Ըստ ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի, Ուկրաինայի զինված ուժերը այսպես կոչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության դեմ մղվող ռազմական գործողությունների ընթացքում կիրառել են ոչ ավել, ոչ պակաս՝ բալիստիկ հրթիռներ: Ըստ ՆԱՏՕ-ի ներկայացուցչի, այդ տեղեկատվությունը հիմնված է ԱՄՆ հետախուզական ծառայությունների տվյալների վրա:
Պենտագոնի կարծիքով, կիրառվել են «Точка-У» տեսակի «երկիր-երկիր» տիպդասի փոքր հեռավորության բալիստիկ հրթիռներ: Պաշտոնական Կիևն, իհարկե, հերքում է բալիստիկ հրթիռների օգտագործման փաստը, սակայն բարդ է տվյալ դեպքում իրեն հավատալը, առավելևս որ դա հաստատում հենց իր դաշնակիցները:
Այստեղ է, որ ռուսը կասեր՝ «Приехали...»: Պարզ է, որ տասնյակ տարիներ շարունակ Ուկրաինյում վարվել է անհեռատես քաղաքականություն և ժողովուրդը դժգոհելու տեղ առավել քան ուներ: Ակնհայտ է, որ ոչ սոցիալական պայմաններն էին բավարար, ոչ տնտեսությունն էր կարգին վիճակում, ոչ էլ կարելի էր քիչ թե շատ արդարություն ակնկալել: Իսկ Մայդանի, հետո նաև Ղրիմի ճգնաժամի օրերին պարզվեց, որ իրավապահ մարմիններն ու զինված ուժերը ևս ի վիճակի չեն պատշաճ կատարել իրենց պարտականությունները:
Ցավոք, նախկին իշխանությունները ի վիճակի չեղան լուծումներ գտնել ժողովրդին հուզող հարցերին, ինչի արդյունքը եղավ իրենց տապալումը: Սակայն նոր իշխանությունները գերազանցեցին նախկիններին բոլոր առումներով և հասան ընդհուպ մինչև սեփական (իսկ իրենք դոնեցկցիներին համարում են այդպիսին) ժողովրդի դեմ բալիստիկ հրթիռների կիրառմանը:
Ինչպես ասում են՝ մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը...
Ու կգա (եթե արդեն չի եկել) ժամանակ, երբ Յանուկովիչի ժամանակներին երանի են տալու:
Իսկ մինչ այդ՝ «Точка-У» տեսակի բալիստիկ հրթիռները պատմության մեջ չորրորդ անգամ կիրառվում են մարտական պայմաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել