Այսօր տրամադրություն չունե՞ք և այլևս չե՞ք կարողանում դիմադրել ամռան տապին: Մի՛ ընկճվեք: Վերցրեք հեռախոսը և զանգահարեք Ձեր ընկերներին: Երեկոյան հրավիրեք նրանց Ձեր տուն ու մի լավ զվարճացեք: Մի երկու բաժակ ալկոհոլային կոկտեյլ, հաճելի շփում ընկերների հետ, ուրախ երգ ու պար, և հոգսերը հօդս  կցնդեն: Դե ինչ, Դուք կարող եք սեփական ձեռքերով պատրաստել երեկույթի կոկտեյլները: Միայն թե չչարաշահեք դրանց օգտագործումը: Ինչպես ասում են. «Մի թասը լավ է, երկուսը բավ է, երրորդը ցավ է»:

«Tinto de verano» (Ամառային կարմիր գինի)


Բաղադրատարրերը՝ կարմիր գինի, գազով ջուր կամ լիմոնադ, մի կտոր կիտրոն, մացիսի   թերթիկներ, աստղակերպ անիսոն (բադիան) 

Պատրաստման եղանակը՝սառույցով լի բաժակի մեջ դանդաղորեն լցրեք գինին և գազով ջուրը: Ավելացրեք կիտրոնը և զարդարեք ըմպելիքը մացիսի թերթիկներով ու աստղակերպ անիսոնով:

Այս ըմպելիքը շատ հայտնի է Իսպանիայում: Ինչպես կարելի է կռահել դրա անունից, այն հիմնականում մատուցվում է ամռանը: Որոշ դեպքերում դրան ավելացվում է նաև ռոմ:

Ալասկայի սառը թեյ

Բաղադրատարրերը՝ 20 մլ ջին, 20 մլ օղի, 20 մլ սպիտակ ռոմ, 40 մլ օշարակ, 7UP, մեկ լայմի մզվածք և փիփերթի ծաղիկներ:   

Պատրաստման եղանակը՝ խառնեք երեք ոգելից խմիչնքները և ավելացրեք փիփերթի մի քանի ծաղիկ: Թրմեք այս ամենը մոտ 6 րոպե: Վերցրեք այսպես կոչված «Հայբոլ» տեսակի բաժակ, մեջը լցրեք սառույց և ստացված խառնուրդը լցրեք սառույցի վրա: Ավելացրեք օշարակը, լայմի մզվածքը և մի լավ խառնեք: Վերջում լցրեք 7UP և զարդարեք կոկտեյլը փիփերթի ծաղիկով:  

Սպիտակ սանգրիա

Բաղադրատարրերը՝ երկու խնձոր, երկու դեղձ, մեկ լիտր սպիտակ գինի, մեկ լիտր նարնջի հյութ,  կես լիտր կավա (գազով գինի),  200 գրամ շաքարավազ, մի քիչ կասիա,  մի թեյի գդալ վանիլ և մշկընկույզ:

Պատրաստման եղանակը՝ գինին և հյութը լցրեք մեկ թասի մեջ և ավելացրեք կտրատված միրգը: Այս ամենի վրա քերեք կասիա և ավելացրեք վանիլ ու մանրեցված մշկընկույզ: Վերջում ավելացրեք շաքարավազ և մի լավ խառնեք ստացված զանգվածը: Ծածկեք թասը և մի քանի ժամով սառնարան դրեք այն: Մատուցելուց անմիջապես առաջ ավելացրեք սառը կավա:

Ամառային վերմուտ

Բաղադրատարրերը՝ կարմիր վերմուտ, կիտրոնի գազավորված հյութ, կասիա, մի կտոր լայմ և նարնջի չորացրած կեղև:    

Պատրաստման եղանակը՝ բաժակի մեջ սառույցի երկու խորանարդ գցեք, լցրեք վերմուտը և կիտրոնի հյութը, քերեք կասիան և քերուկն ավելացրեք կոկտեյլի մեջ: Վերջում ձևավորեք կոկտեյլը լայմով և նարնջի կեղևով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել