Tert.am-ը գրում է.

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը երկօրյա աշխատանքային այցով եղել է Սյունիքում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։ 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ մարզային հանդիպումների առաջին օրը նախարարը Գորիսի քաղաքապետարանում ընդունել է քաղաքացիներին: Մարդիկ ներկայացրել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման վերաբերյալ նախարարը հանձնարարականներ է տվել նախարարության աշխատակիցներին: Քաղաքացիների խնդիրները, բացի արդարադատության ոլորտին առնչվողներից, վերաբերել են նաև բնակտարածքների օգտագործմանը, վարկերի ժամանակին մարմանը և ՀՀ արդարադատության նախարարության լիազորություններից դուրս այլ հարցերի: Ներկայացված մյուս բոլոր խնդիրները նախարար Հովհաննես Մանուկյանը քննարկել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ՝ փորձելով գտնել լուծման ուղիներ: 

Նախարարի հաջորդ այցը ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ն էր, որտեղ, պայմաններին ծանոթանալուց հետո, նախարարը հանձնարարականներ է տվել հիմնարկի պետին և այցելել Սյունիքի մարզի առաջնորդարան: 

Հայր Մակարի հետ քննարկվել են մարզի հոգևոր առանձնահատկությունները: Սրբազանը նախարարին տեղեկացրել է, որ մարզում նախընտրում են նոր եկեղեցիներ կառուցելու փոխարեն վերականգնել չգործող վանքերն ու եկեղեցիները: Առաջնորդարանում նախարարը պատմել է Գորիսի բժշկական կենտրոնում ապաքինվող փոքրիկ Արսենի մոր նամակի մասին: Նամակը նախարարն ստացել էր մարզ մեկնելուց առաջ, որտեղ ասվում էր, որ փոքրիկ Արսենն ունի հենաշարժական խնդիրներ և մայրը նշել էր, որ երեխան հեծանիվ է ուզում: Սրբազանի հետ այցելելով հիվանդանոց՝  Հովհաննես Մանուկյանը բոլորին մաղթել է շուտափույթ ապաքինում, իսկ Սրբազանը օրհնել է փոքրիկներին: 

Օգոստոսի 3-ին Սյունիքի մարզպետարանում նախարարն ընդունել է մարզի ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներին և դատարանի ներկայացուցիչներին: Մանրամասն քննարկելով աշխատակիցներին հուզող հարցերը՝ նախարարը խոստացել է դրանք ուսումնասիրել: Մարզային գործընկերները հիմնականում բողոքել են շենքային պայմաններից, գույքի և տեխնիկայի մաշվածությունից: Այս հարցերի շուրջ նախարարը առանձնազրույց է ունեցել մարզպետի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղում ուսումնասիրել խնդիրները և հնարավորինս նպաստել լուծմանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել