Դե ինչ, հայեր ջան, «աչքներս լույս», վաղվանից մեր էլեկտրաէներգիայի հաշվիչները կաշխատեն ավելի թանկարժեք պտույտներով, ավելի շատ գումար կլցնեն իշխանության գրպանը: Իսկ պատճառն այն է, որ երբ հուլիսի 1-ին Ռոբերտ Նազարյանի ՀԾԿՀ-ը փափուկ աթոռների վրա որոշում էր կործանիչ հարված հասցնել հայերի գրպանին, այնտեղ մի երեք հարյուր հոգի էր կանգնած ըմբոստանում այդ որոշման դեմ, հետո հուլիսի 18-ին, երբ ընդդիմադիր դարձած ՕԵԿ-ը հանրահավաք էր հրավիրում, շատերը ամեն ինչ անում էին, որ մարդ չգնա այդ հանրահավաքին...

Վաղը նույնպես երթ է լինելու «Ոչ թալանին» խորագրով, սակայն համոզված եմ, որ դա նույնպես ոչ մի արդյունք չի տա (Աստված տա` սխալվեմ):
Իսկ պատճառը պարզ է` մարդիկ անտարբեր են դարձել ամեն ինչի նկատմամբ:

Այդ պատճառով դիմում եմ իշխանություններին. գոնե մեկ լավ բան արեք այս ժողովրդի համար: Թանկացրեք հոսանքը ոչ թե 10, այլ 100 տոկոսով, գազը` ևս 150 տոկոսով, տրանսպորտի սակագինը դարձրեք 500 դրամ, ջրի և քաղաքային հեռախոսի սակագինը հնգապատկեք, պարենային ապրանքների գները, շնորհիվ ձեր ունեցած մոնոպոլիաների, տասնապատկեք, իշխանության հասցեին վատ բան ասողներին 100 մտրակի հարված նշանակեք, հեռացրեք երիկամները... 
Միգուցե դրանից հետո հայ մարդը կարթնանա և պայքարի ոչ միայն իր ԵՍ-ի, այլ իր և մնացածի իրավունքների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել