Tert.am-ը գրում է.

Սևանա լճի հանրային լողափերի առկայությունն անգամ չի լուծում լճի ափերը սեփականաշնորհած կամ վարձակալած և գումարներ պահանջող «տերերից» խուսափելու խնդիրը։ Հատկապես հանգստյան օրերին Սևանում իրենց հանգիստը կազմակերպած մարդիկ այնքան շատ են, որ փոքր տարածք զբաղեցնող հանրային լողափերն ի վիճակի չեն բոլորին տեղավորել, և մարդիկ ստիպված գնում են մասնավոր լողափեր և վճարում պահանջվելիք գումարն ըստ առաջարկությունների՝ ուղղակի տարածք մուտք գործելու իրավունք՝ սկսած 1000 դրամից, տաղավար՝ սկսած 5000 դրամից, վագոն-տնակ՝ 10 000-ից 20 000 դրամ։ Վճարովի տարածքները, սակայն, աչքի չեն ընկնում մաքրությամբ և հենց վագոն-տնակների շուրջ թափված աղբակույտի մեջ կարելի է տեսնել կեր հայթայթող ճայերի և նրանցով հիացող մարդկանց։

Բնապահպան Սիլվա Ադամյանը Tert.am-ի հետ զրույցում այն պայմանավորեց սխալ կառավարմամբ և նկատեց, թե բոլոր երկրներում էլ կան և՛ հանրային, և՛ վճարովի լողափեր, բայց երկու տեղերում էլ չես տեսնի այն, ինչ մեզ մոտ է։ Նա սեփական օրինակը բերեց, երբ Ֆիլիպիններում վճարովի լողափ է այցելել ու զարմացել սպասարկումից ՝և՛ ցածր գներից, և՛ մաքրությունից։ «Գնացեք ոչ այդքան զարգացող երկիր՝ Ֆիլիպիններ և տեսեք իրենց վճարովի լողափերը ոնց են պահում, այսինքն՝ այնտեղ դու ոչինչ չես տեսնի, որը քեզ կհիշեցնի աղբի, կեղտի և այլ բաների մասին։ Եթե նրանք գումար են վերցնում, ուրեմն դա վերցնում եմ լավ սերվիսի համար ու գումարն էլ այդքան մեծ չէ, ինչքան մեզ մոտ։ Մեզ մոտ գումարներն ահավոր են»,- նշեց նա և խոսեց արդեն Սևանում առաջարկվող հանգստավայրերից։

«Նախ այդ մարդիկ, որ գալիս են, գումար են վերցնում, ինչի՞ հիման վրա են վերցնում, ո՞վքեր են իրենք, ո՞նց են սեփականաշնորհել, թե ամեն մարդ ինքնագլուխ վերցրել է տարածքն ու ինչ-որ մի մաս իրանով արել, որքա՞ն է պետությանը գումար վճարում, ոչ ոք դրանով չի զբաղվում, ի վերջո, Սևանը ազգային հարստություն է և այդպես մասնատել, տալ ինչ-որ անձերի... Պարզ է, որ այնտեղ կանգնում է միայն գումար հավաքելու, մարդկանցից փող շորթելու համար։ Եթե նույնիսկ պետք է լինեն նման լողափեր, ապա պետք է լինեն իդեալական վիճակում, որովհետև ի տարբերություն մեր քաղաքացիների, տուրիստները շատ են բողոքում, որ լողափերը վատ վիճակում են՝ կեղտոտ են, զուգարանները սարսափելի վիճակում են կամ ընդհանրապես չկան, աղբը նորմալ չի հավաքվում, ավազի մեջ ինչ զիբիլ ասես կա, սա նորմալ չի, և կառավարման խնդիր է, որ պատկան մարմինները, որոնք պետք է զբաղվեն այդ խնդրով, ուղղակի չեն զբաղում»,- ներկայացրեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել