Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին ասել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան` քննարկելու տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները: Տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումները բավական բուռն էին, որոնք եվրասիական աշխարհաքաղաքական տարածությունում ուժերի բալանսի փոփոխման նախադրյալներ են առաջացրել: Այս առումով, Իրանը, որը ռեգիոնալ գերտերություն է և հիմա միջազգային ասպարեզում իր վրայից ինչ-որ չափով «մաքրել» է «չարիքի առանցք»-ի էպիտետը, փորձելու է ավելի ծանրակշիռ դարձնել սեփական դերն այդ գործընթացներում: Դրա համար պետք է գտնել ինչ-որ պլատֆորմներ, ձևեր, որոնք նոր հնարավորություններ կբացեն ռեգիոնալ և գլոբալ տիրույթում: Հայաստանն Իրանի համար բնական դաշնակից է, որով հակակշիռ է ստեղծվում հարավկովկասյան տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության նկատմամբ: Իրանը մեզ համար ունի ինչպես զսպիչ (Թուրքիա), այնպես էլ խթանիչ (տնտեսություն) նշանակություն, իսկ Հայաստանն էլ նրա համար կարևոր է նաև նավթի ու գազի տարանցման համար, քանի որ Ադրբեջանը, որը նույնպես նավթի ու գազի պաշարներ ունի, ձեռնտու չէ, իսկ Թուրքիան էլ մրցակցային երկիր է, հետևաբար՝ Հայաստանն ամենից հարմար ճանապարհն է, հատկապես, որ Ռուսաստանը հիմա ոչ միայն զինում է սեփական դաշնակցի թշնամուն, այլև Հայաստանի համար եվրաասոցացումից զրկվելու գին արժեցած ԵԱՏՄ-ին անդամակցության խոչընդոտներ է հարուցում անհասկանալի պատճառներով: Բնականաբար, Իրանի համար կարևոր է օգտվել այս հարմար առիթից, նաև քանի դեռ Ռուսաստանի և Արևմուտքի ուշադրությունը բևեռված է ուկրաինական ճգնաժամի վրա: Պետք է կարողանալ այս ընթացքում հնարավորինս մեծացնել սեփական քաղաքական-տնտեսական կարևորությունը բոլոր հնարավոր հարթակներում ու ձևերով: Այսպիսով, Հայաստանի հետ նավթագազային պայմանավորվածության ձեռքբերումն Իրանի համար կնշանակի տարածաշրջանային դերակատարեւոթյան բարձրացում առնվազն երեք առումով՝

1. ՌԴ-ից ՀՀ-ի կախվածության նվազում, հետևաբար՝ սեփական դերակատարության մեծացում,

2. Էներգառեսուրսների տարանցման ևս մեկ ճանապարհի հնարավորություն,

3. Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման հնարավորություն, քանի որ Թեհրանը սկսում է ընկալվել Մոսկվային հակակշիռ և աշխարհաքաղաքական (Հայաստանի նկատմամբ ռուսական ազդեցության թուլացում) և աշխարհատնտեսական (նավթ ու գազի մատակարարման լրացուցիչ կամ այլընտրանքային ճանապարհ) առումներով: Միևնույն ժամանակ, հազիվ թե Ռոուհանին հայերին համոզի, որ պետք չէ միանալ ԵԱՏՄ-ին, որովհետև դեռևս Արևմուտքի հետ նրա հարաբերությունները հեռու են գործընկերայինից, մանավանդ վերջին հանդիպման ժամանակ որևէ առաջընթաց կամ կոնսենսուս չապահովվեց: Մյուս կողմից էլ, ավելի հեշտ է հարաբերվել ոչ հստակ խաղի կանոններով ԵԱՏՄ անդամի, քան շատ ստրուկտուրիզացված եվրասոցացման անդամի հետ: Իրանի նախագահի համար կարևոր է մինչև եվրասիականին Հայաստանի անդամակցելը որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեն վերոնշյալ հարցերում, որպեսզի դրանց առնչությամբ Ռուսաստանի հետ հնարավորինս քիչ գործ ունենա: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Իրանի հետ հարաբերությունների խորացումը շատ կարևոր է մարտավարական առնվազն երկու ասպեկով՝

1. Արտաքին լեգիտիմացում. սա ենթադրում է՝

ա. Արևմուտքի համար Հարավային Կովկասում ռուսական քաղաքական, տնտեսական ազդեցության հակակշռման գործոնի ընկալում,

բ. Հայաստանի գոյապահպանական շահի իրացման ընդունում, որ Իրանը մեզ համար անհրաժեշտ երկիր է, որի հետ չենք կարող չունենալ խորը հարաբերություններ,

գ. Իրանական անկանխատեսելիության ու փակության մասին պատկերացումների կրճատում Հայաստանի շնորհիվ:

2.Ազգային կենսական շահերի իրացման հնարավորություն՝

ա. Մեկ կենտրոնից (Ռուսաստան) էներգետիկ կախվածության զսպում,

բ. Ադրբեջանի զսպման այլընտրանքային աղբյուր, Ադրբեջանին իրանական ճնշման թիրախավորում, այդ երկրի թալիշներին Թեհրանի կողմից աջակցությունների խրախուսում,

գ. Տնտեսության կարևորագույն ճյուղերի դիվերսիֆիկացում, սոցիալական քաղաքականության կենսագործման հնարավորություն նավթի ու գազի սակագների նվազման շնորհիվ: Հայաստանը կարող է գրեթե մեկուսացած Իրանի համար լավ հենարան լինել արտաքին աշխարհի հետ հարաբերվելու առումով, իսկ վերջինս էլ Հայաստանի համար նոր կենսական ու կարևոր շահերի սահմանման և արդեն գոյություն ունեցողների վերաիմաստավորման կենտրոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել