Աշխարհում շուրջ 1 միլիոն հաշվվող եզդի ժողովրդի գոյությունը վտանգված է հենց իր բնօրրանում՝ Հյուսիսային Իրաքում: Առհասարակ, Իրաքում վերջին ամիսներին տիրող իրավիճակն առավել քան տագնապահարույց է, և նույնիսկ այդ պետության հետագա գոյության հարցը խիստ կասկածելի է: Բնական է, որ այդ պայմաններում որևէ մեկի անվտանգությունը երաշխավորված լինել չի կարող: Օգոստոսի 2-ին «Իսլամական հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները լայնածավալ հարձակում էին սկսել եզդիաբնակ Շանգալ մարզի ուղղությամբ, որտեղ գտնվում են նաև եզիդիզմի սրբավայրերը: Եզդիներից կազմված աշխարհազորը կատաղի մարտ է մղել ահաբեկիչների դեմ, սակայն առավոտյան արդեն զինամթերքի սպառման հետեւանքով` մարզի հարավում ինքնապաշտպանական խմբերը ստիպված են եղել նահանջել: Շանգալի հարավային հատվածը այժմ վերահսկվում է ահաբեկիչների կողմից և խաղաղ բնակչությունը հեռանում է լեռներ: Սպանված խաղաղ բնակիչների թիվն անհայտ է: Եզդի առաջնորդները աջակցություն են խնդրել Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությունից, սակայն վերջինս որևէ կերպ չի արձագանքում: Քրդական զինված ուժերը եզդիաբնակ տարածքներից նահանջում են առանց մարտերի և չեն աջակցում եզդի աշխարհազորին: Եզդիները որոշակի դժգոհություն ունեին դեռ Սադդամ Հուսեյնի կառավարման ժամանակ, երբ իրենց չէր բավարարում իրենց ունեցած կարգավիճակը: Սակայն հիմա, ինչպես երևում է, լինել-չլինելու հարց է: Ու այստեղ է, երբ ամենասուր կերպով զգացվում է սեփական պետություն չունենալու հանգամանքը: Եզդիներն այն երբևէ չեն ունեցել, ու այժմ ևս անգամ իրենց բնօրրանում իրենց գոյությունը պահպանելու համար ստիպված են ակնկալել այլոց աջակցությունը: Սա հայերիս համար պիտի լինի պատմության մեծագույն դասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել