2014-ի հունվար-հունիսին Հայաստան են ժամանել 495967 զբոսաշրջիկներ կամ անցյալ տարվա նույն ժամանակհատվածի համեմատ 17,3 տոկոսով ավելի: Այս մասին տեղեկացնում է Հայստանի ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ նույն աղբյուրի, Հայստանից զբոսաշրջության նպատակով արտերկիր են մեկնել 474989 մարդ, որն անցյալ տարվա նույն ժամանահատվածի համեմատ ավելի է 14,8 տոկոսով:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստան էին այցելել 947 հազար զբոսաշրջիկ, եւ եթե աճի ներկայիս տեմպը պահպանվի, ապա տարեկան արդյունքներով Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2014-ին կմոտենա 1,2 մլն-ի:
Ավելացնենք, որ համաձայն ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության, զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր` ոչ պակաս, քան 24 ժամ եւ ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Ընդ որում, այս մեթոդաբանությամբ զբոսաշրջիկ համարվողները կարող են հանգրվանել ինչպես հյուրանոցներում համ հյուրանոցատիպ այլ հանգրվաններում, այնպես էլ բարեկամների, հարազատների տանը, վարձով բնակարանում եւ այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել