Սահմանային վերջին սադրիչ միջադեպերի մեր անգին կորուստներն ափսոս կլինեն, եթե չսթափվենք ազգովի և, մեր մտքի անսպառ պոտենցյալն օգտագործելով, անխոցելի պետություն ստեղծելու ճամփան չբռնենք, մոտավորապես՝ ինչպես Իսրայելն է, միայն թե՝ ավելի լավը: (Սա պետք է ռմբահարող ազդակ լինի մեր «պատասխանատուներին» ու ամենքիս. չեմ հասկանում, ուղտի ականջում ինչքա՞ն պիտի քնած մնանք, մի՞թե այդպես հաճելի է: ) Եվ ամենաառաջնայինը՝ գիտության օր առաջ մոբիլիզացումն է, մեր հանճարեղ մտքի ի մի բերումը՝ նոր որակի ենթակառուցվածքներ ստեղծելու համար, համեմատաբար ինքնաբավ տնտեսությամբ վերազինվելն է՝ զորքի թիկունքն ամրապնդելու, ժողովրդին բարիքով ապահովելու համար, վարվող դիվանագիտության որակն արմատապես վերանայելն է՝ սահմանին ձեռք բերածը հիմնավոր փաստերով անվախ ամրագրելու և ազգայի՛ն շահերին հետամուտ լինելու համար: Եվ սա ընդամենը նշանակում է՝ հարգա՛նք սեփական ուժերի նկատմամբ: Այլապես ահագնացող աշխարհաքաղաքական հարաբերությունների խաչմերուկում, երբ աշխարհն արդեն գլոբալ նոր վերաբաժանումների խմորումներում է, սրա-նրա կողմը բռնելը մեզ պարզապես կդարձնի վեցնոց և, հարկ եղածին, զոհաբերման առարկա, եթե դեռ այդպիսին չենք: ( Դրել հայ-ռուսական, հայ-եվրոպական, հայ-ամերիկյան ու չգիտեմ էլ հայ-ինչական բարեկամություն ենք լացում, ուշքի՛ էկեք, արա՛, մենք բարեկամներ չունենք: ) Մեր ճկունությունը միշտ եղել է, կա և կլինի ազգային շահերին խիստ կերպով հետևելը, որը մինչ օրս չարաչար կերպով բաց ենք թողել. ամո՜թ մեզ ու մեր պետական կաղ ինստիտուտներին, էլ ու՞մ են պետք մեր ուղեղները:
Այս արևի տակ մեզ միայն մի ճշմարիտ ուղի կա՝ մեր հույսը՝ մեզ վրա, մնացած բոլորը անհույս մոլորություններ են: Հետևաբար մեզ անհապաղ ազատվել է պետք ողորմելի ներքին ստրուկի կապանքներից, ավելորդ վախերից, ցեղասպանվածի հոգեբանական բարդույթներից և մեր ներքին խանգարող օրհասական խնդիրներից: Մենք պահանջատեր ենք և՛ ներսում, և՛ դրսում, ազգ ու հայրենիքի, ժողովրդի ու հազարամյակներով կոփված արժեքների՛ տեր ենք, ո՛չ թե խաղալիք, գրողը տանի: Բա՛վ է թշնամու, ուրիշի ջրաղացին ջուր լցնելը, անկամ ու ծախու լինելը, մեզ անհրաժեշտը մենք կարո՛ղ ենք ստեղծել. վերջապես ե՞րբ դա կդիպչի բոլորի թասիբին:

Հավատա՛ անկոտրում ուժերիդ, աշխարհ շրջող բացառիկ տաղանդիդ, ազգային միասնության զորությանդ ու ամենաբարի Աստծուդ, և դու անպա՛րտ ու հարուստ կլինես, Հա՛յ ժողովուրդ:

Հ.Գ. Ասածս ուտոպիայի ժանրից չէ. ուտոպիան՝ անհավանականը, իր ամենավատ բնորոշմամբ՝ ներկայի՛ս վիճակն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել