Շարունակելով Գանձասարի թեման, պիտի հիշեցնեմ. Գանձասարի տաճարի արևմտյան ճակատին մի շքեղ մանրաքանդակ խաչապատկեր կա` Քրիստոսի պատկերաքանդակով: Տաճարն օծվել է 1240 թվականի հուլիսի 22-ին, կիրակի, Վարդավառի տոնին, այսինքն` Տիրոջ Պայծառակերպության օրը և, ըստ ամենայնի, հենց այդ նկատի ունենալով են տաճարի գլխավոր ճակատը զարդարել Հիսուսի զարդաքանդակ պատկերով: Սակայն ընդամենը 20 տարի անց տաճարի կից կառուցվել է գավիթը և այդ շքեղ պատկերաքանդակը անտեսանելի է դարձել վանքի բակից: Նման օրինակներ շատ կան միջնադարյան մեր վանքերում, երբ խնամքով կատարված զարդաքանդակները և նույնիսկ արձանագրությունները կցակառույցների պատճառով անտեսանելի են դարձվել` թաքցվել են մահկանացուներիս աչքից: Ինչու՞... Իհարկե կառուցողները նախապես գիտեին, որ այդպես է լինելու, չի երևալու, սակայն, այնուամենայնիվ, արել են... Ինչու՞... Որովհետև Նրանք հավատում էին, որ Աստծո ամենատես աչքը, միևնույն է, միշտ տեսնելու է... Եթե մենք էլ Նրանց պես մի քիչ Հավատ ունենայինք, կհավատայինք, որ Վերևից ամեն ինչ երևում է, ամեն ինչ տեսնվում է և պատրաստ պիտի լինել այդ ամենի համար պատասխան տալ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել