Դուք տեսնում եք աշխարհը, փորձում նոր բաներ, հանդիպում նոր մարդկանց, սիրահարվում, այցելում հրաշալի վայրեր, սովորում այլ մշակույթների մասին: Մարդիկ միշտ խոսում են հեռանալու մասին, սակայն ի՞նչ կասեք վերադարձի մասին: Երբ մենք արդեն հեռանում ենք ու հաստատվում նոր վայրում, մենք խոսում ենք դժվարությունների մասին. աշխատանք ու իսկական ընկերներ գտնել, ապահով մնալ, սովորել սոցիալական նորմերը, վստահել անվստահելի մարդկանց... Այնուամենայնիվ, այս բոլորը բաներ են, որոնք ընթացքում հաղթահարվում են: Այս բոլոր դժվարությունները ջնջվում են, երբ Դուք բարձունքներ եք նվաճում: Հրաժեշտի պահը դժվար է, սակայն Դուք գիտակցում եք, որ այն անխուսափելի է հատկապես այն ժամանակ, երբ գնում եք տունդարձի տոմսերը: Հրաժեշտ տալով Ձեր օտարերկյա մտերիմներին՝ Դուք թախծում եք, սակայն այդ թախիծն անցնում է, երբ կրկին միավորվում եք Ձեր ընտանիքի անդամների և ընկերների հետ:

Հետո Դուք վերադառնում եք տուն, հանդիպում այն մարդկանց, ում կարոտել էիք, առաջին երկու շաբաթն անցկացնում ընտանիքի անդամների ու ընկերների հետ, տեղեկանում տեղի անցուդարձին, պատմում ճանապարհորդական պատմություններ, վերհիշում անցածը: Առաջին մի քանի շաբաթը շատ հետաքրքիր ու հիանալի են անցնում: Իսկ հետո ողջ հետաքրքրությունը կորում է: Բոլորը սովորում են Ձեր ներկայությանը և Դուք դադարում եք աստղ լինելուց: Սկսում է հարցերի տարափը. «Դեռ աշխատանք չունե՞ս», «Ի՞նչ ծրագրեր ունես», «Ինչ-որ մեկի հետ հանդիպո՞ւմ ես»:

image - Flickr / Corie Howell

Տխուրն այն է, որ մի տարվա բացակայությունից հետո այս ու այն հարազատին այցելելուց հետո Դուք նստում եք Ձեր մանկության ննջարանում և գիտակցում, որ ոչինչ չի փոխվել: Դուք ուրախ եք, որ բոլորը երջանիկ ու առողջ են, և որ մարդիկ նոր աշխատանք, նոր ընկեր են գտել, նշանվել են և այլն, սակայն քո ներքին ձայնը շարունակ հնչում է. «Մի՞թե չեք հասկանում, թե ես որքան եմ փոխվել»: Փոփոխությունը կապված չէ մազերի, հագուստի կամ արտաքինի հետ կապված որևէ այլ բանի հետ: Ինչ-որ բան փոխվել է Ձեր գլխում: Ձեր երազանքներն են փոխվել: Դուք այժմ այլ կերպ եք ընկալելու մարդկանց: Դուք ազատվել եք որոշ անպետք սովորություններից, կան նոր բաներ, որոնք կարևոր են Ձեզ համար: Դուք ցանկանում եք, որպեսզի բոլորը նկատեն այս փոփոխությունները և սկսեն քննարկել դրանք, սակայն ոչ մի կերպ հնարավոր չէ նկարագրել, թե ինչպես է Ձեր ոգին զարգանում, երբ հետևում եք թողնում ամեն ինչ և ստիպում ինքներդ Ձեզ գործնականում կիրառել Ձեր ուղեղը: Դուք գիտեք, որ այլ կերպ եք մտածում, քանի որ Դուք զգում եք դա ամեն օր ու ամեն վայրկյան, սակայն ինչպե՞ս կարող եք հայտնել դա ուրիշներին:

Դուք զայրացած ու մոլորված եք զգում Ձեզ: Որոշ պահերի Դուք զգում եք, որ չարժեր այդ երկար ճանապարհը կտրել, քանի որ ոչինչ չի փոխվել, սակայն այլ պահերի էլ մտածում եք, որ այդ ճանապարհորդությունը միակ արժեքավոր բանն էր, քանի որ այն փոխեց ամեն ինչ: Ճանապարհորդությունից վերադառնալով՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Դուք սովորել եք ինչ-որ օտար լեզու, որին Ձեր շրջապատում ոչ ոք չի տիրապետում, ուստի Դուք չգիտեք, թե ինչ կերպ նրանց հետ կիսվեք Ձեր իրական զգացողություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել