Վեց տարի առաջ, երբ Մատենադարանի բարձունքից կազմակերպչական ձև տրվեց համաժողովրդական շարժմանն ու ստեղծվեց Հայ Ազգային Կոնգրեսը՝ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ տարիներ հետո ՀԱԿ-ն ասոցացվելու է շարքային մի կուսակցության հետ, որն այսօր այնքան է արժեզրկվել ու դիմազրկվել, որ նմանվել է հարուստ հաճախորդից խափված ու ՙՙչայեվոյը՚՚ չստացած մատուցողի:
ՀԱԿ-ի անունն ուղղակիորեն ասոցացվում է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
Իսկ առաջին նախագահը մեր նորագույն պատմության ամենաֆենոմենալ գործիչն է՝ բարձունք նավաճելու, միևնույն ժամանակ՝ տխուր ժառանգություն թողելու իմաստով:
ՙՙՊապին՚՚, ինչպես կոչում էինք նրան, Երրորդ հանրապետության միակ գործիչն է, ով երկու անգամ արժանացել է համաժողովրդական բուռն աջակցության՝ 1988-ին ու քսան տարի անց՝ 2008-ին: Երկու անգամ էլ նա ունեցել է որոշակի հաջողություններ:
88-ի շարժումը հանգեցրեց Հայաստանի անկախությանը, նոր իշխանության ձևավորմանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:
Քսան տարի անց՝ Տեր-Պետրոսյանն իշխանության չեկավ, բայց առնվազն երեք տարի, իր թիմի հետ միասին, կարողանում էր քաղաքական օրակարգ թելադրել:
Այս ամենը խոսում է Տեր-Պետրոսյանի բացառիկ քաղաքական տաղանդի մասին:
Բայց երկու անգամ էլ Տեր-Պետրոսյանը հեռանում է՝ իրենից հետո ավերակներ թողնելով:
1998-ին, նա այս ժողովրդին ՙՙժառանգություն՚՚ թողեց ՙՙղարաբաղյան՚՚ կլանին, որին տաս տարի հետո ՙՙմեծարեց՚՚ ՙՙավազակապետություն՚՚ բառով:
Երբ 2013թ-ին Տեր-Պետրոսյանը չառաջադրվեց նախագահական ընտրություններում, պարզ էր, որ եկել է առաջին նախագահի վերջնական թոշակ գնալու ժամանակը:
...Նա դարձյալ հեռանում է՝ ավերակներ թողելով. իր ՙՙսիրած՚՚ ՙՙավազակապետությունը՚՚ տեղում է , դրան գումարվել է նաև այդ ՙՙավազակապետության՚՚ դեմ ՙՙհերոսաբար մարտնչող՚՚ լյովիկների բանակը:
Կանցնի ևս մի քանի տարի, ու ոչ ոք չի հիշի, որ օգոստոսի 1-ը ՀԱԿ-ի ծննդյան օրն է, որովհետև ՀԱԿ-ի մասին հիշող էլ չի լինի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել