Մի քանի անգամ փորձեցի շարադրել գրառմանս նախաբանը, բայց հասկացա, որ դա ավելորդ է, ու որոշեցի միանգամից անցնել բուն թեմային։  Ի՞նչ վիճակում է այսօր մշակութային կյանքը Երևանում և ընդհանրապես` Հայաստանում։ Ինքս, որպես Հայաստանի քաղաքացի, արվեստով ու մշակույթով հետաքրքրվող ու դրան որոշ չափով մոտ կանգնած մարդ, այսօր չեմ տեսնում ոչ մի ակտիվություն այդ ոլորտում։ Չէ, այնպես չէ, որ այն ամբողջությամբ բացակայում է, բայց դե վիճակը լավ էլ չէ։ Տարին մի քանի անգամ համերգ են կազմակերպում ու այդքանով սահմանափակվում։ Մի՞թե այսքանով է սահմանափակվում երբեմնի մշակույթը։ 
  Գուցե ասածս «շաբլոն» հնչի, բայց պետք է ասեմ։ Հիմա հայկական մշակույթն ու արվեստը հիմնված է շոու-բիզնեսի վրա և իրենից ներկայացնում է միայն կեղծիք։ Հա, ես ճիշտ եմ ասում։ Ով ում ավելի շատ քծնի, նա էլ ավելի առաջ կգնա. դա բոլորը գիտեն։ Չեմ ուզում խոսել ո՛չ մատուցվող երաժշտության, ո՛չ էլ սերիալների մասին, արդեն ծեծված թեմա են դրանք։ Կասեմ միայն մի բան. ոչ թե մատուցում են այն, ինչի պահանջարկը կա, այլ հանրությունը հետևում է նրան, ինչ մատուցում են։ Եթե ամեն ինչ մատուցվի պատշաճ որակով, հանրությունը կհետևի դրան, գումարած` կնկատվի պրոգրես։ Հնարավոր է` ասածս հարաբերական թվա, բայց բոլորդ էլ շատ լավ հասկանում եք, թե ինչ նկատի ունեմ դա ասելով։ Եվ հետո, այս կյանքում ամեն ինչն է հարաբերական։  
  Ինչպես արդեն նշեցի, որակով միջոցառումներ այսօր շատ քիչ են կազպակերպվում, իսկ եթե կազմակերպվում է, ապա ոչ բոլորն են կարողանում մասնակից լինել դրան, այն հասանելի չի լինում բնակչության մի ստվար զանգվածի։ Շատ կցանկանայի ինքս էլ նպաստել նման մշակութային միջոցառումներ կազմակերպելուն, բայց, ցավոք, փորձս դեռ չի հերիքում նման աշխատանքով զբաղվելու համար։ Իսկ երիտասարդներին ես միայն մի խնդրանք ունեմ. ԱԿՏԻՎ ԵՂԵՔ։ Ով էլ ինչ ասի, ինչքան էլ իշխանությունն ու կառավարությունը չիրականացնեն մեր տխուր ժողովրդի սպասելիքները, պետք է հասկանաք, որ դուք եք մեր երկրի ապագան ու գուցե ոչ ամեն ինչ, բայց շատ բաներ ձեզից են կախված։ Փորձեք դուրս գալ այդ անիծված շրջանակներից, ավելի լայնացրեք ձեր մտահորիզոնը, կրեատիվ` հնարամիտ եղեք, օգտագործեք ձեր բոլոր մտավոր ունակություններն ու հնարավորությունները։ Կոպիտ եմ ասելու, բայց պետք է ասեմ. մի մտածեք միայն դիպլոմը օժիտ տանելու կամ պապայի ծանոթության միջոցով աշխատանքի տեղավորվելու մասին։ Լավ, դա մի կողմ։ Բայց մտածեք. ինչ լավ կլինի, եթե հասարակական միջոցառումներ հաճախ կազմակերպվեն։ Չե՞ք ուրախանա, երբ դուք էլ ձեր լուման ունենաք դրանցում, ձեզ մի աստիճան բարձր չե՞ք զգա։ Ախր հիմա ամեն հնարավորություն էլ առկա է։ Բավական է ֆեյսբուքով մի ՙՙիվենթ՚՚ տարածել, ու գործը պատրաստ է։ Միայն գաղափար ու ցանկություն է հարկավոր։ Ասենք`ունեք երաժիշտ ընկերներ. Կարող եք փոքրիկ, կարճատև համերգ կազմակերպել հենց փողոցում։ Եթե ցանկությունը մեծ լինի, բոլոր մանրուքները շատ էլ լավ կդասավորեք։ Կամ եթե լավ նկարում եք, կարող եք ցուցադրություն կազմակերպել, թեկուզ թղթի վրա սև մատիտով արված էսքիզներ լինեն։ Բավականին Հաճելի կլինի, երբ անցորդները կանգնեն, ուսումնասիրեն ու գնահատեն ձեր աշխատանքները։ Կարելի է անհամար նման օրինակներ մտածել։ Միայն թե հույս մի ունեցեք, թե նմանատիպ միջոցառումներ մշակույթի նախարարությունը կկազմակերպի։ Փորձեք ինքներդ կազմակերպել, գունավորել և՛ ձեր, և՛ ձեր շրջապատի կյանքը։ Փորձեք ինքներդ ստեղծել գեղեցիկի չափանիշն ու մատուցել այն հասարակությանը… կամաց-կամաց…

  Թե չէ թողնես միայն դարավոր մշակույթից կխոսեն։ Բայց ոչ մի լուրջ քայլ չեն ձեռնարկում այն պահելու ու մատուցելու համար… Ցավով եմ ասում։  Բայց գիտե՞ք ինչ. ես ուզում եմ լինել նրանցից, ովքեր կկարողանան գոնե մի փոքրիկ փոփոխություն կատարել դեպի լավը։ Դա իմ նպատակներից մեկն է, և ես ամեն ինչ անելում եմ այն իրականացնելու համար։ Արդեն ուսանող եմ, ավելի շատ հնարավորություններ կստեղծվեն, ես էլ ավելի մեծ փորձ ու ծանոթություն կունենամ մշակութային միջոցառումներ կազմակերպելու համար։  Կա՞ն կամավորներ, ովքեր կկարողանան ինձ օգնել ։)…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել