«Չգիտես՝ ինչու Հյուսիսային պողոտայի համար թե՛ դեղին մամուլից, թե՛ տարբեր անձանց կողմից որոշակի ցեխ են լցնում այդ հրաշալի ծրագրի վրա… Հյուսիսային պողոտայում ներդրումային ծավալը ֆինանսական առումով կազմում է մոտ հինգ միլիոն դոլար...»,- ասում է Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը (hraparak.am):

Այսօրվա մեր վիճակն ինձ Բագրատունյաց թագավորության կործանման ժամանակներն է հիշեցնում: Այն ժամանակ էլ անուշադրության, եթե չասենք մոռացության էր մատնված ողջ երկիրը և բոլորի հոգածության կենտրոնում նրա մայրաքաղաք Անին էր...

Երկրիս կառավարիչները այդպես էլ չհասան այն գիտակցմանը, որ ՄԱՅՐ-քաղաքն առաջին հերթին պարտավոր է մտածել իր «զավակների»՝ երկրի բոլոր բնակավայրերի մասին, սիրասուն մոր պես հոգ տանել ու խնամել նրանց բնակիչներին: Երևանի պարագայում ավելին է. Երևանը համայն հայության սիրտն ու հոգին պիտի լիներ, և այդ սրտի բաբախումներն են, որ պիտի համակարգեին ու ներդաշնակեին հայության գործունեությունը, իսկ Երևան-Հոգուց տարածվող թրթռանքները պիտի ազգիս հոգևոր-մշակութային կյանքի ռիթմերը տանեին ու հասցնեին ամեն հայ հոգու:

Դժբախտաբար, այսօր հակառակ պատկերին ենք ականատես: Երևանը նման է իրեն գլամուրային աստղ երևակայող մի պառաված պոռնիկի, ով իր կյանքը պատկերացնում է միայն վայելքների ու խրախճանքների մեջ, ով «հաճախորդներին» ավելի գրավիչ երևալու նպատակով ձեռքն ընկած գումարները ծախսում է միայն իրեն զարդարելու վրա: 

Պոռնիկ զարդարող մեր կառավարիչները վերջապես պիտի հասկանան, որ Հայաստանն այսօր գտնվում է պատերազմական վիճակում և տասնյակ կամ հարյուրավոր միլիոնները, որոնք ծախսվում են հյուսիսային պողոտաներ վերանորոգելու, հեծանվահրապարակներ ու գեղասահքի դպրոցներ կառուցելու, կենտրոնը տարաբնույթ ու անպետք անճաշակություններով զարդարելու և այլ, մեծ կարևորություն չունեցող, շատ անգամ անիմաստ ու հիմար ծրագրերի վրա, հարկ է որ ծախսվեն հազարապատիկ ավելի կարևոր, երկրի պաշտպանունակության ու սահմանների անանցանելիության, սահմանամերձ գոտու բնակչության անվտանգության աստիճանի բարձրացման ու նրանց կյանքի համար անհրաժեշտ նվազագույն պայմանների ստեղծման վրա: 

Ըմբռնո՞ւմ են արդյոք մեր գերագույն հրամանատարները, որ այսօր հազարապատիկ ավելի կարևոր է ռազմական առումով ստրատեգիական նշանակություն ունեցող, դեպի սահմանամերձ գոտիները տանող քարուքանդ ավտոճանապարհների վերանորոգումը, քան Երևանի կենտրոնի փողոցների երկու տարին մեկ նորացումը կամ հենց այս՝ Հյուսիսային պողոտա կոչվածի նորոգումն ու նման ծրագրերի իրագործումը: 

Եթե մեր մայրաքաղաքի կառավարիչներն անգամ համարում են, որ իրենք, ի պաշտոնե պարտավոր են մտածել միայն Երևանի և նրա քաղաքացիների մասին, ապա այստեղ էլ բազում հարցեր են առաջանում: Երևանը, երբեմնի աշխատավոր քաղաքից վերածվել է մակաբուծության բուծարան-կենտրոնի, որտեղ կարևորված են միայն ցոփությունն ու շվայտությունը, ուտել-խմելներն ու քեֆ-ուրախությունները: Իսկ մեր քաղաքապետարանը, իր ծրագրերով, իր գործողություններով, փոխանակ բոլոր միջոցներն ուղղի քաղաքում տիրող այս անառողջ մթնոլորտի վերացմանը, կարծես ամեն կերպ նպաստում է դրա զորացմանն ու բարգավաճմանը: Այդ անիմաստ ծախսվող տասնյակ միլիոնները ինչո՞ւ չեն ուղղվում ազգաբնակչության, հատկապես երիտասարդության համար կայուն աշխատատեղեր ստեղծելուն, նրանց անբանությունից կտրելուն, կյանքն առավել իմաստավորված դարձնելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել