Հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Գործողության արդյունքում զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ:
Ցավալին այն է, որ վերջին շրջանում նմանատիպ լրատվությունը դառնում է հաճախակի՝ սովորական դառնալով պատերազմից խուսափող մեր հասարակության համար:
ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունը, թերևս, զգում է պատերազմի վերսկման վտանգը եւ հուսահատ քայլեր է ձեռնարկում՝ վիճակը վերահսկողության տակ պահելու համար:
Համանախագահները կարծում են, որ լարվածությունը կարող է էապես լիցքաթափվել, եթե առաջիկայում երկու նախագահների հանդիպում կազմակերպվի: Եթե միջնորդները չունեն կարգավորման գործընթացն առաջ տանելու բովանդակային լուծումներ, ապա ստիպված են գործի դնել ստանդարտ մոտեցումները՝ գոնե պատերազմի վերսկսումը կանխելու համար:
Անկեղծ ասած՝ ես չեմ կանխատեսում, որ Սարգսյան-Ալիև հանդիպումները բովանդակային առումով ինչ-որ բան են տալու կարգավորմանը:
Երկու նախագահներն էլ պատրաստ չեն կարգավորմանը՝ տարբեր պատճառներով ու նաև արտաքին ու ներքին գործոններով կաշկանդված:
Ուկրաինական իրադարձությունները, ռուս-ադրբեջանական նշմարվող գործարքը Ալիևին հույսեր են ներշնչում, որ գուցե հնարավոր է պատերազմի միջոցով խնդիրներ լուծել, մանավանդ որ համաշխարհային ուժային կենտրոնները ռեսուրսներ չունեն զբաղվելու բազում «թեժ կետերով»:
Երևանում էլ հասկանում են ռուս-ադրբեջանական գործարքի հնարավոր հետևանքները ու այդ համատեքստում պետք է դիտել նախագահ Սարգսյանի լատինամերիկյան հայտարարությունը, նաև ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի այն պնդումը, որ Ստեփանակերտը դեմ է Մադրիդյան սկզբունքներին:
Մի խոսքով, երկու կողմերը հոգեբանորեն պատրաստվում են պատերազմին, որից մինչև լայնածավալ ռազմական գործողություններ մեկ քայլ է:
Հուսանք, որ այդ մեկ քայլը կկանխվի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել