Tert.am-ը գրում է.

ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն, Արցախյան պատերազմի մասնակից Վարդան Դևրիկյանն ու երգիչ, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում են ադրբեջանական զինուժի դիվերսիոն վերջին դեպքերին մեր զինվորների պահվածքին, նման դիվերսիաների հասարակական ընկալումներին: Եվ իբրև արցախյան պատերազմի բովով անցած մտավորականներ՝ ներկայացրին նման դեպքերի շուրջ հասարակության տրամադրությունների պայմանական ասած «օրինակելի մոդել»:

Ոչ ոք դիրք չի թողելու. գործում է մեր ժողովրդի հավաքական բնազդը, ափսոս, որ դա ամեն անգամ թուրքն է մեզ «բացատրում»

Ադրբեջանի կողմից պատրաստված դիվերսիոն խմբավորումներին մեր պատասխան գործողություններում զոհված և վիրավորված զինվորների գործած սխրանքների մասին Պաշտպանության նախարարության հաղորդագրություններն ընթերցելիս գրականագետի սիրտն ամեն անգամ լցվում է ու նա չի հոգնում մեր ժողովրդի կենսունակության վրա զարմանալուց:

«Հունվարին մեր դիրքապահ զինվորը՝ Արմեն Հովհաննիսյանը, որ զոհվեց, այն ժամանակ ասացի, որ իրապես ինչ ուժ է պետք նման հերոսության համար: Այսինքն՝ մեր ժողովրդի հավաքական բնազդն ի մի է գալիս ու գործում: Ու, հիշո՞ւմ եք, շատերը ժամանակին ասում էին, որ 18-20 տարեկան են, կրակոց լինի, զենքը վայր կդնեն և այլն: Եվ միշտ ասել եմ՝ նման անհեթեթություններ մի ասեք, ոչ ոք դիրք չի թողելու»,– ասաց նա:

Վարդան Դևրիկյանը նաև նշեց, որ մեր մոտ «հոգեբանորեն չի ընկալվում դիրք թողնելն ու նման բաները: «Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ այդ ընդհարումները չլինեին, բայց ամեն դեպքում այդ ամենն ապացուցեց, որ մեր ժողովրդին հնարավոր չէ ծնկի բերել»,- ասաց նա ու ափսոսանք հայտնեց.«Ուղղակի ափսոս է, որ ամեն անգամ մեզ թուրքն է դաս տալիս (դասը սերտել տալիս – tert.am), մենք չեն կարողանում ինքներս մեզ դաս տալ, էլի: Եվ ցավալին այն է, որ կարճ ժամանակահատվածում այդ բոլորը էլի մոռանում ենք:

Դավիթ Ամալյանը ևս վերջին իրադարձությունների լրահոսից երկու հիմնական եզրահանգման է եկել. առաջին՝ մեր բանակի զորեղ է և երկրորդ՝ դրանից կա ներքին ոգևորություն:

«Ասեմ, որ դիվերսիաների մասին այս հաղորդագրությունները ահավոր վատ զգացողություններ են առաջացնում կորուստների առումով, բայց ներքին ոգևորություն կա նրանից, որ մեր բանակի ուժեղությունն ակնհայտ է: Եվ նաև՝ մեր հասարակության ու ժողովրդի պատրաստակամությունը»,- ասաց նա:

ՀՀ զինված ուժերը ոչ միայն ռազմատեխնիկական խնդիր են լուծում, այլև արտաքին քաղաքականություն են ապահովում. դիվերսիաների դասը

Վարդան Դևրիկյանը կարծում է, որ այս պայմաններում, երբ «որոշակի արտաքին քաղաքական ազդակներ կան մեր երկրին վախեցնելու», ինչ-որ բաներ, պարտադրելու, մեր բանակը այսօր ոչ միայն ռազմատեխնիկական խնդիրներ է լուծում, այլ մեր երկրի արտաքին քաղաքականությունն է ապահովում: Վարդան Դևրիկյանի ձևակերպմամբ ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերություններում, այլ ողջ երկբևեռ աշխարհում:

Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական խնդիրներին, ապա Վարդան Դևրիկյանի հայացքով՝ հայկական երկու պետականությունների այսօրվա մամենամեծ նվաճումն այն է, որ մեր զորակոչիկները, այսինքն՝ կանոնավոր բանակը, բոլոր խնդիրները լուծում է:

Այս համատեքստում, անդրադառնալով համընդհանուր զորակոչի հետ կապված սոցցանցային կոչերին, Վարդան Դևրիկյան հիշեցրեց, որ Զինված ուժերը, տիրապետելով ներքին ինֆորմացիային, ռազմատեխնիկական բնույթի հարց են լուծում: Այսինքն՝ բանակի դիրքային համալրումը, պատկերավոր ասած, բնապահպանական հարց չէ, որ «գնան նայեն՝ Սևանի մակարդակն ինչքան է, անտառի մակարդակն՝ ինչքան»:

Ինչ վերաբերում է խնդրին, որ սահման գնալու կոչեր են հնչում, ապա նա նկատեց, որ նման դիրքային համալրման խնդիր չի եղել: Բայց, եթե լինի, ապա մի գրամ էլ չի կասկածում, որ կգնա՛ն:

«Աստված մի արասցե, եթե այդ խնդիրը դրվեց, բոլորն անվերապահորեն կգան: Ասել եմ՝ էլի եմ ասում, մանավանդ, որ վերացական բան չի, պատերազմը մեր դռանը չոքած է: Բոլոր էն մարդիկ, որոնք ասում են, որ երկրորդ անգամ չեն գնա, նրանք ուրեմն առաջին անգամ էլ չեն գնացել, որովհետև այն ուժը, որն առաջին անգամ մարդկանց տարել է, երկրորդ անգամ էլ կտանի, երրորդ անգամ էլ կտանի, որքան էլ հասարակությունից անտեսված լինեն, արհամարհված լինեն, դժբախտ լինեն ու հաշմանդամ»,- ասաց Վարդան Դևրիկյանը:

Դրական դինամիկա հասարակական հոգեբանական ընկալումներում թշնամու կերպարի հետ կապված

Վարդան Դևրիկյանը Քարվաճառում տեղի ունեցած հետախուզադիվերսիոն ներթափանցման դեպքից մինչև վերջինները, դրանց հասարակական ընկալումներում հոգեբանական առումով դրական դինամիկա է արձանագրել:
«Սա մեծ առաջընթաց է: Սկզբում մի տեսակ թերահավատության բան կար, անգամ քամահրանք, որ ի՞նչ է, միթե՞ էսպիսի չաղ դիվերսանտ է լինում, չգիտեմ ինչ: Սա մեզ մոտ հոգեբանական մի բան է, որի մասին իմ ասուլիսներում, էլի եմ ասել. մենք բանակը նույնացնում ենք իշխանությունների հետ և մտածում ենք, որ բանակի հաջողությունը կամ դրականը, դա իշխանության դրականն է: Բայց այս վերջին դեպքերից հետո, երբ արդեն պարզ դարձավ, որ ամեն հայ, Հայաստանի ամեն մի քաղաքացի է Ադրբեջանի թիրախը ու կրակոցները ուղղված են ՀՀ քաղաքացիների, ոչ թե իշխանության կամ այսինչ կուսակցության դեմ, շեշտադրումները որոշակիորեն փոխվել են: Եվ ես գտնում եմ, որ ավելի լավ է՝ ազգային-հայրենասիրական ծայրահեղ տրամադրություններ լինեն, քան նիհիլիստական, դավաճանական, կեղծ իրավապաշտպանական»,- ասաց գրականագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել