ԼՂՀ ՊԲ-ում ծառայելու ժամանակ Արցախի թերթերից մեկում կարդացի մի տեսակետ, որը կտրուկ փոխեց վերաբերմունքս «Ղարաբաղ» անվան հանդեպ: Ինչպես հայտնի է, այս բառը թարգմանվում է իբրեւ ղարա (թուրքերեն՝ սեւ)+բաղ (պարսկերեն՝ այգի)= սեւ այգի: Բայց մի պահ թուրքական լոբբինգի ազդեցությունից դուրս գանք ու փորձենք հասկանալ, թե ինչ կապ ունեն սեւ այգիները Արցախի հետ: Նախ՝ Արցախում եղած ցանկացած ոք կարող է փաստել, որ այս տարածքը հարթավայրերով ու այգիներով աչքի չի ընկնում (խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, որը կազմում է Ղարաբաղ կոչվող տարածաշրջանի մեծ մասը), էլ չենք խոսում սեւ բառի մասին, որն ուղղակի զարմանալի է թվում այս պարագայում: Ուրեմն ի՞նչ է նշանակում Ղարաբաղ. Մեծ Հայքի Արցախ նահանգը, որը սահմանակից էր Սյունիք նահանգին, երբեմն կոչվել է Փոքր Սյունիք, իսկ Սյունիքի կենտրոնը երկար ժամանակ եղել է Բաղաբերդ ամրոցը: Ղարաբաղը ոչ այլ ինչ է, քան Բաղաբերդի կիսաձեւափոխված, կիսաթարգմանված տարբերակը: Արցախի քարտեզի վրա դժվար է գտնել մի տեղ, որտեղ չկա բերդ, ամրոց, պաշտպանական շինություն: «Ղարա» բառն իրականում նույն «ղալա»-ն է, որը նշանակում է բերդ, ժամանակի ընթացքում լ-ն հնչյունափոխվել է ր-ի, ինչը լեզվում տարածված երեւույթ է: Այն, որ իրական արմատը հենց «ղալա»-ն է, փաստվում է մի քանի օրինակներով. Մարտունու շրջանում կա Բերդաշեն անուն գյուղ, որը ադրբեջանցիները կոչում էին Կ(Ղ)արաքենդ: Եվ այս անունը նույնական էր հայերեն անվան հետ ու չէր նշանակում «սեւ շեն»: Ավելին՝ գյուղն իր անունը ստացել է հարեւանությամբ գտնվող ամրոցից՝ Աղջկաբերդից, որը թուրքերեն կոչվել է Ղզղալա (ղըզ-աղջիկ+ղալա-բերդ): Ինչպես երեւում է, այս դեպքում պահպանվել է «ղալա» տարբերակը: Նույնը Բերդաձորի դեպքում, որը թուրքերը Ղարաղշլաղ էին կոչում: Դժվար է մտածել, որ Ղարաբուլաղ նշանակում է սեւ աղբյուր, այնինչ կա հայկական շատ հայտնի տեղանուն՝ Ակնաբերդ կամ Բերդակն: Օրինակները շատ են: Դե իսկ «բաղ» արմատի վերաբերյալ երկու բան կարելի է ասել. ըստ մի տարբերակի՝ սա նույն «փակ»-ն է՝ նույնպես հնչյունափոխված: Բաղաբերդը գտնվում է Կապանի ու Քաջարանի միջեւ. նույն Կապանի անվանումը, ըստ մի տարբերակի, նույնպես առաջացել է «փակ» բառից, քանի որ քաղաքը շրջափակված է լեռնաշղթաներով: Սակայն մեկ այլ տարբերակով «կապան» նշանակում է հանգույց՝ այստեղ են միացել միջնադարյան լեռնային կարեւորագույն մի շարք ճանապարհներ: Բաղաբերդի տարբերակում նույնպես թվում է, թե «բաղ» նշանակում է «կապ» (կապ-ղափ (Ղափան)-ղաբ-բաղ): Այսինքն՝ Բաղաբերդ=Կապաբերդ (ավանդույթն ասում է, որ Բաղաբերդը պարանով կապված է եղել իր դիմաց` Ողջի գետի աջ կողմում բարձրացող ժայռի մեջ գտնվող մեկ այլ բերդի հետ: Այստեղ գտնվել է մի հսկայական դուռ, որը պարանով ձգվելով, փակել է կիրճով անցնող ճանապարհը): Կարճ ասած՝ մենք՝ հայերս, Ղարաբաղ տերմինից խորշելու պատճառ, իմ կարծիքով, չունենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել