Որոտանի ՀԷԿ-ի վաճառքն ամերիկացիներին բավական հասարակական-քաղաքական ուշադրություն բևեռեց իր վրա, այն որակվեց մութ գործարքից մինչև արտաքին ճնշման հետևանքային քաղաքատնտեսական գործընթաց: Շատերը համարեցին, որ դրա գործարքի չկայացումը պայմանավորված է ռուսական ճնշումներով: Այս հարցերի պատասխանը փորձեց տալ Հովիկ Աբրահամյանը, ով հայտարարեց, որ «որևէ ճնշում կամ ազդեցություն չկա: Լուրեր են շրջանառվում նաև, որ գործարքն ուզում ենք անվավեր համարել և օտարել ռուսական որևէ կազմակերպության: Եթե այն անվավեր լինի, քանի դեռ վարչապետ եմ, դեմ եմ լինելու Որոտանի ՀԷԿ-ը որևէ այլ երկրի գործարարին օտարելուն: Իրենք (ամերիկացիները) կտան կարծիք. եթե կհամաձայնեն՝ լավ, եթե ոչ՝ գործարքը չի կայանա և չենք օտարի Որոտանի ՀԷԿ-ը»: Փաստացի նա արձանագրում է, որ ՀՀ-ի համար առաջնայինը ԱՄՆ-ի հետ գործարքի մեջ մտնելն է, և Որոտան ՀԷԿ-ը կվաճառվի միայն նրանց՝ հասկացնելով, որ Ռուսաստանի հետ գործարքը գրեթե բացառվում է: Բայց, մյուս կողմից էլ, նախապատվությունը տալով ամերիկացիներին, նա, այնուամենայնիվ, ուղղակիորեն չի բացառում Ռուսաստանի հետ գործարքի հնարավորությունը՝ մրցակցության պահպանման տպավորություն ստեղծելու նպատակով, այսինքն՝ եթե ԱՄՆ-ը չհամաձայնի ՀՀ պահանջներին, ապա չի բացառվում, որ այն կվաճառվի Ռուսաստանին: Երևանն ակնհայտորեն շտապեցնում է Վաշինգտոնին, որպեսզի վերջինս մինչև տարեվերջ (մինչև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ժամկետը) որոշում կայացնի, ինչը Հայաստանին ինչ-որ շահեկանություն կտա այդ տնտեսական տարածություն մտնելիս: Գուցե սա նրա պատասխանն է Մոսկվայի որդեգրած քաղաքականությանը, որն այդպես էլ չի շտապում Հայաստանի հարցում և գործընկերոջը կանգնեցրել է բարդ աշխարհաքաղաքական շահերի խաչաձևումների արանքում՝ առանց բևեռային որևէ հենարանի, իսկ խաչաձևվող շահը, ըստ հայտնի քաղաքագետ Դալի, ամենակոնֆլիկտայիններից է, որը չունի կոնսենսուսի եզրեր: Հիմա պետք է այդ հենարանը վաստակել ԱՄՆ-ի համակրանքը շահելու միջոցով՝ տալով նրան Հայաստանում հզոր տնտեսական պատվար, որը կարող է լիբերալիզմի սեպեր խրել ռուսական տնտեսական տոտալիտարիզմի զնդանում: Սակայն, հայտարարելով, թե եթե ամերիկացիները չեն համաձայնի կառավարության առաջարկած պայմաններին, ապա գործարք չի լինի, փորձ է արվում բարձրացնել Հայաստանի ինքնիշխանությունը, իբրև թե՝ ցանկացած դեպքում ՀՀ շահը պետք է լինի հավասար առաջնայնության: Սա ինքնիշխանությունը գրեթե կորցրած ու հեղինակության հսկայական անկում արձանագրած պետության ռեակցիոն վարքաբանություն է, երբ այլևս նահաջելը կարող է իշխանության կորուստ արժենալ: Երևանում էլ հասկանում են, որ Որոտանի ՀԷԿ-ը ռազմավարական վերջին օղակն է, որով կարելի է ինչ-որ մանևրի դաշտ բացել գերտերությունների միջև, և դրա կորուստը կնշանակի լիակատար կապիտուլյացիա, դրա համար էլ վարչապետը հստակորեն նախապատվությունը տվեց ԱՄՆ-ին՝ հույս ունենալով, որ վերջինս կփրկի Հայաստանի դեմքը ստեղծված բարդ քաղաքական իրավիճակում: Գուցե այդ դեպքում հնարավոր լինի այդ խաչաձևվող շահերի մեջ ինչ-որ սուբյեկտային կարգավիճակ ունենալ՝ նվազեցնելով հնարավոր կորուստները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել