Փրանաբեշ Դասն իր լուսանկարներում պատկերում է Բանգլադեշի գյուղական միջավայրի անմեղ մարդկանց և բնապատկերները: Նրա լուսանկարներն աչքի են ընկնում իրենց վառ գույներով, շատ պարզ են և ավելորդ խորհրդավորությամբ չեն ծանրաբեռնում դիտողներին: Դրանք մանկության քաղցր հուշեր են արթնացնում: Եթե Դուք էլ եք ցանկանում մտովի վերադառնալ մանկության գիրկը, դիտեք այս լուսանկարների շարքը:

-Մի քանի խոսքով պատմեք Ձեր մասին:

-Ես ծնվել եմ Բանգլադեշում: Լուսանկարչությամբ սկսել եմ զբաղվել 2006 թ.-ին: Հետագայում լուսանկարչական դասընթաց եմ անցել Հարավասիական մեդիակադեմիայում: Ներկայումս աշխատում եմ իբրև ինժեներ՝ համակարգչային տեխնոլոգիաների ընկերությունում:

-Ինչու՞ եք ընտրել դիմանկարչությունն ու փողոցային լուսանկարչությունը:

-Ես այնպիսի վայրում եմ ծնվել, որտեղ տեսել եմ, թե ինչպես են մարդիկ կենաց-մահու պայքար մղում մրրիկների ու հեղեղների դեմ: Ես տեսել եմ, թե ինչպես են նրանք ինքնուրույն պայքարում բնական արհավիրքների դեմ: Այս մարդիկ իմ կյանքի հերոսներն են: Ես հիշում եմ նրանց իմ կյանքի դժվարին ժամանակներում դժվարությունները հաղթահարելու համար, և դա օգնում է ինձ: Լուսանկարչությամբ զբաղվելուց հետո ես հասկացա, որ միայն մարդիկ են ինձ ապշեցնում, և ես միայն մարդկանց լուսանկարելուց եմ մեծ բավականություն ստանում: Իմ մանկությունը հսկայական ազդեցություն ունի իմ կյանքի վրա: Թերևս հենց դա է պատճառը, որ ես որոշեցի զբաղվել լուսանկարչությամբ:

-Մանկության ի՞նչ հիշողություններով կցանկանաք կիսվել մեզ հետ:

-Ես ծնվել եմ մի գյուղում, որը Հաորի ափին էր: Դրա մի մասում գետ էր հոսում, իսկ մյուս մասում Հաորն էր, որը  նույնքան մեծ էր երևում, որքան  ծովը: Որքան էլ հեռուները հառեիր աչքերդ, միևնույնն է, միայն ջուր կարող էիր տեսնել: Ես իմ մանկությունն անցկացրել եմ այդ ջրի մեջ ցատկելով ու լողալով և Հաորում ձկնորսությամբ զբաղվելով: Երբ հիմա մտածում եմ այդ մասին, ես համարում եմ, որ երջանիկ մարդ եմ, որ մանկությանս տարիներն անցել են այդ գյուղում: Միջավայրը, ցեխը և Հաորի ջրերն են ինձ սովորեցրել սիրել մարդկանց:   

-Ի՞նչն է ոգեշնչում Ձեզ:

-Իմ գյուղի աշխատասեր մարդիկ մեծ ազդեցություն են գործում իմ կյանքի յուրաքանչյուր ասպարեզի վրա: Հենց նրանք են ոգեշնչում ինձ:

-Ի՞նչ կասեք սկսնակ լուսանկարիչներին:

-Ես կարծում եմ, որ բոլորը պետք է աշխատեն այնպես, ինչպես իրենց դուր է գալիս: Ավելի կարևոր է կարողանալ ինքդ քեզ զարմացնել, քան ուրիշներին: Ես կարծում եմ, որ նախևառաջ մարդ հենց դրան պետք է փորձի հասնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել