Հարց

«Ես աշխատում եմ գյուղատնտեսական կազմակերպությունում, որտեղ արտադրում ենք գյուղմթերք, ինչպես նաև զբաղվում ենք անասնապահությամբ:
Անասունները առվույտի դաշտում արածացնելու ժամանակ տեղի է ունեցել բնական աղետ (կարկուտ, անձրև), այդ ժամանակ անասունները չեն ենթարկվում մեր անասնապաներին, արածելով խոտը՝ փքվում և անկում են: Տնօրենը հաշվապահին հրամայել է կազմել արձանագրություն, ինչպես նաև անասնապաներին (որոնք նյութական պատասխանատվություն չեն կրում) փոխհատուցել բալանսային արժեքը:
Հարցս հետևյալն է`
1. Արդյո՞ք տնօրենը իրավասու է նման հրաման տալու,
2. Հաշվապահը կատարելով տնօրենի հրամանը՝ բողոքարկելու ժամանակ պատասխանատվություն կրելո՞ւ է
3.Հաշվապահը ո՞ր օրենքներով և ի՞նչ օրենսդրույթներով կարող է առաջնորդվել
4. Տնօրենի հրամանը աշխատանքային օրենսգրքի կամ քաղաքացիական օրենսգրքի խախտո՞ւմ է, թե ոչ

Պատասխան 

Բարձրացված հարցին լիարժեք պատասխանելու համար անհրաժեշտ է ծանոթանալ աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտին (աշխատանքային պայմանագրին): Ստորև կներկայացնենք նյութական պատասխանատվության առաջացման դեպքերը, պատասխանատվության սահմանները, լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր կնքելու դեպքերը:

 

Նյութական պատասխանատվությունն առաջանում է այն դեպքում, երբ աշխատանքային պայմանագրի կողմը (գործատուն կամ աշխատողը), չկատարելով կամ ոչ պատշաճ կատարելով իր պարտականությունները, վնաս է պատճառում մյուս կողմին: Նյութական պատասխանատվություն առաջանում է հետևյալ բոլոր պայմանների առկայության դեպքում՝

1) պատճառված է վնաս.

2) վնասը պատճառվել է անօրինական գործունեության հետևանքով.

3) առկա է պատճառական կապ անօրինական գործունեության և վնասի առաջացման միջև.

4) առկա է խախտողի մեղքը.

5) խախտում թույլ տված և տուժած կողմերն իրավունքների խախտման պահին եղել են աշխատանքային հարաբերությունների մեջ.

6) վնասի առաջացումը կապված է աշխատանքային գործունեության հետ:

Աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնասը, որն առաջացել է`

1) գործատուի գույքը փչացնելու կամ կորցնելու հետևանքով.

2) նյութերի գերծախս թույլ տալու հետևանքով.

3) աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիս այլ անձանց պատճառված վնասը գործատուի կողմից հատուցելու դեպքերում.

4) գործատուին պատկանող գույքը փչացնելու պատճառով կատարված ծախսերից.

5) նյութական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետևանքով.

6)անորակ արտադրանքի թողարկումը կանխելու համար դիտավորյալ կերպով միջոցառումներ չձեռնարկելու, նյութական կամ դրամական արժեքները հափշտակելու հետևանքով:

Աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած վնասը լրիվ ծավալով, բայց ոչ ավելի նրա երեք ամսվա միջին աշխատավարձի չափից, բացառությամբ, եթե`

1) վնասը պատճառվել է դիտավորությամբ.

2) վնասը պատճառվել է աշխատողի հանցավոր գործունեության հետևանքով.

3) աշխատողի հետ կնքվել էր լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր.

4) վնասը պատճառվել է աշխատանքի համար նրան տրված անհրաժեշտ գործիքների, սարքավորումների, հատուկ հագուստի և անհատական ու կոլեկտիվ պաշտպանության այլ միջոցների, ինչպես նաև նյութերի, կիսաֆաբրիկատների կամ արտադրանքի կորստի հետևանքով.

5) վնասը պատճառվել է այնպիսի եղանակով կամ այնպիսի գույքի, որի դեպքում օրենքով սահմանված է լիակատար գույքային պատասխանատվություն.

6) վնասը պատճառվել է ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ:

Այս դեպքերում աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած վնասը լրիվ ծավալով:

Լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր կարող է կնքվել այն աշխատողների հետ, որոնց աշխատանքն անմիջականորեն կապված է նյութական արժեքների պահպանության, ընդունման, դուրսգրման, առուվաճառքի, տեղափոխման կամ օգտագործման հետ: Լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիրը կնքվում է գրավոր: Պայմանագրում նշվում են նյութական այն արժեքները, որոնց համար աշխատողը ստանձնում է լիակատար նյութական պատասխանատվություն, ինչպես նաև գործատուի պարտավորությունները` վնասների կանխումը ապահովող պայմանների վերաբերյալ: Լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր չի կարող կնքվել մինչև տասնութ տարեկան աշխատողների հետ:

Հատուցման ենթակա վնասը ներառում է իրական վնասը և բաց թողնված օգուտը: Վնասներն են իրավունքը խախտված անձի այն ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար` նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

ՀՀ փաստաբանների պալատի

երիտասարդական խորհուրդ 

Բարձրացված խնդրի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:


Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել [email protected] հասցեին կամ BlogNews-ի  ֆեյսբուքյան էջին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել