելու իր կարողությունները: 
Նշենք, որ ՆԱՏՕ-ն ապրիլին արդեն իսկ դադարեցրել էր Ռուսաստանի հետ բոլոր տեսակի քաղաքացիական և ռազմական համագործակցությունը, սակայն Քեմերոնը կոչ է անում չսահմանափակվել դրանով և ավելի հեռու գնալ: Մասնավորապես, նա կարևորում է արագ արձագանքման ուժերի ընդլայնման անհրաժեշտությունը, որոնցում այժմ հաշվվում է 25000 մարտիկ, ինչպես նաև գտնում է, որ պետք է հանգստացնել այն դաշնակիցներին, ովքեր մտահոգվում են իրենց անվտանգության համար: Պարզ է, որ տվյալ դեպքում խոսքն առաջին հերթին մերձբալթյան երկրների մասին է: 
Այն, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ամենավճռականը տրամադրված է Մեծ Բրիտանիան, այլևս կայացած փաստ է: Բանը հասավ նույնիսկ նրան, որ Նորմանդիայում կայացած Քեմերոն-Պուտին հանդիպումը սկսվեց և ավարտվեց առանց ավանդական ձեռքսեղմման:
Քեմերոնին շտապեց արձագանքել Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորախմբավորման հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը, ով կոչ է արել անդամ պետությունների ղեկավարներին որոշում կայացնել Լեհաստանում ՆԱՏՕ-ի ռազմաբազաների ամրապնդման վերաբերյալ: 
Այսպիսով, Մեծ Բրիտանիան ընդունել է, այսպես ասած, «բազեի» կեցվածք, սակայն միևնույն ժամանակ հայտնվել է, ինչպես ասում են, երկու քարի արանքում: Մի կողմից՝ հրաժարվել այդ կեցվածքից և գնալ Ռուսաստանի հետ լեզու գտնելու տարբերակին՝ նշանակում է արծվից վերածվել թրջված հավի և դաշնակիցների մոտ ձևավորել անբարեհույս գործընկերոջ համբավ, մյուս կողմից՝ առկա կեցվածքը պահպանել շարունակելը կարող է բերել անցանկալի հետևանքների, ընդհուպ միջև Երրորդ համաշխարհային պատերազմը: Իսկ առանց դաշնակիցների ու առաջին հերթին ԱՄՆ-ի դաշնակցության նույնիսկ Մեծ Բրիտանիայի համար որևէ քիչ թե շատ դրական արդյունք երաշխավորված չէ:
Թե ինչպես կարձագանքեն դաշնակիցները բրիտանական կոչերին, պարզ կդառնա օգոստոսի 28-ին, Ուելսում կայանալիք ՆԱՏօ-ի գագաթնաժողովում:
Շարունակելի …

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել